Հա

Քաղաքական

19/09/2019 - 10:20

Հրանտ Մելիք-Շահնազարեան. «Նախ Փաշինեանի կառավարութիւնից հրաժարւեցին ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, ապա՝ խմբակցութեան պատգամաւորները, այժմ էլ՝ ուժայինների ղեկավարները. իշխանութեան բուրգի հիմքը փլուզւում է»

Իշխանութեան ներսում խնդիրներ կան, իշխանութեան բուրգի հիմքը փլուզւում է: Այս մասին «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը, ով անդրադարձաւ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցեանի ու Ոստիկանութեան նախկին պետ Վալերի Օսիպեանի հրաժարականներին եւ իշխանութեան ներսում կատարւող իրադարձութիւններին:

«alikonline.ir» - Իշխանութեան ներսում խնդիրներ կան, իշխանութեան բուրգի հիմքը փլուզւում է: Այս մասին «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը, ով անդրադարձաւ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցեանի ու Ոստիկանութեան նախկին պետ Վալերի Օսիպեանի հրաժարականներին եւ իշխանութեան ներսում կատարւող իրադարձութիւններին:

 

- Պարոն Մելիք-Շահնազարեան, արդեօ՞ք սպասելի էր, որ իշխանափոխութիւնից յետոյ կառավարութեան ներսում հրաժարականներ կը լինեն, հրաժարական կտան ուժային կառոյցների ղեկավարները:

- Անցած 1.5 տարւայ ընթացքում յեղափոխական քաղաքական ուժն, ըստ էութեան, անընդհատ գլորւում էր: Սկզբից տեսանք իրենց միացած այլ կուսակցութիւնների վարւելաձեւով, երբ կառավարութիւնից դուրս եկան ՀՅԴ-ն ու Բարգաւաճ Հայաստանը, յետոյ տեսանք ակտիւիստական շարժման մի հատւածի դժգոհութիւնն իշխանութիւնից, մասնաւորապէս՝ բնապահպանական թեւը դուրս մնաց, յետոյ տեսանք, որ դուրս են գալիս խմբակցութիւնից, օրինակ՝ «Իմ քայլի» պատգամաւոր Էդգար Առաքելեանը: Հիմա բանը հասել է ամենահիմնական ու խորքային, կարեւոր տեղերին՝ իրաւապահ մարմիններին ու ուժային կառոյցներին: Պատճառները կարող են շատ լինել, կոնկրետ ուժային կառոյցների դէպքում ակնյայտ է, որ կայ արժէքային բնոյթի կոնֆլիկտ երկրի քաղաքական իշխանութեան ու ուժային կառոյցների միջեւ:

ԱԱԾ արդէն նախկին տնօրէն Վանեցեանի հրաժարականի տեքստը բաւական բովանդակալից էր եւ բացայայտում էր խնդրի էութիւնը: Քաղաքական իշխանութիւնը նրանցից պահանջում է բաներ, որոնք հակասութեան մէջ են սպայի արժանապատւութեան, առաջնային եւ երկրորդական կարեւոր իրադարձութիւնների ընկալման տեսակէտից: Կարծում եմ, որ մօտաւորապէս մի նման սցենար էլ զարգացել է ոստիկանապետ Վալերի Օսիպեանի պարագայում: Պատճառներից մէկն էլ, ասւում է, որ Ամուլսարում վարչապետի կողմից ուժ կիրառելու ցանկութիւնն էր, բայց կարծում եմ, որ վերջին կաթիլը եղաւ կառավարութիւնում Փաշինեանի կողմից ահաբեկչութեան պարագլուխներին ընդունելը: Պարզ դարձաւ, որ արժէքային եւ քաղաքական առաջնահերթութիւններում Փաշինեանը նայում է ոչ թէ իրաւական կողմին, ոչ թէ դէպի օրինականութիւն եւ, առաւել եւս, ոչ թէ դէպի սպայի արժանապատւութիւն, այլ զուտ քաղաքական նպատակայարմարութեանը՝ անձնական իշխանութիւնն ուժեղացնելու նպատակով: Այս ընտրութեան մէջ Փաշինեանը սխալւեց, ինչի հետեւանքով մենք տեսնում ենք իշխանութեան կազմաքանդում, այն էլ՝ շատ արագ տեմպերով:



- Դուք հրաժարականների ու հրաժարւելու տարբեր օղակներ նշեցիք, սա իշխանութեան կազմաքանդո՞ւմ էք որակում, երբ երկու ուժայիններ են հրաժարական տալիս:

- Սա իշխանութեան բուրգի փլուզում է, մենք տեսնում ենք, որ իշխանութիւնն այն տեսքով, որ տեսքով նա ստանձնեց անցած տարւայ մայիսին, այլեւս գոյութիւն չունի: Կարեւոր դերակատարում ունեցող անձինք հեռանում են, հեռանում են՝ բացայայտ ցոյց տալով իրենց դժգոհութեան պատճառները: Այսինքն, այն, որ սպասելիքները չարդարացան, այսօրւայ դրութեամբ վերաբերում է ոչ միայն հանրութեանը, այլ նաեւ մարդկանց, ովքեր եղել են Փաշինեանի կողմից ու նրա հետ միասին իշխանափոխութիւն են իրականացրել Հայաստանում:

 

