Հա

Քաղաքական

05/04/2012 - 11:44

alt«Yerkirmedia.am»- Արցախի խորհրդարանի օրերս կայացած լիագումար նիստը սկսւել է իւրօրինակ շնորհանդէսով. լոյս է տեսել ԼՂՀ-ի ԱԺ-ի տեղեկատուն, այն պատգամաւորներին ներկայացրել է խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլեանը:
Նիստի օրակարգով նախատեսւած էր նաեւ պատգամաւորական յայտարարութիւն: ՀՅԴ խմբակցութեան անունից յայտարարութեամբ հանդէս է եկել խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանը: Արցախի դաշնակցականները Հայաստանի հետ միջպետական պայմանագրի անհրաժեշտութիւն են տեսնում:

«Յոյժ կարեւոր է ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջեւ միջպետական պայմանագրի կնքումը: Դրանով նախ առաւել կապահովւի արցախահայութեան անվտանգութիւնը, երկրորդ՝ նոր մակարդակի կը հասնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան «դէ իւրէ» միջպետական յարաբերութիւնները եւ երրորդ՝ այն լուրջ խթան կը հանդիսանայ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման գործընթացի համար»,- ասել է ԼՂՀ-ի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանը:
Յիշեցնենք, որ նոյն այդ նիստում Արցախում նախագահական ընտրութիւնների օր է յայտարարւել յուլիսի 19-ը: ԼՂՀ-ի Սահմանադրութեան եւ Ընտրական օրէնսգրքի դրոյթների համաձայն՝ գործող նախագահի լիազօրութիւնների աւարտից 50 օր առաջ՝ ոչ ուշ քան հերթական նախագահական ընտրութիւնից 100 օր առաջ, խորհրդարանը յայտարարում է ընտրութիւնների օրը:
«Այս ընտրութիւնները դառնալու են մեր հանրապետութեան հանրութեան եւ քաղաքական ուժերի համար ամենապատասխանատու քաղաքական իրադարձութիւնը՝ 2012 թւականին, եւ ամէն ինչ անելու ենք՝ առաջիկայ ընտրութիւնները ժողովրդավարական ուղիով Արցախի հերթական յաջողութիւնը դարձնելու համար»,- ասել է Աշոտ Ղուլեանը:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։