Հա

Ազգային

10/12/2019 - 11:00

«Չկայ ՀՅԴ հին ու նոր ղեկավարութիւն». հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի հետ

Վերջին օրերին իրար յաջորդող իրադարձութիւնների, Դաշնակցութեան շուրջ տեղի ունեցող զարգացուների, ինչպէս նաեւ անցնող շաբաթավերջին Հայաստանում 20-ից աւելի երկրների Դաշնակցական երիտասարդական միութիւնների ներկայացուցիչների հաւաքից յետոյ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերութիւնը զրոյց է ունեցել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի հետ:

«alikonline.ir» - Վերջին օրերին իրար յաջորդող իրադարձութիւնների, Դաշնակցութեան շուրջ տեղի ունեցող զարգացուների, ինչպէս նաեւ անցնող շաբաթավերջին Հայաստանում 20-ից աւելի երկրների Դաշնակցական երիտասարդական միութիւնների ներկայացուցիչների հաւաքից յետոյ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերութիւնը զրոյց է ունեցել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի հետ:

 

- Որն է Ձեր այս անգամւայ այցի հիմնական նպատակը:

- Այցի հիմնական նպատակը կարելի է բաժանել երեք մասի: Առաջինը, ինչպէս նշեցիք, ՀՅԴ Երիտասարդական ուսանողական միութիւնների խորհրդաժողովն է, որը տեղի ունեցաւ եւ արդէն իսկ իրենց հաղորդագրութիւնը հրապարակւել է: Երկրորդը, Հայաստանում հանդիպումների նպատակն է, որ բնականաբար տեղի է ունենում պարբերաբար: Երրորդ՝ Արցախում Արտակարգ շրջանային ժողովին մասնակցութիւնն է, որովհետեւ ինչպէս գիտէք, մեր կազմակերպութիւնը եւս պէտք է ճշտի առաջիկայ գարնանը տեղի ունեցող նախագահական ընտրութիւնների ռազմավարութիւնը:Այս երեք հիմնականպատճառներով է, որ գտնւում եմ հայրենիքում, եւ այո, իմ կեանքի մեծ մասը հիմա անցնում է հայրենիքում՝ Հայաստանում լինի, թէ Արցախում:

 

- Ուզում եմ անդրադառնալ երիտասարդների համաժողովին, որովհետեւ յատկապէս վերջին շրջանում Երիտասարդական միութիւնների շուրջ խմորումների, զարգացումների մեծ ակտիւութիւն է նկատւում: 22 երկրներից հաւաքւել են. կան Արեւմտեան երկրներ, կայ Մերձաւոր Արեւելք՝ Պարսկաստան: Ինչպէս է հնարաւոր լինում բոլորին մէկտեղել եւ որն էխորհրդաժողովի հիմնական նպատակը, արդիւնքները:

- Իսկապէս ուրախալի է մեզ համար տեսնել, տարբեր միջավայրերում գործող այդ Երիտասարդական եւ Ուսանողական միութիւնները որքան իրար նման են:Որքան յաջողել է Հ.Յ. Դաշնակցութիւնը այդ երիտասարադութեան մէջ կերտել հայի այն կերպարը, որ անկախ իր բնակութեան երկրի վայրից, յստակօրէն դրսեւորում է մէկ ազգ, մէկ դատ ունեցող նւիրեալ եւ յանձնառու հայի նկարագիրը: Ուրախալի է, որ այդ բազմաթիւ երկրներից եկած երիտասարդները հիմնական հարցերի շուրջ, որեւէ տարակարծութիւն չունեցան: Ինչպէս միշտ է պատահում Դաշնակցութեան ժողովներում՝ անհատական կարծիքներ, տարբեր մօտեցումներ են հնչում այդ ժողովների ընթացքում: Շատ բնական երեւոյթ է, որովհետեւ մեր հաւատը ներքին ժողովրդավարութեան սկզբունքին, ամուր է: Բայց երբ լինում են որոշումներ, եզրակացութիւններ դրանք դառնում են պարտադիր բոլորի համար: Դա է, որ թելադրում է կարգապահ շարք լինելու հասկացողութիւնը: Երիտասարդները հիմնականում խօսել են Հայաստանում եւ Արցախում երիտասարդների հետ տարւելիք աշխատանքների մասին, Ջաւախքում մեր քոյրերի եւ եղբայրների օժանդակութեան խնդրին, Սփիւռքում նոր կենսունակութիւն բերելու, նոր աշխատանքի ծիրեր ծաւալելու գործին եւ բնականաբար նաեւ Ցեղասպանութեան հարցին, ինչպէս նաեւ Թուրքիա-Ադրբեջան հակահայ պայքարի առնչութեամբ կատարւելիք իրենց գործի մասին: Ողջունելի է, որ երեք օրւայ ընթացքում ներկայացուցչական հանգամանքով, մօտ 55 երիտասարդներ հաւաքւելով, կարողացան ճշտել առաջնահերթութիւնները եւ անել եզրակացութիւններ, որոնք եւ արտացոլել են իրենց հաղորդագրութիւնում:



- Դաշնակցութեան Հայաստանի Երիտասարդական միութեան վերջին մէկ ամսւայ գործողութիւնների արդիւնքում, Հայաստանի իշխանութեան ներկայացուցիչները շատ անդրադարձան Դաշնակցութեանը: Միաժամանակ 2019 թւականը արդէն աւարտում ենք, եւ 2019 թւականի սկզբին, երբ Արցախում ՀՅԴ Ընդանուր ժողովն էր, Հայաստանի վարչապետը ողջունում էր, ջերմ խօսքեր էր ասում Դաշնակցութեանը: Ժողովից յետոյ, նաեւ հանդիպել էր Բիւրոյի նոր կազմի հետ, հանդիպում էր եղել Միացեալ Նահանգներում, նորից համագործակցութեան կոչեր, առաջարկներ եւ մէկ էլ, մի քանի օր առաջ արդէն, վարչապետի մէկ այլ յայտարարութիւն՝ Դաշնակցութեան զրօ ազդեցութեան մասին: Ձեր գնահատականը:

- Նախ ասեմ, որ Երիտասարդական խորհրդաժողովում բոլորի կողմից հնչեցին զօրակցական կոչեր եւ այդ ուղղութեամբ արդէն հաղորդագրութեան մէջ արտացոլւած է այն իրողութիւնը, որ բոլոր Երիտասարդական միութիւնները Հայաստանի Երիտասարդական միութեան կողքին են եւ նրա հետապնդած նպատակների՝ ազգային գաղափարախոսութեանն առնչւող հայկակական նիւթերը համալսարանական եւ դպրոցական դասընթացներից հանելու կամ ընտրովի նիւթերի վերածելու խնդրին: Այս ուղղութեամբ բացարձակապէս չկայ տարակարծութիւն, մօտեցումները եղել են դրական եւ Հայաստանի Երիտասարդական միութեան կազմակերպած աշխատանքների կապակցութեամբ էլ՝ ջատագով:

Այստեղ է խնդիրը, որ ակնարկեցիք: Այսինքն մեզ համար եւս անակնկալ է, թէ ինչու մեր եւ երիտասարդութեան արդար ցասումը, որ վերաբերւում է Հայոց լեզւին եւ Հայոց պատմութեան դասընթացներն ընտրովի դարձնելու խնդրին համալսարաններում, իսկ Հայոց Եկեղեցու պատմութիւնը առհասարակ դպրոցական աւագ դասարանից հանելու խնդրին, որը ոչ միայն երիտասարդութեան, այլեւ մեզ համար շատ մտահոգիչ է: Իրենք անշուշտ երիտասարդական յանդուգն ոճով փորձեցին դա արտայայտել, եւ նաեւ կոչ ուղղեցին նախարարին երկխօսութեան, բայց դժբախտաբար այս երկխօսութիւնը ստացաւ բռնի ուժի բնոյթ, որը դատապարտւեց նոյնիսկ մարդկային իրաւունքների հարցերով զբաղւող կազմակերպութիւնների կողմից: Այս ամէնի մէջ տարօրինակ է, վարչապետի զգուշաւորութիւնը Հ.Յ. Դաշնակցութեանը վերաբերող հարցերում: Ըստ երեւոյթին, հիմա անցել է ուրիշ հանգրւանի եւ մեզ համար յստակ է, որ հակադաշնակցական արշաւը, որ կազմակերպւում է, ծրագրւած աշխատանք է թողնում է իր վատ ազդեցութիւնը մեր ժողովրդի միասնականութեան խնդրում:

