Հա

Քաղաքական

04/02/2019 - 15:00

Ազգային արժեհամակարգը եւ պետականութիւնը

Ազգային-պետական կեանքը, ինչպէս օբիեկտիւ, այնպէս էլ սուբիեկտիւ գործոններով պայմանաւորւած, ժամանակ առ ժամանակ նորոգման, եթէ չասենք՝ թարմացման, յայտ է ներկայացնում, որը միանգամայն օրինաչափ է: Այդ նորոգումթարմացումները նախ՝ տեւականօրէն խմորւում են հասարակութեան խորքային շերտերում, ապա միայն դրսեւորւում նպաստաւոր մի պահի: Ժողովրդավարական հասարակութեան մէջ փոփոխութիւնների տրամադրութիւն-ցանկութիւնները վերածւում են իրողութեան, եթէ դառնում են հասարակական ընդհանուր պահանջ:

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Ազգային-պետական կեանքը, ինչպէս օբիեկտիւ, այնպէս էլ սուբիեկտիւ գործոններով պայմանաւորւած, ժամանակ առ ժամանակ նորոգման, եթէ չասենք՝ թարմացման, յայտ է ներկայացնում, որը միանգամայն օրինաչափ է: Այդ նորոգումթարմացումները նախ՝ տեւականօրէն խմորւում են հասարակութեան խորքային շերտերում, ապա միայն դրսեւորւում նպաստաւոր մի պահի: Ժողովրդավարական հասարակութեան մէջ փոփոխութիւնների տրամադրութիւն-ցանկութիւնները վերածւում են իրողութեան, եթէ դառնում են հասարակական ընդհանուր պահանջ: Ըստ էութեան, նմանօրինակ հասարակական պահանջի դրսեւորում էր 2018-ի ապրիլի ժողովրդային շարժումը, որի մակընթաց ալիքը Հայաստանի Հանրապետութիւնում յանգեցրեց իշխանափոխութեան (կամ, ինչպէս ընդունւած է ասել, իշխանական վերնախաւի փոփոխութեան): Ժողովրդային շարժումը (կամ այսպէս կոչւած «թաւշեայ յեղափոխութիւնը») երկրի ղեկը սկուտեղի վրայ մատուցեց պետական կառավարման փորձից զուրկ, երբեմն նոյնիսկ աշխատանքային զրօ կենսագրութեամբ, բայց շատ յաւակնոտ երիտասարդների մի խմբի, որոնք փորձում են պետական կառավարման ոլորտում հեծանիւ յօրինել այն դէպքում, երբ նախքան իրենք արդէն իսկ կային անհամեմատ աւելի կատարելագործւած փոխադրամիջոցներ: Բայց դա դեռ ոչինչ: Նրանց անփորձութեան հետեւանքները, որքան էլ՝ ծանր, նոյնպէս կարող են յաղթահարւել (ժամանակի խնդիր է), եթէ, իհարկէ, դրանք միայն անփորձութեան սխալներ են, եւ հեղինակներն էլ չեն տառապում անսխալականութեան բարդոյթով: Սակայն մտահոգիչ երեւոյթները գնալով ձեռք են բերում նոր որակներ եւ ծրագրային մօտեցման կամ, որ գրեթէ նոյնն է, ծրագրի իսպառ բացակայութեան տպաւորութիւն են թողնում, որը չի կարող լրջօրէն չանհանգստացնել: Խօսքս առաջին հերթին վերաբերում է ազգային արժեհամակարգի բաղադրիչների նկատմամբ նոր իշխանութիւնների, մեղմ ասած, ոչ գրագէտ վերաբերմունքին: Եթէ, օրինակ, պետութեան տնտեսական զարգացման մոդելի ոչ ճիշտ ընտրութեան դէպքում մեր երկրի տնտեսութիւնը ինչ-որ ժամանակ կը դոփի տեղում կամ նահանջ կարձանագրի՝ իր խիստ բացասական հետեւանքներով (օր.՝ կը սկսւի արտագաղթի նոր ալիք), ապա ազգային արժեհամակարգի նկատմամբ մեղանչումները պարզապէս անդառնալի հարւածներ կը հասցնեն ազգի ողնաշարին: Իսկ ազգային արժեհամակարգից շեղումների պատճառները կարող են տարբեր լինել: Դրանցից են.

1) Ազգային արժեհամակարգի չիմացութիւնը: Սա ամէնից մեղմն է եւ կարող է պայմանաւորւած լինել ինչպէս սեփական պատմութեան չիմացութեամբ, այնպէս էլ համաշխարհային պատմութեան, մասնաւորապէս՝ համաշխարհային քաղաքական պատմութեան համատեքստում նրա ոչ ճիշտ իմաստաւորմամբ: Ընդ որում՝ պատմութեան իմացութիւնը պարզապէս իրադարձութիւնների ժամանակագրութեան իմացութիւն չէ, այլ՝ պատմութեան տրամաբանութեան ըմբռնում: Այսինքն՝ ոչ միայն «ինչի» եւ «ինչպեսի», այլեւ «ինչու»-ի ըմբռնում:

2) Այլ արժեհամակարգի հետեւելը: Այդպիսին էր, օրինակ, հայկական բոլշեւիզմը 20-րդ դարի սկզբին: Այս երեւոյթի շուրջ բանավէճերը ունեն մօտ մէկ դարի պատմութիւն, եւ այստեղ մեր նպատակից դուրս է դրանց նորից ընթացք տալը, բայց անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ մի իրողութեան՝ որպէս նշւած երեւոյթի բնութագրական օրինակի: Վաղուց յայտնի ճշմարտութիւն է, որ 1920-ին Կովկասում սկիզբ առած տարածաշրջանային իրողութիւնների պայմաններում (այն է՝ Քեմալական Թուրքիայի ծաւալապաշտական շարժումը դէպի իր արեւելեան թուրք եղբայրները՝ մի կողմից, եւ բոլշեւիկեան Ռուսաստանի նոյնատիպ շարժումը դէպի նոյն տարածքները՝ միւս կողմից), Հայաստանի առաջին Հանրապետութիւնը չէր կարող գոյատեւել որպէս անկախ պետութիւն: Հետեւաբար, «բոլշեւիկեան մուրճի եւ թուրքական սալի միջեւ» (Ս. Վրացեան) գտնւող Հայաստանի խորհրդայնացումը միայն ժամանակի խնդիր էր: Օրւայ իշխանութիւնների առջեւ ծառացած հիմնական հարցը, նախ՝ հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգութեան ապահովումն էր իր հայրենիքի մի մասում, ապա՝ այդ հայրենիքի տարածքային ամբողջականութեան պահպանումը, մինչեւ կորոշակիանար աշխարհաքաղաքական զարգացումների ուրւագիծը: Այսօր միանշանակ կարելի է ասել. եթէ չլինէր բոլշեւիկեան բարոյալքող քարոզչութիւնը ազգաբնակչութեան, այդ թւում՝ զօրքերի շրջանում, Հայաստանի Հանրապետութիւնը կը խորհրդայնանար առնւազն Կարսի նահանգով, եթէ ոչ՝ աւելի մեծ տարածքով: Այլապէս ինչով բացատրել, որ 1918-ի վերջին (դեկտեմբեր) հայկական վատ զինւած, վատ պարենաւորւած եւ կիսաբոբիկ զօրամասերը Դրոյի գլխաւորութեամբ պարտութեան մատնեցին թւաքանակով մօտ երկու անգամ իրենց գերազանցող եւ լաւ զինւած ու հանդերձաւորւած վրացական զօրքին, իսկ երկու տարի յետոյ՝ 1920-ի հոկտեմբերի 30-ին, լաւ զինւած ու հանդերձաւորւած հայկական զօրամասերը առանց կռւի Կարսի անառիկ համարւող ամրոցը, որի պաշտպանութեան հրամանատարն էր զօր. Դանիելբեկ Փիրումեանը՝ Սարդարապատի հերոսամարտի ղեկավարներից մէկը, յանձնեցին թուրքերին: Ընդ որում, այն դէպքում, երբ յարակից՝ Սուրմալուի ռազմաճակատում, որի հրամանատարը դարձեալ լեգենդար Դրօն էր, թուրքական զորամասերին չյաջողւեց առաջ շարժւել եւ ոչ մի քայլ

