Հա

Քաղաքական

11/04/2012 - 13:24

alt«Yerkirmedia.am» - Ի՞նչ կայ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում, ընտրողը դեռ չգիտի, բայց արդէն յայտնի են կարգախօսերը, որոնցով 8 կուսակցութիւն եւ մէկ դաշինք մասնակցելու են մայիսի 6-ի խորհրդարանական ընտրութիւններին:
Մասնագէտները յիշեցնում են՝ յաջող ընտրւած կարգախօսը կարող է յաջողութիւն բերել: Քաղաքական հոգեբանութեան եւ քաղաքական PR-ի մասնագէտ Գայիանէ Յարութիւնեանը դիտարկում է. «Կարգախօսներն անցած ընտրութիւնների ժամանակ աւելի շեշտադրւած էին ու համոզմունք կար մէջը, այսօր կասկածը գերակշռում է»:

«Քեզ համար՝ Հայաստան» կարգախօսով Հանրապետականը 2007 թւականին աւելի ինքնավստահ էր. երեւի գիտէր, թէ ում համար է պայքարում. մինչդեռ, այսօր պայքարելու համար Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը (ՀՀԿ) հանրութեան վստահութեան կարիքն է զգում: ՀՀԿ-ի «Հաւատանք, որ փոխենք»-ը ոմանց յիշեցրեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի 2007 թւականի կարգախօսը, ոմանց՝ Դաշնակցութեան՝ 2003 թւականի «Փոխենք մեր կեանքը» կարգախօսը: Շատերն էլ տարակուսեցին. տեսնես ինչո՞ւ ՀՀԿ-ն մինչեւ այսօր չէր փոխւում:
Դատելով կարգախօսից՝ «Օրինաց երկիր»-ն (ՕԵԿ) էլ հաւատքի պակաս ունի: Նրանք էլ ընտրութիւններին մասնակցելու են «Հաւատանք, որ կառուցենք օրինաց երկիր» կարգախօսով:
Կոալիցիայի 3-րդ անդամը՝ «Բարգաւաճ Հայաստան»-ը, 2007 թւականին ասում էր. «Մեր խօսքը գործ է», «Ուժեղը պիտի լինի արդար, թոյլը պաշտպանւած», իսկ այսօր ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի նման, «Բարգաւաճ Հայաստան»-ը (ԲՀԿ) եւս չի ուզում առանց ընտրողների հաւատքի մասնակցել ընտրութիւններին. «Հաւատա, վստահիր, պահանջիր»-ը ԲՀԿ-ի այս ընտրութիւնների կարգախօսն է:
Այն, որ կոալիցիոն երեք կուսակցութիւնների կարգախօսներում հաւատքը յատուկ տեղ ունի, ըստ հոգեբանի, պատահական չէ: Սոցիոլոգիական հարցումները ցոյց են տւել, որ բնակչութեան 80 տոկոսը չի հաւատում, որ ընտրութիւնները կը լինեն ազատ ու արդար:
«Դա էլ արտացոլւել է կոալիցիոն կուսակցութիւնների կարգախօսներում, որտեղ շեշտը դրւել է հաւատալ բառի վրայ: Շատ նորմալ եմ դա համարում, բայց կարգախօսը պէտք է լինի կոչ եւ շեշտադրւած, պէտք է պայմանական երանգներ չունենան՝ «Հաւատանք, որ փոխենք»: Հաւատանք եւ փոխենք կառաջարկէի: ԲՀԿ-ի կարգախօսն աւելի շեշտադրւած է»,- ասաց Գայիանէ Յարութիւնեանը:
«Մեր հին ընկերը Դաշնակցութիւնն է»,- սա ՀՅԴ-ի 2007 թւականի երկու գլխաւոր կարգախօսներից մէկն էր: Նորը կազմւած է ընդամէնը երեք բառից՝ «Ազատութիւն, արդարութիւն, դաշնակցութիւն»: Կարգախօսը կարճ է, բայց բովանդակալից եւ ընտրողին կը յիշեցնի, որ ազատութեան եւ արդարութեան համար պէտք է դաշնակցել ՀՅԴ-ի հետ:
«Դաշնակցականներինը շատ գեղեցիկ է, աւելի է համապատասխանում կարգախօսի պահանջներին, լաւատեսական է, դրական ռիթմ կայ մէջը»,- ասաց քաղաքական PR-ի մասնագէտը:
Կարգախօսը թէեւ յիշեցնում է ֆրանսիական յեղափոխութեան «Հաւասարութիւն, ազատութիւն, եղբայրութիւն» արդէն դասագրքային դարձած արտայայտութիւնը, սակայն դա էլ հասկանալի է նրանց դէպքում: Ի վերջոյ, սոցիալիստ են եւ յեղափոխական:
«Ոչ մի ձայն՝ յանցաւոր ռեժիմին»,- սա էլ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կարգախօսն է: Այն թէպէտ համապատասխանում է ՀԱԿ-ի գաղափարախօսութեանը, բայց, հոգեբանի կարծիքով, բացասական ենթաշերտ ունի:
2007 թւականին «Հաւատք եւ հայրենիք» կարգախօսը «Ժառանգութեան»-ը եօք մանդատ ապահովեց: Այսօր Ազատ դեմոկրատների հետ միասին պայքարող «Ժառանգութիւն»-ը կարգախօսի հարցում դեռ չի կողմնորոշւել: Մտածում են՝ գուցէ ընտրեն «Միասին սարեր ենք շարժելու» տարբերակը: Ըստ հոգեբանի՝ սա գրաւիչ է ու հայկական:
Կոմկուսի կարգախօսը՝ «Կոմունիստների յաղթանակը ժողովրդի յաղթանակն է». հոգեբանը նկատում է՝ սա հնաբոյր է, իսկ Դեմոկրատական կուսակցութեան կարգախօսի մէջ թէականութիւն կայ. «Եթէ արդարութիւն՝ ապա Դեմկուս»:
Մասնագէտը խորհուրդ է տալիս հեռու մնալ եթէ-ներից ու ապաներից, դրանք կասկած են առաջացնում: «Միաւորւած հայեր» կուսակցութեան կարգախօսերն էլ աւելի շուտ կոչեր են՝ «Հայեր, միացէք, միացէք իրաւական երկրում», «Կեանքի կոչենք ազգին ծառայող իրաւունքի գերիշխանութիւնը»: Կը հետեւի՞ ընտրողն այս կոչերին՝ դժւար է ասել, բայց հոգեբանը դիտել է տալիս՝ դրանք բարդ ընկալելի են եւ առանց յուզականութեան:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։