Հա

Ազգային

16/11/2019 - 08:20

Պէտք է շարունակենք մեծ թափ հաղորդել այս գործընթացին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու վերաբերեալ բանաձեւն ընդունելու համար ու դիմեց Սենատին՝ իր խօսքում դարձեալ ժխտելով Հայոց Ցեղասպանութիւնը։ Tert.am-ի հետ զրոյցում անդրադառնալով ԱՄՆ Սենատում Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի ընդունումը սենատոր Լինդսի Գրահամի կողմից արգելափակելու որոշմանը՝ ասաց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջեանը։

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու վերաբերեալ բանաձեւն ընդունելու համար ու դիմեց Սենատին՝ իր խօսքում դարձեալ ժխտելով Հայոց Ցեղասպանութիւնը։ Tert.am-ի հետ զրոյցում անդրադառնալով ԱՄՆ Սենատում Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի ընդունումը սենատոր Լինդսի Գրահամի կողմից արգելափակելու որոշմանը՝ ասաց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջեանը։

«Սենատոր Ռոբերտ Մենենդեսը վիճարկել էր Էրդողանի այդ յայտարարությունը՝ կոչ անելով «միաձայն» քւէարկել բանաձեւի ընդունման օգտին: Սրանից յետոյ ենթադրւում էր, որ բանաձեւն անյապաղ կընդունւէր Սենատում, սակայն անհրաժեշտ էր, որ ոչ ոք դէմ չլինի այդ առաջարկին: Սենատոր Մենենդեսն այդկերպ վարւեց, քանի որ գիտէր, որ եթէ անմիջապէս քւէարկութեան դրւէր բանաձեւը, այն կընդունւէր ձայների ճնշող մեծամասնութեամբ: Սենատոր Գրահամը նոյնպէս դա գիտէր եւ արգելափակեց բանաձեւի քւէարկութիւն ոչ թէ այն պատճառով, որ, ինչպէս ինքն է ասում, կասկածի տակ է Հայոց Ցեղասպանութեան փաստը, այլ կարծում է, որ Ցեղասպանութիւնը ճանաչելու ժամանակը չէ։

Եթէ սենատոր Գրահամը դէմ էր բանաձեւին, կարող էր պարզապէս «ոչ» քւէարկել: Նա չպէտք է Սենատի իր 99 գործընկերներին զրկէր այդ հարցում իրենց խղճի մտօք քւէարկելու հնարաւորութիւնից:

Հայերն արդէն 100 տարի է՝ լսում են «ժամանակը չէ» արտայայտութիւնը։ Դա, ըստ էութեան, թոյլ է տալիս Ցեղասպանութեան պատասխանատու Թուրքիային, որոշել, թէ երբ ԱՄՆ-ն խօսի Հայոց Ցեղասպանութեան մասին, երբ՝ ոչ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն իր միահամուռ քւէարկութեամբ հաստատել է, որ ԱՄՆ-ն պէտք է որոշում կայացնի այս հարցում: Մենք աշխատում ենք սենատոր Մենենդեսի եւ նրա աւելի քան 25 սենատոր գործընկերների հետ»,- ասաց Չուլջեանը։

Հարցին՝ որո՞նք են լինելու Հայ Դատի յանձնախմբի հետագայ քայլերը, Ե․ Չուլջեանը պատասխանեց՝ Յանձնախումբն արդէն կոչ է արել Միացեալ Նահանգներում բնակւող բոլոր հայերին կապ հաստատել իրենց նահանգը ներկայացնող սենատորների հետ եւ ստանալ նրանց աջակցութիւնը՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունման համար:

«Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ 4 նոր սենատորներ իրենց աջակցութիւնն են յայտնել Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւին, նրանց թւում են սենատոր Բենեթը (Կոլորադո), սենատոր Քէյսին (Փենսիլւանիա) եւ Նեւադայից երկու սենատորներ՝ Ռոզենը եւ Քորթես Մաստոն: Մենք պէտք է շարունակենք մեծ թափ հաղորդել այս գործընթացին եւ ուժեղացնենք ճնշումն իշխանութիւնների վրայ»։

Յիշեցնենք, որ Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրահամն աւելի վաղ յայտնել էր, որ արգելափակել է աւելի քան մէկ դար առաջ Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին բանաձեւի ընդունումը Սենատի կողմից։ Գրահամն օգտւել է կանոնից, ըստ որի՝ մէկ սենատոր կարող է արգելափակել բանաձեւի ընդունումն ամբողջ պալատի կողմից:

 

Հեղինակ՝ Քրիստինա Բոյաջեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։