ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբն իր կողմնակիցներին կոչ է արել միանալ բողոքի ակցիային Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ, որը տեղի կունենայ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը:
«alikonline.ir» - ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբն իր կողմնակիցներին կոչ է արել միանալ բողոքի ակցիային Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ, որը տեղի կունենայ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը. ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը՝ մէջբերելով Ahval News-ի հրապարակումը:
«Բողոքի ակցիայի մասնակիցները կը հաւաքւեն Սպիտակ տան մօտ՝ Լաֆայեթ պուրակում»,- նշւում է ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի թւիթերեան միկրոբլոգում հրապարակւած յայտարարութիւնում։
Իր կոչում կազմակերպութիւնը մեղադրում է թուրք նախագահին մի շարք յանցագործութիւնների մէջ, ինչպիսիք են՝ ժողովրդավարութեան դէմ գործողութիւնները, եկեղեցիների անարգումը, Սիրիա ներխուժումը, քրդերի սպանութիւնները եւ Հայոց Ցեղասպանութեան ժխտումը։
«Yerkir.am»-ն աւելի վաղ տեղեկացրել էր, որ Էրդողանը Վաշինգտոն է մեկնելու նոյեմբերի 13-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սիրիայում ստեղծւած իրավիճակը քննարկելու:
Յիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ի ընդունել էր Օսմանեան կայսրութիւնում իրականացւած Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ: