Հա

Քաղաքական

06/04/2019 - 13:00

«168 ժամ». «Իրական եւ ֆէյք Նիկոլ Փաշինեանը»

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում ինչ-որ բան ակնյայտօրէն այն չէ։ Վարչապետն աշխատելու փոխարէն՝ բանաստեղծութիւններ է գրում, բանաստեղծութիւններից բացի, գրում է նաեւ ցուցումներ՝ սեփական ազգականներից մէկի դէմ քրէական գործ հարուցելու համար։ Նպատակն ակնյայտ է՝ հերթական «կադրն» ապահովել իր կողմից բեմադրւող գլոբալ շոուի համար։

«alikonline.ir» - «168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում ինչ-որ բան ակնյայտօրէն այն չէ։ Վարչապետն աշխատելու փոխարէն՝ բանաստեղծութիւններ է գրում, բանաստեղծութիւններից բացի, գրում է նաեւ ցուցումներ՝ սեփական ազգականներից մէկի դէմ քրէական գործ հարուցելու համար։ Նպատակն ակնյայտ է՝ հերթական «կադրն» ապահովել իր կողմից բեմադրւող գլոբալ շոուի համար։

Հայաստանն այսպիսով ամէն օր ապրում է շոուի մի տեսարանով։ Ու մինչ հանրութիւնը վայելում է առանց հացի այդ տեսարանները, երկրում ամէն օր արտառոց մի իրադարձութիւն է տեղի ունենում։

Երէկ յայտնի դարձաւ Հայաստանի խոշորագոյն ընկերութիւններից մէկի՝ «Սպայկայի» դէմ Պետեկամուտների կոմիտէի կողմից 7 միլիարդ դրամի հարկեր չվճարելու յատկանիշներով քրէական գործ հարուցելու մասին։ «Սպայկայի» ղեկավարութիւնը չի ընդունում առաջադրւած մեղադրանքը՝ յայտարարելով, որ տեղի ունեցողը ՊԵԿ-ի կողմից ընկերութեան նկատմամբ իրականացւող հետապնդում է։

«Քննիչն ասաց՝ կամ ստորագրում ես, կամ կալանաւորւում»,- լրագրողների հետ զրոյցում պատմել է «Սպայկայի» տնօրէնը։

Իսկ «Սպայկան» ընկերութիւն է, որի «վրայ նստած» է Հայաստանի գրեթէ ողջ գիւղատնտեսութիւնը։ Եւ ահա երէկ ընկերութեան տնօրէնը յայտարարեց, որ հետապնդումը շարունակւելու դէպքում «Սպայկան» կը դադարեցնի մթերումները գիւղացիներից։ Իսկ դա կարող է կոլապսի հասցնել գիւղատնտեսութեան ոլորտը։

Բայց մինչ «Սպայկայի» տնօրէնը երէկ խօսում էր իր ընկերութեան դէմ սարքւած մեղադրանքի մասին, Հայաստանի Ազգային ժողովում տեղի էր ունենում յիրաւի դարակազմիկ իրադարձութիւն. ԱԺ բարձր ամբիոնից, դահլիճից հնչող ծափահարութիւնների ներքոյ, ելոյթ էր ունենում կնոջ անուն-ազգանունով արական սեռի մի նախկին ներկայացուցիչ՝ տրանսգենդեր, ելոյթ էր ունենում ոչ թէ իր, այլ տրանսգենդերների հանրոյթի անունից։

Ու մինչ հասարակութիւնը կը հասցնէր մարսել այս աշխարհացունց իրադարձութիւնը, «աւետիսով» հանդէս եկաւ ԱԱԾ տնօրէն Արթուր Վանեցեանը՝ յայտարարելով, որ արդէն ի կատար են ածել ֆէյսբուքեան կեղծ օգտատէրերի՝ ֆէյքերի դէմ պայքարելու Նիկոլ Փաշինեանի յանձնարարականը եւ ձերբակալել են «Դուխով Հայաստան, բաց հասարակութիւն» անունով հանդէս եկող կեղծ օգտատիրոջը։

Այս ողջ ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինեանը գտնւում էր Գիւմրիում՝ իբրեւ թէ ամէն ինչից հեռու ու ամէն ինչից անտեղեակ։ Նա Գիւմրիի փողոցներում նկարահանւում էր բեմադրութեան հերթական կադրերում ու երեւի մտածում էր յաջորդ բանաստեղծութեան մասին։

Հայաստանում ակնյայտօրէն ինչ-որ բան այն չէ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։