Մենք նոյնպէս ուզում ենք պաշտօնապէս յայտարարել, որ պատրաստ ենք այլազան ձեւերի համագործակցութեան եւ եթէ վարչապետը ունի յատուկ օրակարգ քննելու մեզ հետ, իր կոչերը չեն մնայ անարաձագանք: Բայց պէտք է նշել, որ վերջին շրջանում յատուկ թիրախ է դարձել Դաշնակցութիւնը, որ մեզ համար զարմանալի է եւ անընդունելի: Եւ այդ ուղղութեամբ իրապէս եթէ կարծում են թէ այս հակադաշնակցական պայքարով, ներքին շերտաւորումների պայքար պէտք է ստեղծեն, յուսախաբ կը լինեն, որովհետեւ այսպիսի պայքարները ճիշտ հակառակը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը առաջնորդում են էլ աւելի համախմբւածութեան, բռունցքւելու որպէս կազմակերպութիւն: Մէկ անգամ եւս նշում եմ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մէջ չկան ներսի եւ դրսի դաշնակցականներ, չկայ հին ու նոր ղեկավարութիւն եւ այն պահանջները, որ նոր ղեկավարութիւնը հինը քննադատի եւ արժանի գնահատականը տայ, մեզ համար անընդունելի է եւ տարօրինակ: Դա ի՞նչ է նշանակում, մենք պէտք է այդ իշխանութեան այլազան դերակատարների նախկին յայտարարութիւններին յատուկ արժեւորում տանք, որոնք այդ յայտարարութիւնները կատարել են նոյնիսկ անկախութեան առաջին տարիներին: Ես կարծում եմ, որ այս հակադաշնակցական մոլուցքը իսկապէս վնասակար է: Որովհետեւ մեր երկրում, մեր հայրենիքում, ներքին թշնամիներ որոնելու որեւէ մէկ փորձ, դատապարտւած է ձախողութեան:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը թշնամի չունի Հայաստանում: ՀՅԴ թշմանիները հայ ժողովրդի թշնամիներն են, որոնք գտնւում են Հայաստանի սահմաններից դուրս եւ դրա համար մենք ակնկալում էինք, որ առողջ մթնոլորտը, այս նոր իշխանութեան օրօք պէտք է տարածւի ողջ Հայաստանում, որպէսզի իսկապէս արմատանայ ժողովրդավարութիւնը, ամրանայ բազմակարծութիւնը, որովհետեւ ժողովրդավարութեան հիմնական նախապայմաններից մէկը հէնց այդ բազմակարծութիւնն է: Այսօր չենք տեսնում, որ դա տեղի է ունենում, ընդհակառակը, որոշումները պարտադրելու, միանձնեայ ղեկավարութեան, առհասարակ ընդդիմութիւնը որպէս թշնամի դիտելու այս մօտեցումները մեզ շատ են մտահոգում:

Մէկ անգամ եւս կոչ ենք ուղղում, բաժանարար գծեր ստեղծելու, ատելութեան մթնոլորտ սերմանելու այս փորձերից հեռու պէտք է մնալ, որովհետեւ, աւելի քան երբեւէ, այսօր անհրաժեշտ է ազգային միասնականութիւնը, որի համար աշխատելու մենք պատրաստ ենք:

 

