Հա

Քաղաքական

19/09/2019 - 10:10

«Ինչքան կառավարութեան քայլերը լինեն ոչ կշռադատւած, վիճելի, այդքան իշխանութիւնից դուրս եկող մարդկանց թիւը կաւելանայ եւ պրոցեսը կարագանայ». Արթուր Խաչատրեան

Ինչքան կառավարութեան քայլերը լինեն ոչ կշռադատւած, վիճելի, այդքան իշխանութիւնից դուրս եկող մարդկանց թիւը կաւելանայ եւ ինչքան նախկին խոստումներից հրաժարումները շատ լինեն, այդքան պրոցեսը կարագանայ. նման համոզմունք յայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի հրաժարականներին:

«alikonline.ir» - Ինչքան կառավարութեան քայլերը լինեն ոչ կշռադատւած, վիճելի, այդքան իշխանութիւնից դուրս եկող մարդկանց թիւը կաւելանայ եւ ինչքան նախկին խոստումներից հրաժարումները շատ լինեն, այդքան պրոցեսը կարագանայ. նման համոզմունք յայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի հրաժարականներին: Գրում է Tert.am-ը:

«Իշխանական ուժն ինքը մոնոլիտ չէ, որովհետեւ ձեւաւորւեց «Մերժիր Սերժին», «Իմ քայլը» եւ տարբեր քաղաքական հոսանքների, ՀԿ-ների միաձուլման եղանակով եւ բնականաբար, այդ ուժը դեռեւս պէտք է բիւրեղանայ՝ իրենցից պէտք է առանձնանան գաղափարական տարբեր մօտեցումներ ունեցող հոսանքներ եւ այլ քաղաքական ուժեր, նաեւ նրանցից կառանձնանան նրանք, ովքեր վարւող քաղաքականութիւնից են շատ դժգոհ: Այս իրավիճակը նման է 89-90 թթ.-ի ՀՀՇ-ի հետ: ՀՀՇ-ն ինքը ստեղծւեց որպէս Ղարաբաղ կոմիտէի հետեւորդ, Ղարաբաղի պայքար, յետոյ անկախութիւն, բայց յետոյ, երբ ՀՀՇ-ն բիւրեղացաւ, դարձաւ կուսակցութիւն, հերթով նրանից սկսեցին այլ կուսակցութիւններ պոկւել: Այս պրոցեսը շատ բնական է: Նաեւ կարծում եմ, որ շատերը նոյնիսկ գաղափարական խորքային տարաձայնութիւն չունեն, բայց եւս դժգոհ են վարւող քաղաքականութիւնից, եւ իրենց ակնկալիքները բաւարարւած չեն: Ակնկալիքների մի մասը իռացիոնալ են եղել, մի մասն էլ պարտադրւած են եղել «կախարդական փայտիկ» ունենալու խոստումով»,- մանրամասնեց Խաչատրեանը:

Բացի այդ, դաշնակցական գործիչը նկատեց, որ երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնն ընդդիմութիւն էր, ասում էր՝ մենք դէմ ենք ՀԱՊԿ-ին, մենք դէմ ենք ԵԱՏՄ-ին, դէմ ենք կուտակայինին, իսկ երբ դարձան իշխանութիւն, իրենց մօտեցումները 180 աստիճանով փոխւեցին, ինչպէս Ամուլսարի հարցում է:

«Որովհետեւ այլ ակնկալիքներ էին առաջանում եւ այս տարբերութիւնները՝ խոստումներից հրաժարւելը, ոչ յաջող քայլերը, իհարկէ կը բերեն նրան, որ պատգամաւորների մի մասը, չեմ կարող ասել՝ փոքր, թէ մեծ, կը սկսի դուրս գալ, մանաւանդ՝ հաշւի առնելով, որ պատգամաւորերի մէջ կան մարդիկ, ովքեր ժամանակին այլ կուսակցութիւնների անդամ են եղել, թէկուզ եւ ասում են, որ ֆիկտիւ են եղել. կարող են յիշել, որ այստեղ էլ են ֆիկտիւ»,- ասաց նա:  

Արթուր Խաչատրեանը, խօսելով Արթուր Վանեցեանի եւ Վալերի Օսիպեանի հրաժարականներից, ասաց, որ կարող է ենթադրութիւններ անել՝ ելնելով Վանեցեանի յայտարարութիւնից, որ իրականցւող քաղաքականութեան հետ կայ որոշակի անհամաձայնութիւն. «Մանաւանդ «կանգ ա՛ռ» կոչը նշանակում է, որ գեներալ Վանեցեանը համաձայն չի եղել երկրի ընթացքի հետ: Մենք էլ այս ամառ, երբ կազմակերպեցինք մեր հաւաքը, նոյն կոչն էր հնչում՝ «սփաթւէ՛ք» , «կանգնէ՛ք», որովհետեւ այն ուղղութեամբ, որ երկիրը տանում եք, յղի է անկանխատեսելի վտանգներով»:

Հարցին, թէ այն պահանջները, որոնք դրւում էին ուժայինների առջեւ, Վանեցեանի պարզաբանումից կարո՞ղ ենք եզրակացնել, որ անիրականանալի են, թէ՞ այլ խնդիրներ եւս կային, Խաչատրեանը նշեց, որ ԱԱԾ-ն զբաղւում է խնդիրների լայն սպեկտրով եւ այստեղ չենք կարող ասել՝ անհամաձայնութիւնը վերաբերում էր դատաիրաւական «բարեփոխումների՞ն», Արցախի հարցի՞ն, արտաքին քաղաքականութեա՞նը, թէ՞ այդ ամէն ինչին միասին:

«Ոստիկանապետի մասով մամուլում շրջանառւում է նիւթը, որ խօսքը հիմնականում Ամուլսարի շրջափակումը ուժային եղանակով լուծելուն է վերաբերում, որին գեներալ Օսիպեանը համաձայն չի եղել»,-ասաց նա` միաժամանակ նկատելով, որ ենթադրել է` թէ՛ գեներալ Վանեցեանը եւ թէ՛ գեներալ Օսիպեանը, հաւանաբար, այդքան էլ խանդավառւած չէին ԼՀԿ-ի օրէնսդրական նախաձեռնութեամբ, որն առաջին ընթերցմամբ ընդունւել է. այն նախատեսում է, որ ոստիկանական բարձր պաշտօնի կարող է նշանակւել 25 տարին լրացած ցանկացած քաղաքացի:

«Այսինքն՝ պրոֆեսիոնալ սպաներին կարող են գալ փոխարինելու ինչ-որ կոմիսարներ: Դե ես ենթադրում եմ, որ իրենք դրանից պէտք է դժգոհած լինէին, կարծում եմ, որ դա շատ վտանգաւոր օրէնք է: Ոստիկանութիւնն ու ԱԱԾ-ն քաղաքականացնելուն միտւած շատ անընդունելի օրէնսդրական նախաձեռնութիւն է եւ շատ հետաքրքրական է, որ այդ օրէնսդրութեամբ հանդէս է եկել ԼՀԿ-ն, որը ԱԺ-ում հանդէս է գալիս որպէս ընդդիմութիւն»,-ասաց նա:

Իսկ այս պարագայում, ըստ Արթուր Խաչատրեանի, որպէս պատասխանատու քաղաքացիներ՝ մարդիկ չպէտք է պասիւ հանդուրժեն այն ընթացքը, որը երկիրը կարող է վտանգել:

«Գոնէ քաղաքական ուժերը, ՀՅԴ-ն օրէնքով չարգելւած բոլոր միջոցներով պայքարելու է այս ընթացքը կասեցնելու համար: Մենք տեսնում ենք, որ ռիսկային քայլեր են տեղի ունենում, խնդիրներ են առաջնում, որոնք երկրի համար որեւէ լաւ բան չեն բերի: Մենք կողմ ենք խորքային դատաիրաւական բարեփոխումներին, դատարանների անկախութիւնը երաշխաւորելուն, պրոֆեսիոնալիզմը բարձրացնելուն, բայց մենք դէմ ենք, որ դատարանները փորձում են ենթարկեցնել քաղաքական իշխանութիւններին, փոխանակ կտրեն այդ արատաւոր պրակտիկան, որ ժամանակին եղել է: Ընդհակառակը, մի քաղաքական ուղղւածութիւն ունեցող պաշտօնեայի փոխարէն ուրիշի են ուզում դնեն, ասում են՝ յանուն բարու կարելի է օրէնք խախտել, բայց այդ օրէնքը եթէ մի անգամ խախտես, երկու անգամ խախտես, յետոյ սովորութիւն է դառնալու»,- ասաց նա:

Խաչատրեանի գնահատմամբ՝ երկու ուժայինների ղեկավարների հրաժարականն արդէն ազդակ է որեւէ գործընթաց սկսելու. «Դատարանների նկատմամբ այս չքողարկւած հարձակումն արդէն ազդակ է, որ ինչ-որ բան նախապատրաստւում է. թէ՛ վարչապետի , թէ՛ ԱԺ նախագահի ելոյթը եւ թէ՛ «Իմ քայլը» խմբակցութեան ելոյթը ենթադրում է որոշակի մեսիջ դատական իշխանութիւններին, եւ այս ամէն ինչը նախանշաններ են, որ ինչ-որ գործընթացներ ՀՀ-ում սկսել են եւ կարող են հասնել իրենց գագաթնակէտին»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։