ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէների համագործակցութեամբ ու ամերիկաբնակ բարերարներ Վարդան եւ Սոնա Ֆնդկեանների հովանաւորութեամբ Արցախի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում բացւել է ՀՅԴ Թոռլաքեան եւ Ֆնդքեան երիտասարդական կենտրոն:
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէների համագործակցութեամբ ու ամերիկաբնակ բարերարներ Վարդան եւ Սոնա Ֆնդկեանների հովանաւորութեամբ Արցախի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում բացւել է ՀՅԴ Թոռլաքեան եւ Ֆնդքեան երիտասարդական կենտրոն:
Հոկտեմբերի 14-ին կայացած երիտասարդական կենտրոնի պաշտօնական բացումն ու յանձն առւած ծրագիրն ամփոփելու նպատակով երէկ՝ հոկտեմբերի 15-ին ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոն են այցելել ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի կազմակերպական ներկայացուցիչ Կարօ Մադենլեանը եւ բարերարներ Վարդան եւ Սոնա Ֆնդկեանները՝ ուղեկցող անձանց հետ:
Ամերիկայից ժամանած հիւրերին ընդունել են ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը եւ ԿԿ անդամ Վահագն Դադայեանը:
Հանդիպման ընթացքում Դաւիթ Իշխանեանը նշել է, որ Արցախի հարաւային շրջանի ամրապնդումը ռազմաքաղաքական անհրաժեշտութիւն է:
Իսկ Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի կառոյցի աշխատանքներն Արցախում չեն սահմանափակւում միայն երիտասարդական կենտրոնի բացմամբ: ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի «Արմէն Գարօ» կոմիտէութեան «Երկիր» յանձնախմբի հովանաւորութեամբ Արցախի Մարտունու շրջանում տեղադրւել է 30 այլընտրանքային ջրատաքացման համակարգ, բացի այդ ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի կառոյցն իրականացրել է նաեւ տնտեսական նշանակութեան այլ ծրագրեր:
«Մենք ունենք «Հայրենիքի ծրագրեր» յանձնախումբ, որը զբաղւում է Հայաստանում եւ Արցախում տարբեր ծրագրեր իրականացնելու աշխատանքներով: Կովսականի երիտասարդական կենտրոնը վերը նշեալ յանձնախմբի ծրագրերից է եւ ես յուսով եմ, որ այս բարեգործութիւնն օրինակելի կը լինի»,- ասել է ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի ԿԿ կազմակերպական ներկայացուցիչ Կարօ Մադենլեանը:
Արցախի ազատագրւած Կովսականում Նեմեսիս գործողութեան մասնակից Թոռլաքեանի եւ Ֆնդքեանի անուններով անւանակոչւած երիտասարդական կենտրոնն իրողութիւն է Լոս Անջելէսում բնակւող նախկին օդանաւաշինութեան ինժեներ Վարդան Ֆնդկեանի հովանաւորութեան շնորհիւ: Արցախի մշտական այցելուն ասում է, որ Արցախն ամէն անգամ իւրովի է հաճոյք պատճառում իրեն: «Ես գլուխը գովող անձ չեմ, չեմ սիրում խօսել իմ արածների մասին, քանզի դրանից ոչ մի հաճոյք չեմ ստանում, բայց Արցախում կայ մի բան, ինչն ամէն անգամ ինձ հաճոյք է պատճառում: Դա մշտապէս ընթացող շինարարութիւնն է, փոփոխութիւնն է, նոր կառոյցներն ու շէնքերն են, որոնք մխիթարանք են հայրենիքից հեռու ապրող հայի համար»,- ասել է Ֆնդկեանը եւ վստահութիւն յայտնել, որ երիտասարդական կենտրոնի ծրագիրն իր վերջին հովանաւորութիւնը չի լինելու:
Խորհել ու մտածելու է Հայաստանում եւ Արցախում աշխատատեղերի հնարաւորութիւն ընձեռնող ծրագրերի մասին՝ այդպիսով իր ներդրումն ունենալով Արցախի բարգաւաճման եւ արցախցիների կեանքի որակի բարելաւման գործին:
Լուսինէ Թեւոսեան
«Ապառաժ»