Հա

Այլ

17/06/2012 - 11:20

alt«yerkirmedia.am» - Ամերիկահայ երաժիշտ Վահէ Հայրիկեանն անհաւանական որոնումներից յետոյ՝ Փասադենայում գտել է 16 տարի առաջ գողացւած իր 200 տարւայ թաւջութակը,- յայտնել է «tert.am»-ը՝ «Los Angeles Times»-ին յղումով: Հայրիկեանը երաժշտութիւն է դասաւանդում Փասադենայի նւագախմբում:
1996 թւականի յունիսին Հոլիվուդում գողացել էին Հայրիկեանի մեքենան՝ թանկարժէք թաւջութակով հանդերձ: Այդ ժամանակ գողացւել էին նաեւ աղեղները (արշէ), որոնցից մէկը գրեթէ նոյնքան թանկ արժէ, որքան՝ թաւջութակը:

Մի առ ժամանակ անց, ինչպէս յայտնի է դարձել օրերս, թանկարժէք թաւջութակը տեղի երաժշտական խանութներից մէկին էին վաճառել 900 դոլարով: Երբ խանութի տէրը ցանկացել էր վաճառել դա, միանգամից երկու գնորդներ էին յայտնւել: Մէկն առաջարկել էր 7500, միւսը 8500 դոլար:
Սակայն, ծաւալած սեփական հետաքննութեան եւ ունեցած հին լուսանկարների շնորհիւ՝ Հայրիկեանը յաջողել էր ապացուցել, որ թաւջութակը հէնց իրենն է: Նա խանութում ստացել է այն եւ այդ ժամանակ նւագել է Բախի թաւջութակի սուիտ «No. 2 D minor»-ը: Երաժիշտը խոստացել է անհաւանական վերամիաւորման առիթով այս տարւայ վերջում համերգ տալ այն խանութում, որտեղ գտել է թաւջութակը, եւ վճարել է դրա տիրոջը՝ դրա վրայ արւած ծախսերի համար:
Հայրիկեանը թաւջութակը գնել է Հայաստանում՝ 1986 թւականին, սակայն չի կարողացել այն երկրից դուրս հանել, երբ 1990 թւականին տեղափոխւել է ԱՄՆ: Միայն երկու տարի անց նրա ընկերը յաջողել է թաւջութակը Չեխոսլովակիայով եւ Անգլիայով Լոս Անջելէս հասցնել:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։