Հա

Ազգային

16/11/2019 - 10:20

«Եթէ Արցախի հարցով ունենամ մտահոգութիւն, ամէն ինչ անելու եմ, որ այս իշխանութիւնները յաջորդ ընտրութիւններին չընտրւեն». Հրանտ Մարգարեան

Արցախից է փրկութիւնը. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը՝ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միաւորիչ հաւաքի ընթացքում։

«alikonline.ir» - Արցախից է փրկութիւնը. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը՝ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միաւորիչ հաւաքի ընթացքում։

«Արցախից պէտք է գայ փրկութիւնը, արցախցին պէտք է այնքան իմաստուն լինի, որ այդ լուծումը գտնի»,- ընդգծեց նա։

Հրանտ Մարգարեանը նշեց, որ Արցախը թէեւ առանձին չէ, շաղկապւած է Հայաստանի Հանրապետութեանը, բայց Արցախը գերխնդիր է։  

«Եթէ ես մի օր վստահ լինեմ, որ այս իշխանութիւնն Արցախի հարցով տրամադիր չէ բան զիջել, պատրաստ է գնալ կռւել ու յաղթել, որովհետեւ կարելի է պարտւել կամայ-ակամայ, կարեւոր է, որ դու ուզենաս յաղթել, եթէ ինքն ուզում է յաղթել, ես այս իշխանութեան հետ կը համագործակցեմ։ Ես խնդիր չեմ ունենայ, որովհետեւ կարծում եմ՝ բոլոր միւս խնդիրները երկրորդական կարեւորութիւն կունենան։  Բայց եթէ Արցախի հարցով ես ունենամ մտահոգութիւն, ամէն ինչ անելու եմ, որ այս իշխանութիւնները յաջորդ ընտրութիւններին՝ լինեն արտահերթ, թէ՝ հերթական, չընտրւեն»,- նշեց նա։

Հրանտ Մարգարեանը խօսեց յաղթանակին եւ վաղւայ օրւան հաւատալու մասին մի պատմութեամբ ազատամարտից. «1992 թւականն էր, Շուշիի ազատագրումից մի քանի ամիս առաջ ես եւ ողորմած Վահան Յովհաննիսեանը Ղարաբաղում էինք, հերթական այցելութիւնն էինք անում Ղարաբաղի տարբեր դիրքերում գտնւող մեր տղերքին։ Հերթը հասել էր Քարինտակ գիւղում գտնւողներին։

Բնականաբար, այնտեղ ամբողջ ցերեկը շարժ չկար, բնակիչ չկար, միայն կռւողներ կային։ Ցերեկը հնարաւոր չէր գնալ, գնացինք գիշերը, ես գիւղը չտեսայ: Բոլոր տղերքը դիրքերում էին, ամբողջ օրւայ ընթացքում միայն գիշերը մթութեան մէջ էին դուրս գալիս։

Շուշին ազատագրւեց։ Յաջորդ օրն էր, առաւօտեան քայլում էինք Շուշիի փողոցներում, եւ ես մտածում էի՝ ինչո՞ւ այսքան շուտ զիջեցին Շուշին, ինչո՞ւ այսքան հեշտ պարտւեցին։ Ինչո՞ւ այդպէս դիւրին կարողացանք գրաւել Շուշին, որ թւում էր անառիկ։ Յետոյ նկատեցի, որ բակերը մշակւած չեն, պարտեզները մշակւած չեն, ոչ մի բան մշակւած չէ։

Չեմ իմանում՝ ինչու, որոշեցի թողնել Շուշին եւ գնալ Քարինտակ։ Գնացի, տեսնեմ՝ կաղամբ կայ ցանած, բակերում կանաչի կայ ցանած, մարդիկ գիշերը կանաչի են ցանել, որովհետեւ հաւատացել են վաղւայ օրւան, որ պէտք է քաղեն եւ ուտեն։

Շուշեցին չէր հաւատացել, դրա համար մենք կարողացանք ազատագրել, եւ ադրբեջանցիները չկարողացան պահել Շուշին»։

Հրանտ Մարգարեանի համար յստակ չէ՝ այս իշխանութիւնը պատրաստւո՞ւմ է պատերազմի, թէ՞ ոչ եւ, եթէ պատրաստւում է՝  յաղթելո՞ւ, թէ՞ պարտւելու։ Նա անդրադարձաւ երեւոյթների, որոնց եզրակացութիւնը թողեց հանրութեանը։

«Եթէ մի ղեկավարութիւն ժողովուրդ է ուզում ոտքի հանել եւ իրենից թւով ու հնարաւորութիւններով աւելի մեծ ուժի յաղթել, պիտի միասնականութիւն ստեղծի, հայրենասիրութիւն ստեղծի, համախմբի, միասնական դարձնի ժողովրդին։ Մեր մէջ այսպէ՞ս է, թէ՞ օր օրի պառակտումը, քայքայումը, սեւ ու սպիտակը, ղարաբաղցի-հայաստանցին է, նւաստացումն է։

Ով փորձում է խօսել, հեռուստացոյցով երկու անգամ ելոյթ է ունենում, մի հատ կոռուպցիայի, թալանի յօդւած կպցնում են պոչին։ Կոռուպցիան ու թալանը այլեւս ոչ թէ իրական երեւոյթներ են, որ պէտք է հետապնդւեն, եւ յանցագործներին պատժեն, այլ տեռորի միջոց են։ Տեռորի միջոց են՝ քաղաքական միտքը, քաղաքական խօսքը խեղդելու համար»,- ընդգծեց Հրանտ Մարգարեանը։

