Հա

Ազգային

29/09/2019 - 15:17

Անվտանգութեան գօտի. Անկարայի բախտախաղը Սիրիայում

ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձրաձայնեց Սիրիայի հիւսիսային շրջաններում «անվտանգութեան գօտի» ձեւաւորելու անհրաժեշտութեան մասին:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶՐԱԵԱՆ

 

ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձրաձայնեց Սիրիայի հիւսիսային շրջաններում «անվտանգութեան գօտի» ձեւաւորելու անհրաժեշտութեան մասին:

ԱՄՆ-ի հետ համաձայնեցւած այս նախագիծը, ըստ Էրդողանի, հնարաւորութիւն կընձեռի շուրջ 2 միլիոն սիրիացի փախստականի՝ վերադառնալու իրենց հայրենիքը, եւ բնակւել թուրք-ամերիկեան վերահսկողութեան տակ գտնւող անվտանգ տարածքներում: Թուրքիայի նախագահի պնդմամբ, եթէ այդ անվտանգութեան գօտին ընդլայնւի, հասնելով մինչեւ Դեր Զոր եւ Ռաքքա, ապա 3 միլիոն սիրիացի փախստական հնարաւորութիւն կունենան վերադառնալու հայրենիք:

Հետաքրքիր է այն փաստը, որ Թայիփ Էրդողանի ներկայացարած նախագիծը բացայայտում է Սիրիայի հարցով Թուրքիայի քաղաքականութեան մէջ առկայ հակասութիւնը: Ընդամենն օրեր առաջ Անկարայում կայացած Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հերթական հանդիպումն ընդունեց ըյայտարարութիւն, որում Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի երաշխաւոր երկրները՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան յստակ նշել էին, որ հաւատարիմ են մնալու Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանման սկզբունքին:

Սա, իհարկէ, միակ բարդութիւնը չէ: Թուրքիան ԱՄՆ-ի հետ լուրջ տարաձայնութիւններ ունի «անվտանգութեան գօտու» սահմանների եւ նպատակների հետ կապւած: Անկարայի մշակած նախագիծը ենթադրում է առնւազն 32 կմ խորութեամբ մի շրջան, քուրդ զինեալների լիակատար դուրսբերմամբ, եւ նրանց ռազմակայանների տարհանմամբ: Մինչ դեռ ԱՄՆ-ը նախատեսում է այդ գօտին ձեւաւորել ընդամենը 10 կմ խորութեամբ՝ առանց թուրքական ԶՈՒ-ի բացառիկ եւ արտօնեալ ներկայութեամբ: Դեռ աւելին, Վանշինգտոնի նախագիծը ենթադրում է քրդական կորիզների առկայութիւնն այդ շրջաններում՝ որպէս Անկարայի եւ Դամասկոսի դէմ ծնշման լծակ:

Նման պայմաններում, տրամաբանական հարց է առաջանում, թէ Թայիփ Էրդողանն, այնուամենայնիւ, ինչու է որոշել խաղադրոյք կատարել նման բարձր ռիսկայնութեամբ բախտախաղում, որում իր յաջողութեան շանսերը մեղմ ասած, այնքան էլ բարձր չեն:

Խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշեալ շրաջնները, որոնք Թուրքիան եւ ԱՄՆ-ը ձգտում են առանձնացնել Սիրիայից, պարունակում են Սիրիայի նաւթի եւ գազի  հիմնական պաշարները, եւ համարւում են այդ երկրի ամենաբերքառատ հողերը: Այնպէս որ, յաջողութեան դէպքում, Էրդողանի ներդրումը կարող է յատուցւել հարիւրը՝ մէկի դիմաց տրամաբանութեամբ:

Այս համատեքստում, սակայն, չպէտք է մոռանալ, որ.

 Նախ. Թայիփ Էրդողանը սխալւում է, եթէ պատկերացնում է, որ Սիրիայի իշխանութիւնները չունեն որեւէ տարբերակ, նախագիծը չէզօքացնելու համար: Ինչպէս փորձագէտներն են կանխատեսում, սիրիական բանակի յաջողութիւններն Իդլիբում արդէն յուշում են, որ մենք շատ մօտ ապագայում կարող ենք ականատեսը լինել այնպիսի անկանխատեսելի իրադարձութիւնների, որոնք շրջադարձային ազդեցութիւն կունենան տարածաշրջանում ուժերի դասաւորութեան եւ հաւասարակշռութեան վրայ, անշուշտ՝ ոչ ի շահ Թուրքիայի:

Երկրորդ. պարզամտութիւն կը լինի ենթադրել, թէ Ռուսաստանը եւ Իրանն անարձագանք կը թողնեն Թուրքիայի ծաւալախաշտական այս նախագիծը, որը ոչ միայն լրջագոյն հարւած է Սիրիայի ինքնիշխանութեանն ու տարածքային ամբողջականութեանը (ինչը մշտապէս կարմիր գիծ է համարւել Մոսկւայի եւ Թեհրանի համար), այլ, աւելին, ամրագրում է նրանց հիմնական ախոյեանի՝ ԱՄՆ-ի ռազմական ներկայութիւնը Սիրիայում, որը միանշանակօրէն հակասում է նրանց տարածաշրջանային ռազմավարական շահերին:

Եւ վերջապէս երրորդը. Կրկին պարզամտութեան ժանրից է ենթադրել, թէ խաղում ներքաշւած Վաշինգտոնը նախաձեռնութիւնը կը զիջի Անկարային՝ բաւարարւելով միայն կատարողի եւ դիտորդի, այլ ոչ թէ թելադրողի կարգավիճակով:

Եւ այս բոլորից էլ կարելի ենթադրել, որ Թուրքիայի մշակած «անվտանգութեան գօտու» ճակատագիրը չափազանց մշուշոտ է, իսկ Էրդողանի հերթական բախտախաղը, մեծ հաւանականութեամբ՝ ձախողած:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։