Միջազգային հետազօտողների խումբը «վերծանել է» հացի ամենահին բաղադրատոմսը, որն աւելի քան 14 հազար տարեկան է:
Յորդանանի Սեւ Անապատում հնագիտական պեղումների ընթացքում արւած բացայայտումները վկայում են այն մասին, որ հաց թխելու գործընթացը, հաւանաբար, գոյութիւն է ունեցել դեռ 14 հազար տարի առաջ:
«alikonline.ir» - Միջազգային հետազօտողների խումբը «վերծանել է» հացի ամենահին բաղադրատոմսը, որն աւելի քան 14 հազար տարեկան է: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «BBC»-ն:
Յորդանանի Սեւ Անապատում հնագիտական պեղումների ընթացքում արւած բացայայտումները վկայում են այն մասին, որ հաց թխելու գործընթացը, հաւանաբար, գոյութիւն է ունեցել դեռ 14 հազար տարի առաջ:
Գիտնականները փորձել են վերականգնել հնագոյն բաղադրատոմսը լաբորատորիայում, ինչի համար Լոնդոնի համալսարանական քոլեջի հնագիտութեան ինստիտուտի փորձագէտ Լառա Գոնսալէս Կերետէրոն էլեկտրոնային մանրադիտակի տակ վերլուծել է պեղումների ժամանակ յայտնաբերւած հացի 24 փշրանքները:
«Դա ջրի հետ խառնւած վայրի ցորենի ալիւրից եւ գարուց բուխարիում պատրաստւած հաց էր: Դրան աւելացւում էր նաեւ վայրի բոյսերից պատրաստւած ալիւր, որը հացին փոքր-ինչ դառը գամ էր հաղորդում»,- ասել է նա: Փորձագէտների կարծիքով՝ այսպիսի հացի մէջ հնագոյն մարդիկ կարող էին տապակած միս դնել: Այդպէս, լինելով ամենահին հացը, այն կարող է նաեւ աշխարհի ամենահին բուրգերը լինել:
Հետազօտողները կարծում են, որ հնագոյն մարդիկ, որոնց հիմնական զբաղմունքը որսն եւ հաւաքչութիւնն էր, հաց էին թխում խոշոր տօների եւ տօնախմբութիւնների կապակցութեամբ:
Հաց թխելու գործընթացն առաջացել է հողագործութիւնից առաջ, երբ մարդիկ սկսել են մշակաբոյսեր աճեցնել եւ տնայնացնել կենդանիներին: Այս ուսումնասիրութիւնները վկայում են այն մասին, որ հացահատիկի աճեցումը, ամենայն հաւանականութեամբ, այդ ժամանակի գիւղատնտեսութեան շարժիչ ուժն է եղել: