Հա

Ազգային

25/02/2020 - 12:00

Առողջութի՞ւն, թէ՞ փող. Իրանի հետ փակ սահմանը ինչպէ՞ս կանդրադառնայ Հայաստանի տնտեսութեան վրայ

Փորձագէտները պարզաբանել են, թէ ինչու է Հայաստանի կողմից Իրանի հետ սահմանի փակումը չարեաց փոքրագոյնը։

«alikonline.ir» - Փորձագէտները պարզաբանել են, թէ ինչու է Հայաստանի կողմից Իրանի հետ սահմանի փակումը չարեաց փոքրագոյնը։

Կորոնավիրուսի պատճառով Իրանի սահմանի ժամանակաւոր փակումը եւ օդային փոխադրումների սահմանափակումը Հայաստանի համար նոր տնտեսական խնդիրների կը ծնի, սակայն սա այն դէպքն է, որ տնտեսական որեւէ վնաս չի կարող համաճարակային անվտանգութիւնից կարեւոր լինել։

Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց տնտեսագէտ Վահագն Խաչատրեանը։ Նրա խօսքով` անկախ ակնյայտ տնտեսական վնասներից, սահմանը չփակելը Հայաստանի համար աւելի լուրջ հետեւանքներ կունենար, մանաւանդ անխուսափելի խուճապային տրամադրութիւնների եւ տարատեսակ ասէկոսէների ֆոնին։

Երէկ՝ ՀՀ կառավարութիւնը որոշեց երկու շաբաթով փակել Իրանի հետ ցամաքային սահմանը։ Օդային հաղորդակցութեան հետ կապւած եւս որոշակի սահմանափակումներ կը մտցւեն։ Մինչեւ սահմանի փակումը Հայաստան եկած Իրանի բոլոր քաղաքացիները կը կարողանան վերադառնալ, ինչպէս նաեւ Իրանում գտնւող ՀՀ քաղաքացիները տուն կը գան առանց որեւէ սահմանափակման։ Բեռնափոխադրումները չեն դադարեցւի։ Բայց բեռնատարների վարորդների նկատմամբ խիստ վերահսկողութիւն կը սահմանւի։

Տնտեսագէտը նշեց, որ կորոնավիրուսի բռնկման հետ կապւած իրավիճակը բացասաբար է անդրադարձել նոյնիսկ հայ-չինական առեւտրային եւ տնտեսական յարաբերութիւնների վրայ։ Բնականաբար, Հայաստանի հարեւան եւ կարեւոր գործընկեր Իրանի հետ հաղորդակցութեան սահմանափակումը առաւել եւս բացասական հետեւանքներ կունենայ։

«Բաւական է միայն ասել, որ առաջիկայում Նովրուզի հետ կապւած դէպի Հայաստան իրանցի զբօսաշրջիկների մեծ հոսք է սպասւում։ Յոյս ունենք, որ մինչեւ մարտի 20-ը, երբ տօնը կը մեկնարկի, արգելքը կը հանւի»,- Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց Խաչատրեանը։

Միեւնոյն ժամանակ նա դժւարացաւ ասել, թէ արդեօք կառավարութիւնը միջոցներ ձեռնարկել է Իրանի հետ սահմանը փակելուց առաջացող բացասական հետեւանքները մեղմացնելու համար։

«Նախադէպ նախկինում չի եղել, եւ այժմ շատ դժւար է գնահատել պոտենցիալ վնասը` հետագայում փոխհատուցման մեխանիզմներ մշակելու համար»,- ասում է Խաչատրեանը։

Իրանը Հայաստանի համար ոչ միայն կարեւոր տնտեսական գործընկեր է, այլեւ արտաքին աշխարհ դուրս գալու հնարաւորութիւններից մէկը։ Իսլամական Հանրապետութեան տարածքով է իրականացւում Հայաստանի առեւտրի առիւծի բաժինը Պարսից ծոցի որոշ երկրների, մասնաւորապէս` Արաբական Միացեալ Էմիրութիւնների։

Ինչպէս Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց «Ապաւէն» բեռնափոխադրող ընկերութեան գործադիր տնօրէն Գագիկ Աղաջանեանը, կառավարութիւնը շատ ճիշտ է վարւել` որոշելով արգելքը չտարածել բեռնափոխադրումների վրայ։

«Իրանական ուղղութիւնը հարկ է դիտարկել ոչ միայն երկկողմ յարաբերութիւնների համատեքստում։ Կատարը, ԱՄԷ-ն եւ Պարսից ծոցի կարեւոր այլ երկրներ մեզ հետ առեւտուր են անում Իրանի տարածքով։ Բեռնափոխադրողների համար աահմանը փակելու հետեւանքով հայկական բինզեսը լուրջ վնաս կը կրէր, կը տուժէին հայ փոխադրողները»,- ասաց նա։

Եթէ Էմիրատներից Հայաստանը ներկրում է տեքստիլ, կահոյք, կենցաղային տեխնիկա, ապա Իրանից պլաստիկ իրերի համար հումք ենք ներմուծում։

Ինչ վերաբերում է զբօսաշրջային ոլորտին, ապա Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսեանը առայժմ վատատես է։ Նա յոյս ունի, որ մինչեւ մարտի կէսերն իրավիճակը կը կարգաւորւի։ Եթէ ոչ, ապա բացասական միտումներ կը գրանցւեն նաեւ զբօսաշրջութեան ոլորտում։

«Բայց այլ տարբերակ չկայ։ Մեր քաղաքացիների առողջութիւնն ամէնից կարեւորն է։ Եւ եթէ անհրաժեշտութիւն կայ բնակչութեանը համաճարակից պաշտպանելու, ապա պէտք է համապատասխան միջոցներ ձեռնարկւեն, այդ թւում նաեւ փակեն սահմանը։ Եթէ Աստւած չանի, վիրուսը Հայաստան ներթափանցի, մենք արդէն բազմաթիւ այլ երկրներից զբօսաշրջային հոսք կը կորցնենք»,- ասաց Ապրեսեանը:

Նա նկատեց, որ սովորաբար Նովրուզի շրջանում Հայաստան միջինում մինչեւ 20 հազար իրանցի է գալիս։ Այդ հոսքից զրկւելը լաւագոյն հեռանկարը չէ, բայց այդպիսին է իրողութիւնը։

Միեւնոյն ժամանակ Ապրեսեանը չի կարծում, որ եթէ այս տարի իրանցիները Հայաստան չգան, ապա հետագայ տարիներին զբօսաշրջային հոսքի այդ աղբիւրը «կը վերանայ»։ Այդ աւանդոյթի խաթարման համար Ապրեսեանը նախադրեալներ չի տեսնում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։