Հա

Ազգային

26/10/2019 - 12:40

Այս իշխանութեան համար մարդն այլեւս արժէք չունի

Միանշանակ քաղաքական հետապնդում է իրականացւում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսէն Բաբայեանի նկատմամբ, եւ ով հակառակը կը պնդի, նա կա՛մ պարզապէս կոյր է, կա՛մ չի ուզում տեսնել իրականութիւնը: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

«alikonline.ir» - Միանշանակ քաղաքական հետապնդում է իրականացւում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսէն Բաբայեանի նկատմամբ, եւ ով հակառակը կը պնդի, նա կա՛մ պարզապէս կոյր է, կա՛մ չի ուզում տեսնել իրականութիւնը: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

«Այս ամէն ինչն արւում է գործադիր իշխանութեան կողմից դատական իշխանութիւնը նւաճելու, քաղաքական ամբողջական մենիշխանութիւն հաստատելու շրջանակներում: Իշխանութիւնն իր առաջ խնդիր է դրել նւաճել դատական իշխանութիւնը՝ այդ թւում Սահմանադրական դատարանը: Այդ պրոցեսն սկսւեց դատարանների շրջափակումից, սա արդէն գագաթնակէտն է: Դա անելու համար իշխանութիւնը զերծ չի մնում ապօրինի գործողութիւններից, հետեւաբար, Արսէն Բաբայեանի թէ՛ ձերբակալութիւնը, թէ՛ կալանաւորումը դիտարկում ենք այդ շրջանակներում: Տւեալ անձը չէր կարող իշխանութիւն իւրացնել, նոր յօդւած դրեցին, որպէսզի կարողանան կալանաւորել»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելեանի համոզմամբ՝ այս իշխանութեան համար մարդն այլեւս արժէք չունի։ «Ում ուզում են՝ ազատութիւնից զրկում են, ինչ ուզում անում են, «բեսպրեդել» է ու վերջ: Իրենց ջանքը կենտրոնացնելու եւ երկրի առջեւ կանգնած մարտահրաւէրները լուծելու փոխարէն, ամբողջ պետական ռեսուրսը մոբիլիզացնում են իրենց հակառակորդներին, ընդդիմախօսներին, այլ կարծիք ունեցողներին, չենթարկւողներին ազատազրկելու, ձերբակալելու համար»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելեանի կարծիքով՝ սա ոչ միայն ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանի դէմ ճնշում գործադրելու հերթական քայլն է, այլ սա պէտք է դիտարկել ամբողջական շղթայի մէջ, որովհետեւ սա մէկ դրւագ է, հետագայում կարող է լինել մէկ ուրիշը, յետոյ էլի մէկ ուրիշը:

Հարցին, թէ ինչպէս պէտք է պայքարել այս կամայականութիւնների դէմ, Իշխան Սաղաթելեանը պատասխանեց, որ պէտք է հասարակութիւնը, հասարակութեան առողջ ուժերը, քաղաքական կուսակցութիւնները հասկանան, որ սա անձերի պաշտպանութեան խնդիր չէ, սա Հայաստանում արդարադատութիւնը չխորտակելու, մարդու իրաւունքների պաշտպանութեան, ժողովրդավարութիւնը վերջնականապէս չթաղելու հարց է։

«Պետք է հասարակութիւնը վերջնականապէս արթնանայ որ սկսի պայքարել այս պրոցեսների դէմ, հակառակ դէպքում կարճ ժամանակ յետոյ ժողովրդավարութիւնը մեր երկրում յուշ է լինելու, գործ ենք ունենալու տոտալ բռնատիրական իշխանութեան հետ»,- նշեց նա:

Իսկ իշխանութիւնների այն պնդումը, թէ ցանկանում են ունենալ անկախ դատական համակարգ, անկախ Սահմանադրական դատարան, Սաղաթելեանը որակեց կեղծիք ու սուտ: «Իրենք ցանկանում են ունենալ սեփական, իւրային դատարաններ: Յայտնի է՝ ով իրենց ծառայել է, իրենց հետ հաշտ համերաշխ, սիրով են, ով հակառակւում է, ինչպէս Հրայր Թովմասեանը, դասւում է նրանց թշնամիների շարքին եւ բազմաթիւ պատրւակներ կարող են գտնել հեռացնելու համար: Իշխանութիւնը չի ցանկանում ունենալ արդար դատական համակարգ, պարզապէս ուզում է ունենալ իւրային դատական համակարգ, որն իր ձեռքում հետագայում մահակ է լինելու իր հակառակորդներին ճնշելու համար»,- շեշտեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։