Հա

Քաղաքական

03/08/2019 - 10:00

Չեմ կարծում, որ նման կառավարումով, նոր իշխանութիւնները կարողանան յաջողել

Տասը ամսւայ ընթացքում հնարաւոր չէ ակնկալել խնդիրների վերջնական լուծումներ, սակայն Երեւանի քաղաքային նոր իշխանութիւնների գործունէութեյան 10-ամսեայ այս ժամանակահատւածը բաւարար էր այդ խնդիրների լուծմանն ուղղւած աշխատանքներն իրականացնելու համար: Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ Արա Ռոստոմեանը: 

«alikonline.ir» - Տասը ամսւայ ընթացքում հնարաւոր չէ ակնկալել խնդիրների վերջնական լուծումներ, սակայն Երեւանի քաղաքային նոր իշխանութիւնների գործունէութեյան 10-ամսեայ այս ժամանակահատւածը բաւարար էր այդ խնդիրների լուծմանն ուղղւած աշխատանքներն իրականացնելու համար: Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ Արա Ռոստոմեանը: 

Յիշեցնենք, որ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէն Երեւանի քաղաքապետարանի մուտքի մօտ օրերս անցկացնում էր բողոքի ակցիա՝ բարձրաձայնելով Երեւանում կուտակւած բազմաթիւ խնդիրները, պահանջելով Երեւանի աւագանուց եւ քաղաքապետից կատարել նախընտրական խոստումներն ու լուծել այդ խնդիրները:

«Հայաստանի անկախութեան շրջանում չի եղել աղբահանութեան այսպիսի վատ վիճակ, սա ոչ միայն աղբի հարցն է, այլ համաճարակների, որի մասին չի խօսւում ընդհանրապէս: Տրանսպորտի հետ կապւած հարցը եւս նախընտրական քարոզարշաւի ժամանակ ներկայացւեց՝ երկու տարում կը լուծւի, սակայն անցել է 10 ամիս եւ տեսնում ենք, որ դարձեալ ասում են երկու տարի: Մի գուցէ մէկ տարի յետոյ դարձեալ ասեն՝ երկու տարի համբերէք: Բազմաթիւ խնդիրներ կան: Ինչ-որ հարցի լուծման ուղղութեամբ տարւող աշխատանք չենք տեսնում եւ չենք տեսնում ոչ միայն որպէս քաղաքական ուժ, այլ նաեւ որպէս երեւանցի»,- ասաց նա:

Արա Ռոստոմեանի խօսքով՝ քաղաքապետարանի դիմաց իրականացւած ակցիան զգօնութեան կոչ էր քաղաքային իշխանութիւններին. «Մենք ցանկանում ենք, որ իրենք զգան, որ քաղաքի մի ստւար խումբ չի ցանկանում այլեւս նման կերպ շարունակել, մենք կոչ ենք անում զգաստանան ու այսուհետեւ աւելի լաւ աշխատեն»:

Ռոստոմեանի խօսքով՝ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէի մասնագէտները դիմել են Երեւանի քաղաքապետարան՝ ստանալու «Սանիթեք» ընկերութեան հետ կնքւած պայմանագրի օրինակը՝ այն ուսումնասիրելու եւ աւելի առարկայական առաջարկներ ներկայացնելու համար, սակայն անցել է 20 օրից աւելի, բայց որեւէ պատասխան չեն տւել քաղաքապետարանից:

Արա Ռոստոմեանը յիշեցրեց, որ դեռեւս Տարօն Մարգարեանի պաշտօնավարման ժամանակ նշւում էր, որ բրիտանական ընկերութեան հետ բանակցութիւններ էին վարւում տրանսպորտային նոր ցանց ներդնելու վերաբերեալ: Նախընտրական շրջանում Հայկ Մարութեանն իր հերթին խօսում էր մի քանի ամսում տրանսպորտի խնդիրը լուծելու մասին, եւ պարզւեց, որ քաղաքային նոր իշխանութիւնն աւարտել է 2016-ի բանակցութիւնները։ Արա Ռոստոմեանն ասաց, որ իր տեղեկութեամբ՝ դեռ Տարօն Մարգարեանի պաշտօնավարման վերջին շրջանում էին աւարտւել բանակցութիւնները եւ տրանսպորտային նոր ցանց ներդնելու փաթեթը պատրաստ էր վաղուց։

«Երբ եկան քաղաքային նոր իշխանութիւնները, իրենք ասացին, որ նախորդները կոռումպացւած են եւ իրենց որեւէ պայմանաւորւածութիւնը հաշւի չի առնւելու: Եւ այդ փաստաթուղթը մի կողմ դրւեց: Անցաւ 6 ամիս, անդրադարձան այդ փաստաթղթին, նկատեցին, որ այնտեղ բաւականին պրոֆեսիոնալ աշխատանք է կատարւած եւ կոսմետիկ փոփոխութիւններով ներկայացրին այն փաստաթուղթը, որը կարող էին ներկայացնել սրանից 6 ամիս առաջ: Նման կառավարումով, չեմ կարծում, նոր իշխանութիւնները կարողանան յաջողել»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։