- Իշխանութեան ներկայացուցիչների կամ համախոհների կողմից հնչում են կարծիքներ, թէ այս ազատումները ենթադրում են, որ իշխանութիւնը որոշ ժամանակ անց ազատւում է նախորդ իշխանութեան կադրերից: Սա որքանո՞վ է իրատեսական, հաշւի առնելով նաեւ այն, որ այս պահին գործող օրէնքով ուժային կառոյցների ղեկավարները կարող էին լինել միայն ոստիկանութեան եւ ԱԱԾ-ի աշխատակից:

- Եթէ խօսենք ուժայինների մասին, իհարկէ, դա պարզունակ գնահատական է, որովհետեւ նոյն եւ՛ Վանեցեանը, եւ՛ Օսիպեանը տարիներ շարունակ ծառայել են իրաւապահ համակարգերում, անկախ նրանից, թէ ով է եղել քաղաքային իշխանութիւնը: Նրանք կադրային սպաներ են, ովքեր իրենց կարիերան կառուցել են զրոյից ու չեն եղել քաղաքական դէմքեր, բացի այդ, այդ կառոյցներում պէտք է ղեկավարէին համակարգի ծառայողները: Հիմա ես տեսնում եմ, որ քաղաքական իշխանութիւնը բոլոր ձախողումները փորձում է կապել, այսպէս կոչւած, նախկինների հետ, եւ այն մեկնաբանութիւնը, որ տրւեց վարչապետի մամուլի խօսնակի կողմից Վանեցեանի հրաժարականի վերաբերյալ, դա, իսկապէս, խօսում է նրա մակերեսայնութեան, հիմքերին տեղեակ չլինելու, ամէն տեղ մեղաւորներ փնտրելու եւ պատասխանատւութիւնից խուսափելու մասին, դա պարզունակ ձեւ է եւ կարող է աշխատել անցած տարւայ յեղափոխական էյֆորիայի ժամանակներում, բայց, քանի որ 1.5 տարի է անցել, այդ ամէնն արդէն պայմանաւորւած է այս իշխանութեան գործողութիւններով: Ներսում չեն կարող ռիսկեր գնահատել եւ դրանց լուծումները գտնել: Իրենք դեռ փորձում են մեղքերը բարդել նախկինների վրայ, բոլորին պիտակաւորում են եւ այլն, բայց փաստն այն է, որ պատճառները վաղուց այդ իշխանութեան ներսում են ու դա Փաշինեանի՝ մոլագարութեան հասնող վրիժառութեան միտումն է: Կան բաներ, որոնք վաղուց արդէն մոլագարի պահւածք են յիշեցնում:

 

- Պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանի անունն էլ է հնչում, չնայած՝ այսօր նա հերքեց այդ ամէնը՝ ասելով, որ Փաշինեանի հետ տարաձայնութիւններ չունի, մտադրութիւն չունի հրաժարականի դիմում ներկայացնել: Ինչո՞վ էք դա պայմանաւորում եւ, բացի այդ, գուցէ Օսիպեանի ու Վանեցեանի հրաժարականից յետոյ Փաշինեանը Տօնոյեանի հարցում փոխել է իր մօտեցումներն ու պահանջները: Վանեցեանի դէպքում քաղաքականութեան վերադառնալու մասին խօսակցութիւններ կան, ի՞նչ սպասել Օսիպեանի դէպքում: 

- Երբ բոլորը մատնացոյց են անում Տօնոյեանի հրաժարականը, պատճառն այն է, որ հասկանում են, թէ իշխանութեան կազմում ով կարող է դիմակայել արժէքազուրկ կամ բարոյազուրկ պահանջներից, որոնք բխում են Փաշինեանից: Եթէ կայ անբարոյ պահանջ, քաղաքական հետապնդում, հանրութիւնը հասկանում է, թէ ով է այն մարդը, ով արժանապատւութիւն կունենայ դրան դիմակայելու համար: Կարծում եմ՝ դա է պատճառը, որ մարդկանց հայեացքն ուղղւել է դէպի Դաւիթ Տօնոյեանը: Կարծում եմ, որ հրաժարականի հարցը կամ դեռ իրեն չի հասել, կամ էլ Տօնոյեանի կողմից այդ լուրերի հերքումը մարտավարութիւն է, որը Տօնոյեան օգտագործում է անվտանգութեան ամբողջ համակարգը վտանգի տակ չդնելու համար: Ինչ վերաբերում է այդ մարդկանց քաղաքականութիւն մտնելը, ապա դա, համարում եմ հնարաւոր, անգամ կը ցանկանամ, որ արժանապատւութեան զգացում ունեցող մարդիկ աւելի ակտիւ լինեն քաղաքականութեան մէջ, բայց այստեղ հարցեր կան, որոնց իրենք պարտաւոր են պատասխանել: Մասնաւորապէս Վանեցեանի պարագայում, նման հարցադրումներ հնչեցին Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայէլ Մինասեանի կողմից՝ կապւած քաղաքական հետապնդումների, նախագահ կալանաւորելու եւ այլ հարցերի հետ, բայց կարծում եմ, որ Վանեցեանն իր հրաժարականով առաջին քայլն արել է դէպի ճիշտ ուղի եւ կը կարողանայ ճիշտ կողմնորոշւել ու պատւով պատասխանել բոլոր այդ հարցադրումներին, ցոյց տալ, որ ինքն այդ ռեպրեսիւ քաղաքականութեան մասը չի եղել: Այդ ժամանակ, կարծում եմ, որ ճանապարհը Վանեցեանի ու Օսիպեանի համար բաց կը լինի դէպի քաղաքականութիւն եւ դէպի առաջնորդութիւն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։