Հա

Քաղաքական

03/08/2019 - 11:00

«Դատարկաբանութիւնը անսահման է». քաղաքագէտ

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«alikonline.ir» - Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Ստարտափ յեղափոխութիւնը եւ պատասխանատւութեան բեռը

Վերջապէս «ժողովրդի վարչապետը» ճիշտ խօսեց․ «Ստարտափն այն է, երբ որեւէ մէկն ունի շատ լաւ գաղափար, բայց չունի փող, չունի ֆինանսական միջոցներ, երբեմն չունի գրասենեակ, բայց ունի գաղափար, եւ նրան յաջողւում է պոտենցիալ ներդրողներին համոզել այդ գաղափարի յաղթելու հնարաւորութեան մէջ, եւ պոտենցիալ ներդրողները աջակցում են այդ գաղափարի իրագործմանը` հաւատալով դրա յաղթանակին, եւ, իհարկէ, այդ յաղթանակից իրենց մասնաբաժինն ունենալու հեռանկարով: 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութիւնն իր էութեամբ ստարտափ էր, որովհետեւ ի սկզբանէ կային փոքրաթիւ մարդիկ, ովքեր ունէին գաղափար, նրանք ներկայացրին հանրութեանը այդ գաղափարը, կարողացան համոզել այդ գաղափարի կարեւորութեան եւ յաղթելու հեռանկարի մէջ, եւ ամբողջ հայութիւնը ցանկացաւ իր ներդրումն ունենալ այդ գաղափարի իրագործման մէջ, եւ որպես արդիւնք այսօր ՀՀ-ում հաստատւած է ժողովրդի իշխանութիւն»։

Բնորոշիչ է, որ ոչինչ չի ասւում Ստարտափի գաղափարի մասին՝ որն էր այդ գաղափարը։ Ասւածից պէտք է ենթադրել, որ գաղափարը «ժողովրդի իշխանութիւն» հաստատելն է, որին այն ժամանակ փոքրաթիւ մարդիկ էին հաւատացել։ «Գաղափարը» ժողովուրդն ընդունեց եւ այդ փոքրաթիւ մարդիկ դարձան «ժողովրդի իշխանութիւն», այդ իսկ փաստով երջանկացնելով ժողովրդին։

Մի կողմ դնենք այդ ողջ դեմագոգիան, ինչպէս նաեւ «ժողովրդի իշխանութիւն» հաստատելու համար խոստացւած քայլերը՝ Սահմանադրութեան փոփոխութիւն, կուսակցութիւնների մասին օրէնք եւ այլն, եւ այլն, որոնք կարող էին ինչ-որ բովանդակութեան հաղորդել «յեղափոխութեանը»։ Կենտրոնանանք միայն Ստարտափի գաղափարի վրայ, որին ֆինանսաւորում է պէտք։

Ասւածից ստացւում է, որ «յեղափոխութիւն» ստարթափը պէտք է վաճառել ներդնողներին, իսկ մենք այդ էկսպերիմենտի փորձադաշտն ենք։

Հարց, ով պէտք է ֆինանսաւորի՝ «ժողովուրդը», ԱՄՆ-ն, Եւրոպան, Ռուսաստանը, Ռոկֆելլէրը, Բիլ Գէյթսը, «սփիւռքը», թէ մէկ ուրիշը։ Հաստատ ֆինանսաւորողը ժողովուրդը չի, ժողովուրդը սպասում է «ստարտափի» դիւիդենտներին, որն իրեն խոստացւել է:

Յաջորդ հարց, ինչն է կարող գրաւել ներդնողներին․ Հայաստանի բիզնես միջավայրը, հսկայական շուկան, մարդկային ռեսուրսները, միջազգային ճանապարհային խաչմերումներում գտնւելը ապա դա անհեթեթ է, Չինաստանը, Վիետնամը, Մալազիան... թողած, ինչու պէտք է ներդրում կատարւի Հայաստանում։ Եթէ «մասնաբաժինը» «քաղաքական» դիւիդենտն է, ապա որոնք են դրանք, եւ առհասարակ, ինչ քաղաքական «դիւիդենտներ» է կարող առաջարկել Հայաստանը՝ աշխարքաղաքական զիջումներ, որեւէ քաղաքական բլոկի մէջ մտնելը մի այլ բլոկի դէմ խաղալը, նոր լոգիստիկ նախագծերին մասնակցելը...։ Դրանից ոչ մէկը չի երեւակւում։

Եթէ ստարթափի միակ գաղափարը «ժողովրդի», այսինքն Նիկոլ Փաշինեանի իշխանութեան հաստատումն է, ապա դա ստարթափ է իր համար, բայց միւսների՝ «ժողովրդի», շահոյթը, կամ մասնաբաժինը որն է, անհասկանալի է։

Դատարկաբանութիւնը անսահման է եւ ամենահետաքրքիրն այն է, որ կան մարդիկ, որոնք դրա մէջ միտք են տեսնում։

Երեւի միակ ռացիոնալ միտքն այն է, որ ստարթափի գաղափարով իր վրայից պատասխանատւութեան գցելու փորձ է անում․ ինքը միայն «ժողովրդի իշխանութիւն» հաստատելու գաղափարի տէրն է, իսկ մնացած հարցերում՝ ներդրում, մենեջմենթ եւ այլն, կիսում է «ժողովրդի» հետ՝ դուք էք արել յեղափոխութիւնը, դուք էլ կրէք դրա պատասխանատւութիւնը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։