Հա

Քաղաքական

19/08/2019 - 12:00

«ՌԴ-ն ՀՀ-ի նկատմամբ կիրառում է «փափուկ ուժ», տաք գլուխներին խորհուրդ կը տամ զգոյշ լինել ու չհրահրել հակառուսական հիստերիայ». քաղաքագէտ

ՀՀ իշխանութիւնները Հռոմի պապից կաթոլիկ երեւալու համար անընդհատ յայտարարում են, որ հայ-ռուսական յարաբերութիւններն աւելի լաւ են, քան նախկինում եղել են: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Գագիկ Համբարեանը: Նա նշեց, որ յեղափոխութիւնից անցել է 1 տարի եւ 3 ամիս, ու Ռուսաստանի որեւէ բարձրաստիճան պաշտօնեայ Հայաստան չի ժամանել կոնկրետ հայ-ռուսական յարաբերութիւնների համատեքստում:

 «alikonline.ir» -  ՀՀ իշխանութիւնները Հռոմի պապից կաթոլիկ երեւալու համար անընդհատ յայտարարում են, որ հայ-ռուսական յարաբերութիւններն աւելի լաւ են, քան նախկինում եղել են: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Գագիկ Համբարեանը: Նա նշեց, որ յեղափոխութիւնից անցել է 1 տարի եւ 3 ամիս, ու Ռուսաստանի որեւէ բարձրաստիճան պաշտօնեայ Հայաստան չի ժամանել կոնկրետ հայ-ռուսական յարաբերութիւնների համատեքստում:

 

- Երէկ յայտնի դարձաւ, որ Ռուսաստանը չի արտայանձնելու Միհրան Պօղոսեանին: Հրապարակային բացատրւած չէր, թէ որն է դրա պատճառը: Ինչո՞ւ է ՌԴ-ն այսկերպ վարւում, եւ արդեօք չկա՞յ պարզաբանման կարիք:

- ՀՀ իշխանութիւնները Հռոմի պապից կաթոլիկ երեւալու համար անընդհատ յայտարարում են, որ հայ-ռուսական յարաբերութիւնները աւելի լաւ են, քան նախկինում եղել են: Ես շատ կը ցանկանայի, որ դա այդպէս լինէր, բայց դա իրականութիւնից շատ հեռու է:

Յեղափոխութիւնից անցել է 1 տարի եւ 3 ամիս, ու Ռուսաստանի որեւէ բարձրաստիճան պաշտօնեայ Հայաստան չի ժամանել կոնկրետ հայ-ռուսական յարաբերութիւնների համատեքստում: Պէտք չէ ասել, որ Մեդւեդեւն է ժամանել Երեւան, որովհետեւ նրա այցը ոչ թէ հայ-ռուսական յարաբերութիւնների շրջանակներում էր, այլ ԵԱՏՄ-ի. նա եկել էր ԵԱՏՄ նիստին մասնակցելու համար:

Մենք բոլորս տեսանք, թէ ինչ խնդիրներ կան երկու երկրների միջեւ միջազգային ասպարէզում: Նկատի ունեմ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատւիրակութեանը ձայնի իրաւունքի վերականգնման քւէարկութիւնը, որին ՀՀ պատւիրակութեան երկու ներկայացուցիչներ տարօրինակ վարքագիծ դրսեւորեցին: Յայտարարութիւնները, որ հայ-ռուսական յարաբերութիւնները լաւ են, չի համապատասխանում իրականութեանը:

 

- Իսկ իրականում ինչպիսի՞ն են այդ յարաբերութիւնները:

- Ռուսաստանը սպասողական վիճակում է: Պաշտօնական Մոսկւան չի ուզում խառնւել Հայաստանի ներքին գործերին, սպասում է, որ ՀՀ հասարակութիւնը ձերբազատւի յեղափոխական էյֆորիայից ու իրական գնահատական տայ Փաշինեանի կառավարմանն ու հայ-ռուսական յարաբերութիւններին:

Ռուսաստանը ՀՀ նկատմամբ կիրառում է «փափուկ ուժ», չի սրում երկկողմ յարաբերութիւնները, չի անում այնպիսի քայլեր, որոնք մեծ վնաս կը հասցնեն: Մենք լաւ գիտենք, որ նախորդ իշխանութիւնների օրօք արդէն իսկ խախտւել էր հայ-ռուսական յարաբերութիւնների բալանսը: Հիմա այն էլ աւելի խախտւած է՝ յօգուտ պաշտօնական Մոսկւայի: Նախորդ իշխանութիւնների օրօք Նազարբաեւն էր Ալիեւի անունից նամակ կարդում, իսկ հիմա հայկական գիւղերից մէկում զինտեխնիկայ են բերում, ուսումնական կրակոցներ են անում, ԵԱՏՄ անդամ-երկրների վարչապետների համաժողովում անհասկանալի հումորներ են անում, մեդալներ են տալիս բոլորին՝ բացի Փաշինեանից:

Եթէ նախկինում հաւասարութիւնը խախտւած էր, Հայաստանի իշխանութիւններին վիրաւորելու համար կրկնում եմ՝ Նազարբաեւն էր Ադրբեջանի նամակը ընթերցում, հիմա աւելի վատ վիճակ է: Փաշինեանի իշխանութեան գալուց յետոյ ռազմաբազայի ներկայացուցիչները կարող են զօրավարժութիւններ անել ամենախոշոր գիւղերից մէկում ու դրա մասին իրենց տեղեակ չպահել:

Ձեզ թւում է՝ պատահակա՞ն էր, որ Փաշինռանին մեդալ չեն տալիս, իսկ Ղրղզստանի նախագահին տալիս են, ով մի քանի ամիս աւել է ղեկավարում երկիրը, քան՝ Փաշինեանը: Ժամանակին ընդդիմութիւնը հայ-ռուսական յարաբերութիւնները որակում էր որպէս վասալային, բայց հիմա դրանք աւելի վատ են:

 

- Ինչպէ՞ս է դրսեւորւում «փափուկ ուժի» քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ, որի մասին խօսեցիք:

- Ռուսաստանը չի բարձրացրել գազի գները, խոչընդոտներ չի ստեղծում հայ արտագնայ աշխատողների համար: Պատկերացնո՞ւմ էք, որ սկսեն իրենց համար բացայայտ խնդիրներ ստեղծել խոպանչիների համար: Ամէն տարի մի քանի հարիւր հազար քաղաքացիներ գնում են ՌԴ աշխատելու: Պատկերացնո՞ւմ էք՝ նրանց յետ ուղարկեն Հայաստան: Տեղի կունենայ սոցիալական պայթիւն: Բայց սա չեն անում, «փափուկ ուժ» են կիրառում: Հայաստանում սոցիալական ցանցերում գրառումներ անող այդ որոշ մարդիկ չեն հասկանում, որ եթէ մենք եղանք հակառուսական, ի՞նչ պիտի լինի, մենք ենք խնդրել, որ Ռուսաստանը բազայ ունենայ Հայաստանում: Բա որ էդպէս հակառուսական լինենք 1 մլրդ դոլարը, որը տրանսֆերտների տեսքով մտնում է Հայաստան, ուզում ենք՝ յետ գնա՞յ, ուզում ենք՝ վերանա՞յ: Տաք գլուխներին խորհուրդ կը տամ զգոյշ լինել ու չհրահրել հակառուսական հիստերիայ:

 

- Պարո՛ն Համբարեան, խօսենք Միհրան Պօղոսեանին չարտայանձնելու մասին: Ի՞նչ ուղերձ է պարունակում Ռուսաստանի որոշումը ՀՀ-ՌԴ յարաբերութիւնների համատեքստում:

- Ուշադրութիւն դարձրէք, որ պաշտօնական Մոսկւան այս մասին յայտարարեց Ռուսաստանի Դաշնութեան անվտանգութեան խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի՝ Հայաստան կատարած այցից օրեր անց: ՌԴ-ն այսպիսով ցոյց տւեց, որ ինքը դժգոհ է Հայաստանի իշխանութիւնների հետ բանակցութիւններից: Որքան էլ ՀՀ իշխանութիւնները ներկայացնեն, որ սա «կրիմինալ» գործ է, մենք պէտք է հասկանանք, որ ՌԴ համար թեման քաղաքական ենթատեքստ ունի: Սա յստակ մեսիջ է, որ ՌԴ-ն դժգոհ է:

Իսկ այն, որ ՌԴ-ն չի էլ բացատրում, թէ ինչու չի արտայանձնում Պօղոսեանին, եւս վկայում է հայ-ռուսական յարաբերութիւնների ցածր մակարդակի, անհաւասար մակարդակի մասին: Ռուսաստանը «եոլ չի անում» բացատրի, թէ ինչու չի արտայանձնում: Նրանց տարածած հաղորդագրութիւնից կարելի է հասկանալ, որ չեն ուզում, չեն արտայանձնում. հէնց այդպէս: 

 

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։