Հա

Ազգային

31/03/2020 - 13:00

Համաճարակի տարածման կանխարգելման աւելի անարդիւնաւէտ ճանապարհ հնարաւոր չէր մշակել, այս միջոցն այլ նպատակ ունի, որը չի բարձրաձայնւում. Ա. Կիւրեղեանը՝ աղմկայարոյց նախագծի մասին

Համաճարակի տարածման կանխարգելման աւելի անարդիւնաւէտ ճանապարհ հնարաւոր չէր մշակել. այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կիւրեղեանը՝ անդրադառնալով խորհրդարանի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունւած Արտակարգ դրութեան իրաւական ռեժիմի մասին օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին նախագծին:

«alikonline.ir» - Համաճարակի տարածման կանխարգելման աւելի անարդիւնաւէտ ճանապարհ հնարաւոր չէր մշակել. այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կիւրեղեանը՝ անդրադառնալով խորհրդարանի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունւած Արտակարգ դրութեան իրաւական ռեժիմի մասին օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին նախագծին:

«Այդ օրէնքով առաջարկւում է՝ արտակարգ դրութեան դէպքում հասանելի դարձնել իւրաքանչիւր յաճախորդի հեռախօսահամարի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցած հեռախօսահամարները, հեռախօսային խօսկցութեան ամսաթիւը, սկիզբն ու աւարտը պարզելու տւեալները, իսկ հեռախօսային զանգի վերահասցէաւորման կամ փոխանցման դէպքում՝ այն հեռախօսահամարի տւեալները, որին փոխանցւել է զանգը: Նոյնը նաեւ էլեկտրոնային հաղորդակցման միջոցների ծրագրային ապահովման օգտագործման եւ կիրառման միջոցների դէպքում:  Եւ այս ամէնը հիմնաւորւում է՝ մեր երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղւած թւային համակարգերի ներդրման արդիւնաւէտութեամբ»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ նախագծի նպատակ է նշւում՝ ժամանակակից էլեկտրոնային եւ թւային տեխնոլոգիաների կիրառմամբ համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմի միջոցով ստացւած տւեալների մշակման եւ վերլուծութեան հիման վրայ հնարաւորութիւն կը ստեղծւի կանխորոշել եւ սահմանափակել անձանց տեղաշարժման եւ շփումների շրջանակը, տարածման ուղղութիւնները եւ առաւել արդիւնաւէտ հսկողութիւն իրականացնել անձանց տեղաշարժի սահմանափակման ռեժիմի պահպանման նկատմամբ:

«Ըստ իս, նշւած նպատակն ու նրան հասնելու համար առաջարկւած միջոցը համաչափ չեն եւ այդ միջոցի իրականացման արդիւնքում, մենք կունենանք հանրապետութեան ողջ բնակչութեան տոտալ վերահսկողութիւն: Եթէ միայն դիտարկենք այսօր իրականացւող հեռավար ուսուցման շրջանակներում հեռախօսային ուղղակի եւ անուղղակի կապերի, ինչպէս նաեւ էլեկտրոնային տարբեր ծրագրերի իրականացման ծաւալները, ապա այն կընդգրկի գրեթէ բոլորին, ողջ հանրապետութիւնը: Այս ամէնը հանրութեան մէջ կարող է ստեղծել աւելորդ լարւածութիւն»,- ասաց նա:

Կիւրեղեանը նշեց, որ մտահոգիչ է նաեւ անձնաւորւած տւեալների ոչնչացման երաշխաւորութեան հարցը: «Արդեօ՞ք կարող է վստահութիւն լինել այդ հարցում, եթէ ամէն օր հանդիպում ենք կոռուպցիայի դէմ պայքարի անւան տակ հեռախօսային գաղտնալսումների փաստերի: Բոլորովին այլ բան է, եթէ նախագիծը ենթադրէր միայն հեռախօսի միջոցով անձանց տեղաբաշխման ֆիքսում: Բացի այդ արդէն ունենք 500-ին մօտ դէպքեր եւ առաջարկւող միջոցն արդէն ժամանակավրեպ է»,- շեշտեց բանախօսը եւ յաւելեց. 

