Հա

Ազգային

15/10/2019 - 16:00

Երկու հանրապետութիւնների միջեւ լարւածութիւնը կարող է պառակտման տանել հասարակութեանը

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփեց ս․ թ․ հոկտեմբերի 11-ին Արցախում կայացած «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» Արցախի բարեկամների համաժողովը:

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփեց ս․ թ․ հոկտեմբերի 11-ին Արցախում կայացած «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» Արցախի բարեկամների համաժողովը:

«Այս երկու-երեք օրը բաւական կարեւոր էր ե՛ւ Արցախի համար, ե՛ւ Արցախի բարեկամների համար: Հիմնական նպատակը՝ ցոյց տալ Արցախի բարեկամներին, որ իրենք աշխարհում մենակ չեն, եւ Ադրբեջանի կողմից գործադրւող`մի կողմից Արցախը մեկուսացնելու քաղաքականութիւնը, միւս կողմից` Արցախի բարեկամներին պատժելու ուղղութեամբ քայլերը, ոչ մի ազդեցութիւն չունի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանից համաժողովին ներկայացւածութեանը, ապա Կիրօ Մանոյեանն ասաց, որ շատ հրաւիրեալներ չէին եկել, ներկայ էր արտգործնախարարը: Նա նշեց, որ թէեւ ԱԺ նախագահին եւ խմբակցութիւններին եւս հրաւէրներ ուղարկւել էր, սակայն, որքան հասկացել է, տեխնիկական պատճառով նամակը ուշ են ստացել: «Բայց ամէն դէպքում, կարծում եմ, որ դա համաժողովի թերութիւններից մէկն էր, որ ՀՀ Ազգային ժողովից ներկայացւածութիւն չկար: Հրաւիրւել էր Երեւանի քաղաքապետը, բայց էլի չէին ներկայացել: Այդ ամէնը մի քիչ անհասկանալի էր: Չեմ ուզում յատուկ վերագրել քաղաքական նկատառումներին, բայց բացթողումը իրենց կողմից եւս ինչ-որ բան է ասում»,- ասաց նա:

Անդրադառնալով Վիտալի Բալասանեանի, այնուհետեւ՝ իր դէմ հնչող յայտարարութիւններին, Կիրօ Մանոյեանը նշեց. «Միշտ էլ մտահոգութիւն ենք յայտնել, որ Հայաստանից եւ Արցախից յայտարարութիւնները չլինեն այնպիսին, որ ընդհանրապէս մթնոլորտը սրեն, յարաբերութիւները սրեն: Չեմ ուզում ասել՝ հաւն է առաջինը, թէ հաւկիթը, բայց լաւ մթնոլորտ չի լինի, եթէ ունենանք երկու հանրապետութիւնների միջեւ ինչ-որ լարւածութիւն, որը կարող է նոյնիսկ մեր հասարակութեանը պառակտման տանել: Դա պէտք է կանխենք, բայց սա չի նշանակում, որ Բալասանեանի ասածը այդպիսին ենք համարում»:

Նա նշեց, որ չի ցանկանում որեւէ մէկին վիրաւորել եւ յաւելեց․ «Բայց Արցախը Վիտալի Բալասանեան չէ, Վիտալի Բալասանեանը Արցախ չէ»:

 

Կարող է Ալիեւը ներշնչւի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկել

«Եթէ նկատի ունենանք, թէ ինչ ձեւով Ադրբեջանի նախագահը ելոյթ ունեցաւ եւ ինչպիսի պատասխան ստացաւ Հայաստանի վարչապետից, կարծում եմ, չի կարելի ակնկալել, որ որեւէ առաջընթաց լինի արցախեան հարցի կարգաւորման գործով»,- ասաց Կիրօ Մանոյեանը։

Նա ընդգծեց, որ պէտք է առաջնահերթութիւն համարել պետականութեան հզօրացումը, քանի որ իրավիճակը ծանրանալու դէպքում Հայաստանն իր յոյսը պետք է իր վրայ դնի:

«Մենք է, որ պէտք է կարողանանք ինչ-որ բան անել, երբ որ վիճակն էլ աւելի ծանրանայ»,- նշեց ՀՅԴ-ական գործիչը:

Կ. Մանոյեանի խօսքով, հաշւի առնելով, որ այսօր Թուրքիան ռազմական գործողութիւններ է սկսել Սիրիայում, հաւանականութիւնն այնքան էլ մեծ չէ, որ այս օրերին այս փոքր տարածաշրջանում այլ թէժ օջախ լինի:

«Սակայն հաշւի առնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի պահւածքը, կարող է Ադրբեջանի նախագահ Ալիեւն էլ խրախուսւի, ներշնչւի, ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկել: Այսինքն միշտ էլ պէտք է պատրաստ լինենք ցանկացած իրադարձութիւն»,- ասաց նա:

Կ. Մանոյեանը չբացառեց, որ մի քանի ամիս անց նման իրադարձութիւններ հրահրւեն որոշ այլ նպատակներով. «Կարծես ցանկութիւն կայ, որ այլ դերակատարներն էլ յայտնւեն, ինչն անպայման մեր շահերից չի բխում»:

Հարցին, թէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ասում է, որ Արցախի հարցի լուծումն այնպիսին լինի, որ ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար, ձեզ համար նման տարբերակ տեսանելի՞ է, կա՞յ տարբերակ, որ ընդունելի լինել երեք ժողովուրդների համար էլ, Կ. Մանոյեանն ասաց. «Որպէս մարտավարութիւն լաւ է, որ նման յայտարարութիւն է արել, որ գոհ լինի բոլորը, բայց թող ասի որն է բանաձեւը, չկայ նման բանաձեւ: Չենք ասում, որ ադրբեջանիցները պէտք է կոտորւեն, բայց փաստ է՝ Ադրբեջանի կողմից սանձազերծւած պատերազմը մինչեւ այսօր հայկական կողմն է յաղթել եւ ադրբեջանցիները դրա համար ուրախ կամ գոհ չեն կարող լինել: Ադրբեջանին պէտք է համոզել, որ Արցախը երբեք ձերը չի եղել, ընդամենը Սովետական ժամանակաշրջանում վայելել էք, չարաշահել էք Արցախի ամէն ինչը, իսկ փլուզումից յետոյ արդէն մոռացէք Արցախի մասին: Ճիշտ կանի Հայաստանի վարչապետը, ով էլ լինի, նման անկեղծութեամբ խօսի»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։