Հա

Քաղաքական

17/09/2019 - 12:50

«Վանեցեանը մտնում է քաղաքական դա՞շտ». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային անվտանգութեան ծառայութեան (ԱԱԾ) տնօրէն Արթուր Վանեցեանը յայտարարել է իր հրաժարականի մասին, որում, ըստ էութեան, վարչապետ Նիկոլ Փաշինեանին լուրջ մեղադրանքներ է հասցէագրել:

«alikonline.ir» - «168 ժամ» թերթը գրում է. «Ազգային անվտանգութեան ծառայութեան (ԱԱԾ) տնօրէն Արթուր Վանեցեանը յայտարարել է իր հրաժարականի մասին, որում, ըստ էութեան, վարչապետ Նիկոլ Փաշինեանին լուրջ մեղադրանքներ է հասցէագրել:

Նիկոլ Փաշինեանը ասուլիսում հրաժարւել է մեկնաբանել Ա. Վանեցեանի այս յայտարարութիւնը՝ ասելով, թէ ինքը սովոր է մեկնաբանել բաներ, որոնք կարդացել է:

Ակնյայտ էր, որ Ն. Փաշինեանի համար անակնկալ էր հէնց ասուլիսում տեղեկանալ, թէ ինչ է յայտարարել Ա. Վանեցեանը, յատկապէս, երբ այն լուրջ մեղադրանքներ է պարունակում: Վանեցեանը, փաստօրէն, Փաշինեանի «Քայլ արա»-ին ի պատասխան՝ ասում է՝ «Կա՛նգ առ»։ Երկրի համար ի՞նչ վտանգներ է կանխատեսում, ինչի՞ մասին է ակնարկում  երկրի ուժային ոլորտի ամենատեղեկացւած պաշտօնեան, ով վստահաբար տիրապետում է նաեւ Փաշինեանի անցեալի ու ներկայի մասին ողջ տեղեկատւութեանը։ Ի՞նչ պահանջ է դրւել նրա առջեւ, որ «սպայի պատիւը» յիշեցնելով՝ Վանեցեանը հրաժարւել է անել եւ մերժել է Փաշինեանին՝ հրաժարական ներկայացնելով։

Իշխանական եւ յատկապէս իշխանութեան «Սորոս»-ական թեւը գործի է անցել՝ Վանեցեանի դէմ կարծիքներ գեներացնելով։ Իսկ Փաշինեանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետեանը, անդրադառնալով Վանեցեանի հրաժարականի յայտարարութեանը՝ ասել էր.

«Պէտք է պարզել, թէ ով է գրել Ա. Վանեցեանին վերագրւող այդ տեքստը: Յոյս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատւութիւնից «թիւրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենեակները չեն: Գեներալ Վանեցեանին յորդորում ենք չկորցնել սպայի արժանապատւութիւնը, որին ինքը յղում է անում»։ Այսինքն՝ իշխանութիւնները տեղի ունեցածը դարձեալ փորձում են կապել նախկին իշխանութիւնների հետ՝ փորձելով ռեւանշիստական թեմաներով քողարկել կամ ներկայացնել այն սուր քննադատութիւնները, որոնք իրենց իսկ նշանակած պաշտօնեայի կողմից ուղղւած են իրենց։

Ի դէպ, երէկ համացանցում նաեւ ակտիւ քննարկւում էր Ա. Վանեցեանի հրաժարականի թեման, եւ զարմանալիօրէն գերակշռող էր Ա. Վանեցեանին սատարողների թիւը:

Յիշեցնենք, որ տարբեր սոցհարցումներով, որոնց պատւիրատուն հէնց իշխանութիւնն էր, Ա. Վանեցեանն ամենաբարձր վարկանիշն ունեցող պետական պաշտօնեան է: Նա իր վարկանիշով գերազանցում է նոյնիսկ յեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինեանին:

Ինչեւէ, Արթուր Վանեցեանը՝ իր հրաժարականով, ապա՝ դրան յաջորդած քաղաքական յայտարարութեամբ, կարծես թէ ակնարկում է քաղաքական դաշտ մուտք գործելու իր հետագայ ծրագրերի մասին: Նրա յայտարարութիւնը, որն անուղղակիօրէն կարելի է համարել նաեւ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում, կարող է իրականում լուրջ գործընթացների սկիզբ դառնալ: Ո՞վ կը լինի յաջորդ հրաժարական ներկայացնողը»:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։