«Ես չեմ կարողանում հասկանալ կապը հեռախօսազրոյցի տեւողութեան, ժամանակի, հեռախօսազրոյցի երկու կողմերի տեղաբաշխման մասին ինֆորմացիայի  տիրապետման եւ վարակի տարածման կանխարգելման միջեւ: Նման կապ որոնելն անտրամաբանական է»:

Նա նշեց, որ այս միջոցը կա՛մ ընդամենը գործ անելու տպաւորութիւն թողնելու նպատակ ունի, կա՛մ այլ նպատակ, որի մասին չի բարձրաձայնւում: Երկու դէպքում էլ, մտահոգւելու բան ունենք:

«Նախագծի իրացումը ենթադրում է նախ մեծ ֆինանսական ծախսեր: Խոստացել են սմարթֆոններ տրամադրել նրանց, ովքեր չունեն: Պատկերացնում էք, չէ՞, թէ քանի մարդ կարող է իրականում չունենալ, եւ քանիսը կը յայտարարի, որ չունի: Նախ պէտք է ճշտել այդ ցանկը, ձեռք բերել անհրաժեշտ քանակութեամբ սմարթֆոն. ի՞նչ մեխանիզմով եւ ումի՞ց, սա էլ պակաս կարեւոր հարց չէ, յետոյ նրանց տրամադրել սմարթֆոններ: Այդ ամէնն արդիւնքում մեծ թւով ուղղակի շփումներ է ենթադրում: Դա նման է այն դէպքին, երբ մեր վարչապետի կինը փողոցում ձեռքով, նոյնիսկ առանց ձեռնոցների, թղթային տարբերակով բնակիչներին բաժանում էր տպագրւած նիւթեր այն մասին, թէ ինչպէս պէտք է պահպանել համաճարակից պաշտպանւելու կանոնները»,- ասաց նա:

Անդրադառնալով ծրագրային ապահովման ծախսերին՝ նա նշեց. «Այդքան ժամանակ եւ այդքան ֆինանսական միջոցնե՞ր: Այսօր իւրաքանչիւր վայրկեանի եւ իւրաքանչիւր լումայի արդիւնաւէտ օգտագորումը խիստ կարեւոր է մեր երկրի համար, ուստի, համաճարակի տարածման կանխարգելման աւելի անարդիւնաւէտ ճանապարհ հնարաւոր չէր մշակել»:

Դիմելով կառավարութեանը՝ Կիւրեղեանն ասաց, որ նրանք պէտք է ուսումնասիրեն խորհրդարանական ընդդիմութեան եւ արտախորհրդարանական տարբեր ուժերի, անհատների, կազմակերպութիւնների կողմից ներկայացրած առաջարկութիւնները, ընտրեն դրանցից արդիւնաւէտներն ու իրատեսականները, դրանք քննարկեն հէնց այդ ուժերի հետ եւ սկսեն օր առաջ կեանքի կոչել այդ ամէնը:

«ՀՅ Դաշնակցութիւնն օրեր առաջ կառավարութեանն է ներկայացրել համավարակի պայմաններում արտակարգ դրութեան ապահովման եւ դրանից բխող հակաճգնաժամային կառավարման վերաբերեալ առաջարկութիւնների ամբողջական փաթեթ: Դրանցից որոշները սկսւել են կեանքի կոչւել, որոշները՝ բարձրաձայնւել, իհարկէ, չնշելով, որ դրանք Դաշնակցութեան առաջարկներն են, թէեւ կարեւորը դրանց իրականացումն է: Յարգելի կառավարութիւն, մի խուսափէք փորձառուների առաջարկները լսելուց, նրանց հետ քննարկումներից, նրանց առաջարկներից: Վտանգի առաջ մեր բոլորի երկիրն է, հայրենիքը, մենք՝ բոլորս»,- եզրափակեց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։