- Միասնականութեան հետ կապւած Ձեր խօսքում ասացիք արցախեան օրակարգը կայ եւ մեկնելու էք Արցախ: Յայտնի է, որ առաջիկայ մի քանի օրերին՝ տեղի ունենալիք ժողովում որոշւելու է նախագահի թեկնածու առաջադրելու, եւ առհասարակ ընտրութիւնների շուրջ դիրքորոշումը: Դրա հե՞տ է կապւած Ձեր այցը Արցախ:

- Այո, այսինքն հիմնականում այս այցը Արցախ պայմանաւորւած է այդ Արտակարգ շրջանային ժողովի գումարմամբ, որում պէտք է ճշտւի ռազմավարութիւնը եւ աշխատանքային ծիրը Արցախում նախագահական եւ Ազգային ժողովի ընտրութիւնների վերաբերեալ: Այդ ուղղութեամբ, գիտէք, որ Արցախի մեր մարմինները հանդիպումներ են ունեցել գրեթէ բոլոր թեկնածուների հետ եւ այլեւս ժամանակն է, որոշ եզակացութիւնների յանգելու: Մենք խոստացել էինք, որ դեկտեմբերին այդ եզրակացութիւնը կը կայացնենք, որպէսզի նաեւ մեր դիրքորոշումները յստականան: Մեկնելուս հիմնական պատճառը սա է: Որախ եմ նշելու, որ ինչպէս քիչ առաջ ասացի, մենք որոշ գործակցութեան եւ համադրութեան աշխատանքներ տանում ենք այս պետութեան այլազան ոլորտների հետ, այսինքն նոյնիսկ Հայաստանի պարագայում: Կան նախարարութիւններ, որոնց հետ աշխատում ենք: Մէկը՝ Արցախի հիմնահարցի կապակցութեամբ աշխատանքներ համադրելու խնդիրն է: Նախկինում էլ դժւարութիւն չենք ունեցել համադրելու, հիմա էլ շարունակում ենք աշխատել ի շահ պետականութեան: Արցախի բարեկամների համաժողովը, որը շատ յաջողւած էր, որովհետեւ աւելի քան 150 մասնակիցներ, ոչ հայազգի քաղաքական գործիչներ, մտաւորականներ, լրագրողներ եկան Արցախ՝ Ստեփանակերտ, քաջաբար մասնակցեցին, չնայած կային ցանկի վրայ, եւ տւեցին իրենց տեսակէտները: Այնտեղ մասնակցում էր նաեւ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար պրն. Քոչարեանը, բայց դժբախտաբար ՀՀ Ազգային ժողովի պատւիրակութիւնը, որին սպասում էինք, գոնէ մեզ համար անյայտ պատճառներով՝ չներկայացաւ: Բացի դա, ուզում եմ նշել նաեւ, որ ողջունում ենք այս իշխանութեան օրօք, նաեւ վերջերս Բրատիսլաւայում պրն. նախարարի յայտարարութեան մի քանի կէտեր, որոնք մենք ամբողջովին կիսում ենք եւ աջակցում: Այսինքն, այն ամէնը ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Արցախը պէտք է վերադառնայ բանակցային սեղան, ամբողջովին համաձայն ենք, այն իրողութիւնը, որ ապագայի որեւէ մէկ հանրաքւէ չպէտք է ունենայ սահմանափակում, եւ դա նշանակում է, որ Արցախի ժողովուրդը պէտք է ունենայ արտայայտւելու, իրաւունք ճշտելու իր բացարձակ մակարդակը: Եւ ոչ թէ այն տարազով, որ Ադրբեջանը այսօր դնում է բանակցային սեղանին: Այս հարցերում, բնականաբար, մենք ունենք նոյն մօտեցումը եւ գնահատում ենք: Ուրեմն, այնպէս չէ, որ միանշանակ ժխտական վերաբերմունք ենք ունեցել, բայց եւ անհասկանալի է մնում, որ հակառակ մեր այդ համադրման ջանքերի, նկատում ենք, որ այսօր Հայաստանում ծրագրւած արշաւ գոյութիւն ունի մեր դէմ: Ամէն տեսակի հակադաշնակցական աշխատանքները, հակադաշնակցական միտումներ ունեցող անձիք, որոնք ունեն հաւանաբար տարբեր օրակարգեր, քաջալերւում են, որպէսզի արտայայտեն իրենց կեցւածքը եւ ստեղծեն այնպիսի ժխտական մթնոլորտ, որ ժողովրդի ուշադրութիւնը շեղւի իշխանութեան բացթողումներից եւ այս ներքին թշնամու փնտրտուքի մէջ գտնեն միջոց, որպէսզի հարցն այդտեղ կենտրոնանայ: Սա, ըստ մեզ, ազգակործան մօտեցում է: Սրան պէտք է վերջ տրւի, եւ այս ուղղութեամբ կարծում եմ, որ իշխանութիւնը պատասխանատւութիւն ունի մթնոլորտը փոխելու, չշիկացնելու:

 

- Կայ արդեօք ենթադրութիւն, այս պայքարը որքանով է համադրւած, որքանով է կոնկրետ կենտրոններից ղեկավարւում:

- Կան կասկածներ, սակայն չեմ ուզում անդրադառնալ այն ուղղութեանը, որ բնականաբար կան նաեւ արտաքին ուժեր, որոնք շահագրգռւած են, որ Հայաստանն ունենայ ներքին պառակտումներ, բայց այդտեղ մենք պէտք է պայքարենք, ոչ թէ տեղի տանք նմանատիպ միտումներին: Կան նաեւ ներքին ուժեր, ընտրական իրենց հաշիւներով, կամ այլապէս, ունեն յատուկ դիրքորոշում, որպէսզի Հայաստանի ներքին կեանքը անհանգստութիւն ապրի այս աստիճանի: Սակայն նորից կրկնում եմ՝ մեզ համար չափազանց ընդունելի երեւոյթ է, ողջ քաղաքակիրթ աշխարհում, այդ եւեւոյթը կայ. ներքին տարակարծութիւնը, ներքին ընդդիմութիւնը շատ բնական երեւոյթներ են ժողովրդավարութեան մէջ, ընդհակառակը՝ պէտք է քաջալերւի, որովհետեւ այլակարծութիւնից, կարծիքների բախումից ի յայտ են գալիս ճշգրիտ որոշումները: Բայց հիմա, մենք մի ֆենոմենի առջեւ ենք ու կարծես թէ խուլ ականջներ կան: Բոլոր առաջարկները, որ անցեալում արել ենք, գիտէք, կառավարութեան ծրագրի նկատմամբ մեր Հայաստանի կազամակերպութիւնը կարծիք է յայտնել, չի ստացել եւ ոչ մի արձագանք: Մեր այլընտրանքային յանձնախմբերը, որոնք աշխատում են, շուտով կը ներկայացնեն նաեւ ընկերատնտեսական առաջարկներ այդ ուղղութեամբ, բայց ընդհանուրի մէջ տեսնում ենք, որ այս ամէնը մնում է անարձագանք: Դժբախտաբար քաղաքական երկխօսութիւնը կայացւած է ամբաստանութեամբ եւ ներքին թշնամիների որոնմամբ: Սրան պէտք է վերջ տրւի եւ Հայաստանը, ամէն գնով պէտք է գտնի իր բնական հունը եւ իշխանութիւնների համար ընդդիմութիւնը, ընդդիմութեան գոյութիւնը որպէս բարիք նկատւի:

 

- Ի դէպ, միայն Դուք չէք դժգոհում: Օրերս Ազգային ժողովում ոչ իշխանական խմբակցութիւնների ղեկավարները մի քանի անգամ արդէն դժգոհել են, որ որեւէ երկխօսութիւն չի նկատւում: Յատուկ չուզեցի շատ մանրանալ Արցախի ներքաղաքական կացութեան վրայ եւ նախագահական, խորհրդարանական ընտրութիւնների վրայ, ակնկալելով, որ Արցախում տեղի ունենալիք ժողովի որոշումներից եւ Ձեր վերադարձից յետոյ նորից առիթ կունենանք այդ հարցի շուրջ աւելի հանգամանալից խօսելու:

- Վստահաբար, այդ ժամանակ եւս մենք կը զգանք մեր շարքերի բազկերակը: Նրանք բնականաբար առիթ պէտք է ունենան ազատ արտայայտւելու: Պէտք է խորհրդակցենք շարքերի հետ՝ այդ Արտակարգ շրջանային ժողովի միջոցով: Ես մէկ անգամ եւս յայտարարում եմ, որ ՀՅԴ -ի համար Հայաստանի պետականութիւնը բացարձակ արժէք է եւ այդ պետականութեանը ծառայելուն ի խնդիր մենք պատրաստ ենք աշխատանքներ ձեռնարկել, որպէսզի Հայաստանի վարկը մնայ բարձր եւ որ երբեք չզբաղւենք ներքին թշնամանքի մթնոլորտի արծարծումով: Սա կարծեմ, բոլորի նպատակը պէտք է լինի եւ մէկ անգամ եւս խնդրում ենք, ազգային միասնականութեան սիրոյն դադարեն ներքին անիմաստ պայքարները, որոնք սկսել են հնչել նոյնիսկ ամենաբարձ քաղաքական բեմերից:

 

- Որքան է տեւելու Ձեր այդ մատնանշած անպատրաստակամութիւնը: Եթէ յիշողութիւնս չի դաւաճանում, մի քանի ամիս առաջ էլ, եւրոպական կառոյցներից մէկում կարեւոր հակահայկական բանաձեւեր հնարաւոր եղաւ չէզոքացնել: Հայաստանի խորհրդարանի պատգամաւորները շտապեցին ասել, որ դա միայն իրենց յաղթանակն է, Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը ստիպւած ճշգրտում մտցրեց, որ իրենք կարեւոր դերակատարութիւն են ունեցել: Մի քանի սփիւռքեան կազմակերպութիւններ եւս նոյն թեմայի շուրջ ստիպւած արտայայտւեցին: Կարծես շարունակւում է մէկ դարպասի վրայ խաղը:

- Ցաւում եմ, որ խնդիրը երբեմն այդպէս է ներկայացւում, աշխարհը գիտի, որ այդպէս չէ: Հայաստանի դիւանագիտութեան կողքին մեր Հայ Դատի յանձնախմբերը եւ մարմինները լուրջ աշխատանք են տանում աշխարհի չորս ծայրերում, որպէսզի մենք կարողանանք Հայաստանի համար ապահովել նպաստաւոր դիրք, Հայաստանի համար վնասակար որեւէ բանաձեւ չէզոքացնել եւ ընդհակառակը՝ ի նպաստ Արցախի բանակցութիւնների հայկական կողմի համար նպաստավոր մթնոլորտ եւ տրամադրութիւն ստեղծել: Դրա լաւագոյն գրաւականը Արցախի խորհրդաժողովին մեր մասնակցութեան խնդիրն է, դրա լաւագոյն գրաւականները աշխարհով մէկ այլազան քաղաքական ուժերի յայտարարութիւններն են, որոնցում շեշտւում են Հայ Դատի աշխատանքների դերը եւ համայնքների ձայնը: Այդ յաջողութիւնների մէջ լաւագոյն գրաւականներից մէկն էլ Բրիւսէլում տեղի ունեցած հանգանակութիւնն էր, որտեղ մեր համակիրները եկան մէկ անգամ եւս փաստելու, որ Հայ Դատի աշխատանքների հանդէպ ունեն յատուկ յարգանք եւ նրանց ձայնակցեցին, ոչ միայն մեր համակիրները: Ելոյթներով հանդէս եկան Արցախի նախագահը, Արամ Առաջին կաթողիկոսը եւ յատուկ շնորհակալական ուղերձ էին ուղարկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը եւ Հայաստանի նախագահը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։