Նրա համոզմամբ՝ այս ճանապարհով գնալով հնարաւոր չէ կռւել եւ յաղթել։ Կռւելու եւ յաղթելու համար պէտք է ունենալ ուժեղ, հզօր բանակ: «Մինչդեռ ի՞նչ է այսօրւայ մեր բանակի վիճակը՝ վարկաբեկւած սպայական կազմ, բանակ, որի մասին խօսում են միայն թալանի ու կոռուպցիայի մասով, որտեղ նոյնիսկ ապրիլեան նահատակներն են քաղաքական շահարկման նիւթ դառնում։

Այսպէ՞ս ենք ուզում գնալ պատերազմ եւ յաղթել, այսպէ՞ս ենք ուզում ունենալ բանակ՝ սպայ եւ զինւոր մէկ ուժ դարձած, թէ՞ սպան պիտի մտածի՝ վաղն իրեն դատելու են։ Այսպէ՞ս ենք ուզում պատերազմում յաղթել»,- նշեց Հրանտ Մարգարեանը։

Քաղաքական լուծումների առումով եւս հակասութիւնների կծիկ ու շփոթ է՝ ասաց նա: «Երբ ասում է՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, դա կապ չունի ադրբեջանցիների հետ, ոչ էլ՝ աշխարհի հետ։ Դա ղարաբաղցիներին ասւած խօսքեր են, որ՝ ե՛ս եմ քո վարչապետը, քո իշխանութիւնը շինծու է։ Դրա՛ համար է ասել դա, դա չի ասել ադրբեջանցիների համար, դա չի ասել աշխարհի համար»,- նշեց դաշնակցական գործիչը։

Այս խօսքերի հեղինակի համար, ըստ Հրանտ Մարգարեանի, էական չէ, որ բանակցային մարտավարութիւն է խախտում, կարեւորը արցախցուն ուղերձը հասցնելն է։

«Էն որ ասում է՝ երեք կողմերի համար պէտք է ընդունելի լինի լուծումը, եւ ասում է՝ Հայաստանի նախագահներից ոչ մէկը դա չի ասել, բայց ենթատեքստում ասում է՝ ես պատրաստ եմ մի բան աւելի զիջել, որ նախորդները պատրաստ չէին զիջել»,- ասաց նա:

Հրանտ Մարգարեանի դիտարկմամբ՝ այս անորոշութիւնն ու անյստակութիւնը պայքարող-մարտնչող ժողովրդի քաղաքական ղեկավարութեան կեցւածք չէ, քանի որ ժողովուրդը կը մարտնչի, միայն եթէ իմանայ՝ որն է այն արդարութիւնը, որն ուզում է ձեռք բերել, ոչ թէ անիմաստ անորոշ մի վիճակ։

«Ինձ կասէք՝ ի՞նչ անենք, առաջին բանը, որ ես կասեմ՝ չվախենաք։ Ամենամեծ երեւոյթը, որ այսօրւայ Հայաստանի մէջ ես տեսնում եմ, վախն է։ Ո՛չ անպայման վախը ֆիզիկական հալածանքից, վախ՝ խայտառակ լինելուց, վախ՝ մարդկանց խօսակցութեան նիւթ դառնալուց, վախ, որ կասեն՝ կոռումպացւած է, թալանչի է, ու պէտք է ապացուցես՝ ախր ի՞նչն եմ թալանել, որ պիտի սկսեն քեզ հայհոյել, ծնող հայհոյել, երեխայ հայհոյել, քոյր հայհոյել ինչ-որ կեղծանունների տակ։ Այդ վախն այսօր մեզ աւելի կաշկանդող է, քան եթէ ստալինեան ռեժիմ լինէր՝ բռնեին, Սիբիր ուղարկեին»,- ասաց Հրանտ Մարգարեանը։

Հոգեբանական այս ազդեցութիւնն է նրանց նպատակը, ըստ Հրանտ Մարգարեանի, քանի որ մարդիկ կան, որոնց արժանապատւութիւնն իրենց կեանքից կարեւոր է, եւ նրանք գիտեն՝ ինչպէս ամենակարեւորներին չէզոքացնել։

«Ամենաարժանապատիւներն ամենաշատ վախկոտն են՝ այս առումով, բայց իմ կոչն է՝ չվախենալ։ Չվախենանք ոչ մի բանից, չվախենանք ֆէյսբուքեան ֆէյքերից, թող ինչ ուզում են՝ ասեն, մի՛ ընթերցեք»,- ասաց նա։

Հրանտ Մարգարեանն ընդունում է, որ գաղափարի շուրջ պէտք է հաւաքւել, բայց համոզւած է, որ դա բաւարար չէ՝ կազմակերպւածութիւն է պէտք, կազմակերպւած գործի շուրջը պէտք է համախմբւել. «Ես էսքան ասեմ, սրանից աւելի չասեմ»։

Նշենք, որ «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբը կազմակերպել է համաժողով՝ հանրային–քաղաքական արդիական թեմաներով: Համաժողովում քննարկւում են հետեւեալ հարցերը՝

- Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել),- հանրութեան այս աստիճան պառակտումը ազգային անվտանգութեան սպառնալիք է (ինչպէ՞ս յաղթահարել),

- հանրութեան այս աստիճան պառակտումը ազգային անվտանգութեան սպառնալիք է (ինչպէ՞ս յաղթահարել),

- դատաիրաւական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկւում են բիրտ ճնշումների, փորձ է արւում օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնների վրայ հաստատւած անձնիշխանութիւնը տարածել նաեւ իշխանութեան այս ճիւղի վրայ, ինչը հակասում է իրաւական-ժողովրդավարական պետութեան սկզբունքներին (ինչպէ՞ս թոյլ չտալ):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։