3) Օտար ուժերի հետ համագործակցութիւնը յանուն իշխանութիւնը ձեռք ձգելու կամ այն պահպանելու: Ուժեր, որոնց հետաքրքրութիւնների բուն նպատակը ոչ միշտ է յայտնի եւ ոչ միշտ է անկեղծ:

Այժմ մեր բուն մտահոգութեան մասին:

Վերջերս նոր իշխանութեան տարբեր ներկայացուցիչներ, առաջնորդւելով, թերեւս, յեղափոխութիւններին բնորոշ ամենայն հինը մերժելու եւ դրանք նորերով փոխարինելու մղումով, ի թիւս այլ «սպառնալիքների», խօսում են նաեւ գործող պետական օրհներգը Խորհրդային Հայաստանի օրհներգով փոխարինելու մասին: Իսկ մինչ այդ կառավարութեան ղեկավարը հանդէս էր եկել որոշ նախարարութիւններ, այդ թւում՝ սփիւռքի եւ մշակույթի, կրճատելու նախաձեռնութեամբ: Հարկ չենք համարում անւանապէս յիշելու այդ նախաձեռնութիւնների հեղինակներին (ինչպէս ընդունւած է ասել շոու բիզնեսի բառապաշարում, նրանք գտնւում են այսօր ամէնից աւելի յայտնի դարձած հայերի թոփ տասնեակում), որովհետեւ տւեալ դէպքում հիմքեր կան մտածելու, որ գործ ունենք ոչ թէ անհատական նախաձեռնութիւնների, այլ նոր իշխանութիւնների կողմից հռչակւած ներքաղաքական կուրսի հետ:

Մենք միշտ հպարտացել ենք մշակութային ազգ լինելով եւ կարծում եմ՝ դա արդարացւած է եղել: Վկան մեր՝ համաշխարհային ճանաչման արժանացած մշակոյթի գործիչներն են ու նրանց ստեղծած արժէքները ամենատարբեր ոլորտներում: Ամէն ժողովրդի մշակոյթ մարդկութեան համար հետաքրքրութիւն է ներկայացնում իր ինքնատիպութեամբ, համաշխարհային մշակութային գանձարանում իր աւելացրած ուրոյն երանգով: Ճիշտ է՝ իւրաքանչիւր նկարիչ, քանդակագործ կամ գրող ստեղծագործում է ըստ իր պատկերացումների, եւ դրա համար նա պետական կառոյցի օժանդակութեան կամ ցուցումի կարիք չունի, բայց պետական կառոյցն անհրաժեշտ է, մի կողմից, ազգային մշակոյթի լաւագոյն արտայայտութիւնները միջազգային ասպարէզ դուրս բերելու, դրանցով աշխարհին ներկայանալու համար, իսկ միւս կողմից՝ ներքին քարոզչութեան եւ մշակութային արժեհամակարգ ձեւաւորելու, այն հարստացնելու համար: Այլ կերպ ասած՝ պետական մշակութային քաղաքականութիւն իրականացնելու համար: Եթէ պետական մշակութային կառոյցը պատշաճ մակարդակով չի իրականացնում իր գործառոյթները, խնդրի լուծումը այն վերացնելը չէ, այլ ոլորտի պատասխանատուներին գիտակներով փոխարինելը, թերեւս՝ նաեւ մշակութային ռազմավարութեան յստակեցումը: Իսկ եթէ պետական կառոյցի առանձին օղակների կրճատման բուն նպատակը միջոցներ խնայելն է, ապա դա չպէտք է վերաբերի ոչ մշակոյթի, ոչ էլ կրթութեան ու գիտութեան նախարարութիւններին: Առանց ազգային դիմագծով մշակոյթի եւ ազգային արժեհամակարգի վրայ խարսխւած կրթութեան, նոյնն է՝ թէ պետութիւն առանց ազգային ինքնութեան գիտակցումով քաղաքացու: Եթէ բանակը անհրաժեշտ է մեր ֆիզիկական գոյութիւնը ապահովելու համար, ազգային մշակոյթն ու կրթութիւնը անհրաժետ են հայրենիքին գաղափարապէս հասուն եւ ոգով թրծւած, յանուն բարձր արժէքների զոհաբերութեան ունակ քաղաքացիներ դաստիարակելու համար: Հետեւաբար՝ նաեւ բանակին իր առաքելութեանը պատրաստ զինւոր տալու համար: «Մշակոյթ» եւ «կրթութիւն» բառերի կողքին «ազգային»-ի շեշտադրումը ամենեւին չի նշանակում մտահորիզոնի նեղացում եւ մեր մշակութային ու կրթական համակարգերի՝ համաշխարհային զարգացման միտումներից խզում: Դա կը լինէր միւս ծայրայեղութիւնը, որովհետեւ այդպիսի խզումը մեզ անընկալելի կը դարձնի աշխարհում եւ կը տանի դէպի մեկուսացում: Իհարկէ, բարդ է ազգային մշակոյթի կամ կրթական համակարգի բանաձեւ առաջարկելը, բայց ընդհանուր գծերով այն կարելի է սահմանել որպէս սեփական մշակութային եւ կրթական աւանդոյթներից բխող սկզբունքների եւ համաշխարհային առաջադէմ փորձի ներդաշնակ համադրում՝ ազգայինի հիմքի վրայ: Այլ կերպ ասած՝ մերը եւրոպական կրթութեամբ Աբովեանն է ու Կոմիտասը, մենք գնահատում ենք Վալտէր Սքոթին, բայց մերը Րաֆֆին է, սովորում ենք Ուիթմենից եւ Պօլ Էլիւարից, բայց մերը Թումանեանն է ու Չարենցը, ընդունում ենք Պիկասոյի արւեստը, բայց մերը Մ. Սարեանն ու Ե. Քոչարն են եւ այլն:

