Հա

Ազգային

05/12/2019 - 12:00

Սա մահակ էր՝ լռեցնելու համար

168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի հիւրն է ՀՅԴ ԳՄ անդամ, Գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը:

«alikonline.ir» - 168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի հիւրն է ՀՅԴ ԳՄ անդամ, Գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը:

 

- Մեկնարկել է ԱԺ-ի հերթական քառօրեան, որի օրակարգում է 2020 թ. բիւջէի նախագիծը. ընդդիմադիր խմբակցութիւնների պատգամաւորները յայտնել են, որ իրենց առաջարկները չեն ընդունւել, հետեւաբար՝ դէմ են քւէարկելու։ Ստացւում է՝ 2020 թ. բիւջէն ընդունելու պատասխանատւութիւնն ամբողջութեամբ իր վրա՞յ է վերցնում իշխանութիւնը։

- Իշխանութիւնը երբեք չի էլ ժխտել, որ միայնակ պատասխանատւութիւնը վերցնում է իր վրայ եւ չի պատրաստւում որեւէ մէկի հետ հաշւի նստել։ Յիշէ՛ք, երբ կառավարութեան կառուցւածքի փոփոխութեան մասին նախագիծը գնաց Ազգային ժողով, եւ կառավարութիւնը պատասխան չունէր, թէ, օրինակ, ինչո՞ւ է գիւղատնտեսութիւնը միացրել Էկոնոմիկայի նախարարութեանը. իրենց վերջին փաստարկը հետեւեալն էր՝ մենք ենք մեծամասնութիւնը եւ ինչ կուզենք, այդ էլ կանենք։ Սա կառավարութեան մաչոյական քաղաքականութեան արդիւնք է։

 

- ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկեանը լրագրողների հետ զրոյցում յայտարարել էր, որ ներդրողները Հայկ Մարութեանի հետ հանդիպումից յետոյ հիասթափւած յետ են գնացել ու մոռացել են ներդրումների մասին, մինչդեռ Փաշինեանն իր ֆէյսբուքեան էջում գրել էր, որ «բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թ. բարգաւաճման ինդեքսում Հայաստանը 61-րդ տեղն է զբաղեցրել՝ նախորդ տարւայ համեմատ բարելաւելով իր դիրքը 27 կէտով»: Հիմա Հայաստանում կա՞յ բիզնես միջավայրի բարելաւում, թէ՞ ոչ։

- Եթէ այդքան աճ է արձանագրել, ապա մարդիկ պէտք է դա իրենց մաշկի վրայ զգային՝ էական բարգաւաճման եւ բարեկեցութեան տեսքով։ Մարդիկ պէտք է աւելի թանկ ուտէին, շատ ծախսէին, բայց նման բան չկայ։ Շատ հարցերում այդ ինդեքսում Հայաստանն անգամ յետ է գնացել եւ գտնւում է բաւականաչափ ցածր դիրքերում։ Եթէ բիզնես միջավայրն այդքան բարելաււել է, բա ինչո՞ւ մենք այդ աճը չենք տեսնում։ Վերջերս կառավարութիւնը հրապարակեց մի ցուցանիշ, որտեղից երեւում է, որ աճ արձանագրւել է բացառապէս մանրածախ առեւտրի եւ ՀԴՄ-ների հաշւին։ ՀՀ-ի տնտեսական աճը, փաստօրէն, պայմանաւորւած է մանրածախ առեւտրո՞վ։ Դա չի կարելի ներկայացնել տնտեսական յեղափոխական աճ։

 

- Ի դէպ, բիզնես միջավայրի մասին խօսել է նաեւ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասեանը՝ նշելով, որ հիմա «փայ չեն մտնում», ինչը, ըստ նրա՝ անում էին նախորդների ժամանակ։

- Եթէ այն ժամանակ լաւ չէր, դա չի նշանակում, որ հիմա ամէն ինչ լաւ է։ Իհարկէ, այն ժամանակ եթէ ամէն ինչ լաւ լինէր, տեղի չէին ունենայ 2018 թ. իրադարձութիւնները։ Շատ վատ եւ յոռի երեւոյթներ՝ ինչպէս կային նախկինում, հիմա էլ նոյնպէս շարունակւում են։

 

- Իսկ Ձեզ մօտ հարց չի՞ առաջանում՝ ի վերջոյ, եթէ նախկինները «փայ էին մտնում», այդ ինչպէ՞ս Խ. Սուքիասեանը դարձաւ նրանց ժամանակ խոշոր գործարար։

- Դէ, իհարկէ, հետաքրքիր կը լինի ուսումնասիրել, թէ նա ինչպէս դարձաւ խոշոր գործարար։ Այն, որ նա մտերմիկ յարաբերութիւններ է ունեցել՝ ՀՀ առաջին նախագահի, եւ հիմա էլ նման յարաբերութիւններ ունի ներկայիս վարչապետի հետ, որեւէ մէկին անյայտ չէ։ Այդ մասին նաեւ շատ են գրում, եւ որեւէ մէկը դա դեռ չի հերքել։

 

- Իսկ այդ մտերմութեամբ կարո՞ղ ենք պայմանաւորել Խաչատուր Սուքիասեանի դրական գնահատականը ներկայիս բիզնես միջավայրի մասին։

- Միգուցէ։

 

- 2018 թւականին իշխանութեան եկած ուժը, ի վերջոյ, կատարե՞լ է արդեօք ներդրումային բում ունենալու քայլը։

- Ես չեմ կարողանում մտաբերել որեւէ խոշոր ներդրումային ծրագիր։ Ներդրումներ կան, բայց դրանք նախապէս սկսւած ծրագրի պոչերն են։ Օրինակ՝ Մարալիկի բամբակի ֆաբրիկան, որը, մի քանի տարի է՝ կառուցւում էր, այս տարի բացւեց։ Ներդրումների խոստումներ կան, բայց դրանք ներդրումներ չեն, իսկ խոստումներով «սոխակին չես կերակրի»։ Ինչ վերաբերում է կառավարութեան նիստում տրւած հարկային արտօնութիւններին այս կամ այն ներդրումային ծրագրին, ապա նման արտօնութիւններ միշտ էլ տրւել են։ Բացի այդ, հիմա պէտք է մոնիտորինգ արւի՝ հասկանալու համար, թէ քանի աշխատատեղ է ստեղծւել տրւած արտօնութեան դիմաց, ստեղծւե՞լ է, թէ՞ ոչ, իսկ նման մոնիտորինգ չի արւում։

 

- Գազի սակագնի բարձրանալ-չբարձրանալու հարցը շարունակում է մնալ առկախւած, իշխանութիւնը չի ասում, թէ որքան է գազի գինը մնալու անփոփոխ, միեւնոյն ժամանակ, գիտենք, որ «Գազպրոմ Արմենիային» է վճարում նախորդ տարւայ թանկացման համար, եւ արդէն կուտակւել է 30 մլն. դոլարի պարտք։ Որքա՞ն կը կարողանայ այդ ընկերութիւնն այդպէս պարտք կուտակելով՝ շարունակել, եւ ի՞նչ կարող է անել գործադիրը:

- Կառավարութեան ներկայացուցիչներն ասում են՝ ձմռանը գազը չի թանկանայ։ Նրանք հասարակութեանը դրանով նախապատրաստում են, որ ապրիլից, օրինակ, պատրաստ եղէք տհաճ անակնկալների։ «Գազպրոմ Արմենիան» անվերջ առաձգական չէ եւ չի կարող իր ծախսերի հաշւին կուլ տալ եկամուտների կորուստը, իսկ ինչ վերաբերում է պետութեան կողմից հնարաւոր սուբսիդիային, ապա պետութեան փողը դա նոյն հարկատուի փողն է։

 

- Հայաստանում քաղաքական կոռուպցիա կա՞յ։ Նշեմ, որ դրա չլինելու մասին յաճախ կրկնում է կառավարութեան ղեկավարը։

- Նախ այդ պնդումները՝ քաղաքական եւ համակարգային կոռուպցիա… պէտք է հասկանալ, թէ դա ի՞նչ է նշանակում։ ՊՎԾ պետին եւ Առողջապահութեան նախարարի տեղակալին կոռուպցիայի մեղադրանքներ են, չէ՞, առաջադրւել, իսկ եթէ համակարգային կոռուպցիա չկայ, այդ դէպքում ինչո՞ւ են այս մարդկանց մեղադրանքներ առաջադրւել։ Երկրորդ՝ հիմա ում ասում ես՝ ի՞նչ փոփոխութիւն է եղել, ասում են՝ կոռուպցիա չկայ, բայց մենք տեսնում ենք, չէ՞, որ կայ, եւ բացայայտել են։ Բոլորը խօսում են կոռուպցիայի մասին, եւ ես յոյս ունեմ, որ այդ պայքարի շրջանակում անաչառ քննութիւն մենք կունենանք, օրինակ, քաղաքապետարանին նւիրւած «Կամազ»-ների հարցով։ Այն, որ դա սկանդալ է, դա փաստ է։

 

- Իսկ եթէ գործարարը կարողանար օրինական ճանապահով ձեռք բերել այդ շինթոյլտւութիւնը, նա «Կամազ»-ներ կը նւիրէ՞ր։

- Ռացիոնալ մարդու կանխավարկածն ասում է, որ դրա հաւանականութիւնը կը լինէր շատ ցածր։ Ընկերութիւնը, որը գրանցւել է այս տարւայ յունւարին, մի քանի միլիոնի նւիրատւութիւն է անում, դա զարմանալի է, իսկ այն ընկերութիւնը, որը մի քանի ամիս առաջ չէր կարողանում հեռախօսի ապառիկի գումարը վճարել՝ հիմա նւիրատւութիւն է անում, դա տարօրինակ է։

 

- ՀՅԴ-ն արկղերով քրգործեր ստացա՞ւ։

- Ո՛չ։ Եթէ յանցագործութիւն կայ, պէտք է ցոյց տան եւ պէտք է պատասխանատւութեան ենթարկեն, ոչ թէ որպէս մահակ՝ ինչ-որ բան օգտագործեն քաղաքական ակցիան լռեցնելու համար։

 

- Հնչում են գնահատականներ, որ «Կամազ»-ների նւիրատւութիւնը եղել է վարչապետ գործուն մասնակցութեան արդիւնքում։

- Չեմ բացառում: Այն, որ Հայկ Մարութեանի հեղինակութիւնն այնքան բարձր չէր, որ կարողանար մի քանի «Կամազ»-ներ ստանալ, յայտնի է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։