Կարծում ենք՝ նոյն տրամաբանութեամբ պիտի վերաբերւել նաեւ պետական օրհներգին ու զինանշանին, որոնց շուրջ եւս ժամանակ առ ժամանակ կրքեր են լարւում: Անկախ պետականութեան հռչակման գործընթացի փուլում, երբ օրհներգի եւ զինանշանի ընտրութեան հարց էր դրւած, քիչ չէին թեր եւ դէմ կարծիքները, բայց, ի վերջոյ, օրւայ քաղաքական մեծամասնութեան շարքերում յաղթեց դէպի ազգային արժեհամակարգը հակւելու միտումը եւ նախապատւութիւնը տրւեց Առաջին հանրապետութեան խորհրդարանի կողմից ընդունւած օրհներգին ու զինանշանին: Դրանով Հայաստանի երրորդ (անկախ) հանրապետութիւնը իրեն հռչակեց Առաջին (անկախ) հանրապետութեան կողմից ընդունւած ազգային-պետական արժէհամակարգի ժառանգորդ:

Գործող օրհներգի փոփոխութեան մերօրեայ կողմնակիցներից ոմանց հիմնաւորումները տարբեր ձեւակերպումներով յանգում են մի բանի՝ արդիական չէ: Եթէ առաջնորդւենք արդիականութեան չափանիշով, ապա պիտի ընդունենք, որ արդիական չէ նաև Խ. Աբովեանի «Վերք Հայաստանին»: Առաջին հերթին «արդիական չէ» «Վերքի» լեզուն. գրւած լինելով Արարատեան բարբառի Քանաքեռի խօսւածքով`այն ընկալման դժւարութիւն է ներկայացնում ոչ միայն արեւմտահայերի, այլեւ արեւելահայերի համար: Բայց «Վերքի» առաջաբանը հայ նոր գրականութեան մանիֆեստն է, իսկ բուն վէպը՝ այդ մանիֆեստի գեղարւեստական իրագործումը: Հրաժարւե՞նք «Վերքից»: «Մեր հայրենիքին» դէմ արտայայտւողները, հակաքարոզչական նպատակներով դիմելով մանր խորամանկութեան, հիմնահարցին անտեղեակ մարդկանց օրհներգը մատուցում են «Մեր հայրենիք թշւառ, անտէր» բնագրային տողով, որը եղել է օրհներգի՝ Առաջին հան-րապետութեան ժամանակ ընդունւած տարբերակում, բայց այժմեան՝ գործող տարբերակում փոխարինւած է «Մեր հայրենիք ազատ, անկախ» տողով: Աւելին, իրենց իրական մտադրութիւնները քողարկելու նպատակով նրանք ասում են, թէ օրհներգի երաժշտութիւնը հայկական չէ, այլ՝ բալկանեան: Իհարկէ այդպէս չէ: Ակնյայտ է, որ գործ ունենք նաեւ անտեղեակութեան հետ: Սակայն, մի պահ ընդունենք, թէ այդպէս է եւ «Մեր հայրենիքի» երաժշտութեանը օտար ծագում վերագրողներին հարց տանք՝ ձեզանից քանիսի՞ անուններն են հայկական: Եւ առհասարակ, հայկական համարւող անձնանուններից քանի՞սն են բնիկ հայկական: Հայկակա՞ն են մեր Արտաշէսը, Տիգրանը, Արշակը, Կարէնը, Սուրէնը, Վարդանը, Գուրգէնը, Աշոտը, Դաւիթը, Գրիգորը, Գէորգը, Լեւոնը, Աշխէնը, Անահիտը, Փառանձէմը, Մարիամը, Գոհարը եւ ուրիշ շատերը, որոնք մենք համարում ենք հայկական: Դարերի խորքից եկած մեր անձնանունների մեծ մասը ունեն իրանական, հրէական, յունական, լատինական կամ արաբական ծագում, բայց ժամանակի ընթացքում նրանք հայացւել են՝ դառնալով մեր ազգային արժեհամակարգի մի մասը: Իրանական (իմա՝ պարթեւական) ծագում են ունեցել Արշակունիները և Լուսաւորչի տունը: Հայ պատմագրութեան մէջ հրէական ծագում է վերագրւում Բագրատունեաց նախարարական տոհմին եւ չինական ծագում՝ Մամիկոնեաններին: Նրանցից նոյնպէ՞ս հրաժարւենք: Բայց չէ՞ որ դա կը նշանակի հրաժարւել մեր պատմական ժառանգութեան մի շատ կարեւոր մասից:

Գործող օրհներգի մասին հնչող քննադատութիւնների իրական պատճառների մէջ խորամուխ լինելու դէպքում կը տեսնենք, որ հիմքում դրանք քաղաքական են եւ անձնական: Ազնիւ չի լինի ժխտել Ա. Խաչատրեանի գրած օրհներգի արժէքը իբրեւ երաժշտութեան, բայց այն գրւել է Խորհրդային Հայաստանի համար, որի տեքստը սկսւում է «Սովետական ազատ աշխարհ Հայաստան» տողով: Հիմա ինչպէ՞ս վարւենք. ՀԽՍՀ օրհներգն ընդունենք սարմենեա՞ն տեքստով, թէ նոր տեքստի մրցոյթ յայտարարենք: Չէ՞ որ ՀՍԽՀ օրհներգին տեղեակների գիտակցութեան մէջ խաչատրեանական երաժշտութիւնը զուգակցւում է սարմէնեան տեքստի հետ: Այդ երկուսը միաձոյլ ամբողջութիւն են: Ոմանց, աւելի ստոյգ՝ նոր օրհներգի ստւերային ջատագովների համար, իհարկէ, ցանկալին խաչատրեանական երաժշտութիւնն է նոր տեքստով: Աւելին ասեմ. ոմանք դէմ չէին լինի նոյնիսկ նոր երաժշտութեանը, բայց քանի որ այդ տարբերակը արդէն փորձարկւել է, եւ նրա իրական նպատակները բացայայտւել են, այդ մասին լռում են: Նկատի ունենալով պետական օրհներգը փոխելու նախորդ փորձերը՝ կարող ենք ասել, որ այսօր նոյնպէս այդպիսի հասարակական պահանջ գոյութիւն չունի, հետեւաբար այդ օրակարգը մտացածին է, շինծու: Ըստ ամենայնի, ոմանց կողմից այն ասպարէզ է նետւել իրական խնդիրներից ուշադրութիւնը շեղելու, հասարակական միտքը այլ բաներով զբաղեցնելու նպատակով: Առանձին դէպքերում այդ խայծը աշխատում է: Այն է՝ օրհներգի խօսքերի կամ երաժշտութեան հեղինակ դառնալը մշակոյթի որոշ գործիչների համար իրենց չբաւարարւած հաւակնութիւններին հագուրդ տալու հնարաւորութիւն է, իսկ նոր իշխանութիւնների համար՝ գործ ցոյց տալու եւ իրենց իշխանութեան շրջանը հայոց քաղաքական պատմութեան մէջ նոր խորհրդանիշների միջոցով կարեւորելու հնարաւորութիւն: Չմոռանանք՝ Խորհրդային Հայաստանի օրհներգի հեղինակը Ե. Չարենցը, Հ. Շիրազը կամ Պ. Սեւակը չէ, այլ Սարմէնը, որի անունը՝ իբրեւ բանաստեղծի, եթէ յիշատակւում է մեր գրականութեան մէջ, միայն իբրև ՀԽՍՀ օրհներգի խօսքերի հեղինակի:

Օրհներգի խօսքերի ընտրութիւնը պարզապէս լաւ բանաստեղծական տեքստի ընտրութիւն չէ: Եթէ այդպէս լինէր, ապա Առաջին հանրապետութեան հիմնադիրները ոչ թէ կը դիմէին Մ. Նալբանդեանի «Իտալացի աղջկայ երգին», այլ կը պատւիրէին ժամանակի մեր մեծ բանաստեղծներին, օր.՝ Յ. Թումանեանին կամ Ա. Իսահակեանին, գրել համապատասխան խօսքեր: Չմոռանանք նաեւ, թէ ինչու մեր նոր գրականութեան Մեծ լուսաւորիչը իր վէպի հերոս ընտրեց «մեռած Աղասուն», այլ ոչ թէ մէկ ուրիշ քաջի, որոնցից շատերը «Վերքը» գրելու ժամանակ դեռեւս ողջ էին: Ինչպէս խօսքերի հեղինակի, այնպէս էլ բուն խօսքերի ընտրութիւնը ունի յատուկ խորհուրդ. Մ. Նալբանդեանն է ազատութեան մեր մեծ երգիչը, իսկ նրա «Իտալացի աղջկայ երգը» բանաստեղծութիւնը առանձնայատուկ նշանակութիւն է ունեցել մեր ազգային ազատագրական պայքարի ճանապարհին. նրանով դաստիարակւել է հայոց ազատամարտի մի քանի սերունդ: Իսկ մեր պայքարը դեռ չի աւարտւել: Այլապէս, եթէ ուղենիշ ընդունենք լաւագոյն տեքստի ընտրութիւնը, ապա այդ բանավէճին երբեք վերջակէտ չի դրւի: Ի՞նչ չափանիշներով պիտի ընտրութիւն կատարւի, օրինակ, Յ. Թումանեանի «Հայրենիքիս հետ» եւ Ե. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծութիւնների միջեւ՝ իբրեւ օրհներգի տեքստի: Մէկին կամ միւսին նախապատւութիւն տւող չափանիշները միշտ կը լինեն սուբիեկտիւ, հետեւաբար՝ ոչ համոզիչ: Ովքեր չեն գիտակցում այս պարզ իրողութիւնը, պետութեան կառավարման ղեկին մօտենալու իրաւունք չունեն: Իսկ եթէ գիտակցում են, բայցեւայնպէս փորձում են չարաշահել ժողովրդի վստահութեան քւէով իրենց տրւած հնարաւորութիւնը, պիտի նկատի ունենան, որ իրենց իշխանութիւնը նոյնպէս յաւէրժական չէ, ինչպէս որ յաւէրժական չէին նախքան իրենք եղած իշխանութիւնները: Աւելին. անխոհեմ վարքագիծ դրսեւորելու դէպքում այդ իշխանութեան տեւողութիւնը կարող է էականօրէն կրճատւել: Պատմութիւնը դրա օրինակները նոյնպէս ունի:

Սովորեցնելուց առաջ պիտի սովորել:

Ոչինչ չունենալով խաչատրեանական օրհներգի դէմ՝ իբրեւ երաժշտական արժէքի, չենք կարող չասել. նախապատւութիւնը տալով այդ օրհներգին՝ ինքնաբերաբար դէմ եք արտայայտւում անկախ պետականութեան գաղափարին եւ այդ գաղափարի հիմքում ընկած ազգային արժեհամակարգին: Ընտրութիւնը ձերն է, պարոնա՛յք իշխանաւորներ, բայց մի մոռացէք, որ Հայոց պատմութիւնը նոյնպէս ունի ընտրութեան օրակարգ:

03 փետրւար 2019 թ.

Յարակից լուրեր

  • ՀՅԴ-ի համար կարեւորը երկրի պետականութիւնն է. Յակոբ Տէր-Խաչատուրեան
    ՀՅԴ-ի համար կարեւորը երկրի պետականութիւնն է. Յակոբ Տէր-Խաչատուրեան

    Այո’, Դաշնակցութեան` իշխանութեանն ուղղւած քննադատութիւնները տեղ հասան, եւ իշխանութեան տարբեր ներկայացուցիչներ արդէն յայտարարութիւններ տարածեցին. երէկ Սարդարապատում «Factor.am»-ի հետ զրուցում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը` անդրադառնալով ՀՅ Դաշնակցութեան կողմից օրեր առաջ Ազատութեան հրապարակում հրաւիրւած հանրահաւաքին եւ իշխանութեանը «դեղին քարտ» ցոյց տալուն:

  • Յայտարարութիւն ՀՅԴ ԱՄՆ Արեւելեան շրջանի
    Յայտարարութիւն ՀՅԴ ԱՄՆ Արեւելեան շրջանի

    Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ԱՄՆ Արեւելեան շրջանի 121-րդ Շրջանային ժողովը իր խիստ վրդովմունքը կ'արտայայտէ այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի մեծամասնութեան որոշ ներկայացուցիչներ, Խորհրդարանի փոխ-նախագահի գլխաւորութեամբ, իրենց լիազօրութիւնները գերազանցելով, արտախորհրդարանական հարթակներու վրայ ՀՀ օրհներգը փոխելու հարցը դարձուցած են քննարկումի առարկայ։

  • Աւետիք Իշխանեան. «Գուցէ հիմնը փոխելու նախաձեռնութիւնն ընդամենը ինքնահաստատմա՞ն հարց է»
    Աւետիք Իշխանեան. «Գուցէ հիմնը փոխելու նախաձեռնութիւնն ընդամենը ինքնահաստատմա՞ն հարց է»

    Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է հիմնի տեքստի համար Ալէն Սիմոնեանի կողմից յայտարարւած մրցոյթին։

    Իշխանեանը գրել է. «ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանն անդրդւելի է։ Հաւանաբար նա մանկուց երազել է լինել ՀՀ հիմնի հիմնադիր, որ իր անունը յաւէրժ մնայ հայոց պատմութեան մէջ։

  • Իշխանութեան կողմէ ՀՀ ազգային օրհներգը լուծարելու ծրագիրը կրկին օրակարգի վրայ
    Իշխանութեան կողմէ ՀՀ ազգային օրհներգը լուծարելու ծրագիրը կրկին օրակարգի վրայ

    Բոլոր երեւոյթները այսօր ցոյց կու տան, որ ՀՀ Ազգային Օրհներգը լուծարելու ծրագիրը պատահական քմայքի ծնունդ չէ։ Ան Ազգային Ժողովի Փոխ-Նախագահ Ալէն Սիմոնեանի բարդոյթներէն ծնած սոսկ նախաձեռնութիւն մը չէ։ Անոր ետին գոյութիւն ունի մէկ ամբողջ հաստատութիւն (establishment) իր կանխամտածուած ռազմավարութեամբ, որուն նպատակն է լուծարել ոչ միայն Օրհներգը, ոչ միայն աղաւաղել ազգային Եռագոյնը եւ ՀՀ Զինանշանը, այլեւ հարազատ այս խորհրդանիշներով մարմնաւորուած մեր անկախ պետականութեան ազգային գաղափարախօսութի՛ւնը։

  • Կրկին օրհներգի մասին
    Կրկին օրհներգի մասին

    Այս հարցին կրկին անդրադառնալու մտադրութիւն չունեինք, բայց ինչպէս երեւում է, պետական օրհներգի փոփոխութեան ստւերային ջատագովները նահանջելու մտադրութիւն չունեն: Այո՛, «ստւերային», որովհետեւ ակնյայտ է (որքան էլ այդ մասին բարձրաձայն չասւի), որ օրհներգի փոփոխութեան հարցը ԱԺի երիտասարդ փոխնախագահի մտայղացումը չէ, դա նրան համոզել են որոշ «բարձր մտաւորականներ»: Իսկ այդ «բարձր մտաւորականների» հետաքրքութիւնները, ինչպէս մէկ անգամ արդէն նշել ենք, տարբեր են եւ ոչ միշտ են անկեղծ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։