Հա

Քաղաքական

23/09/2019 - 13:54

Երկիրը պահածոյի տուփ չէ

«Հրապարակ» օրաթերթի «Հոգեւոր Հայաստան» մենախoսութիւնների շարքի այս համարի հերոսը արձակագիր Սպարտակ Ղարաբաղցեանն է, ով տալիս է հոգեւոր Հայաստանի իր սահմանումը եւ այն, թէ ինչ կը փոխէր ներկայիս Հայաստանի հոգեւոր-մշակութային կեանքում։

«Հրապարակ» օրաթերթի «Հոգեւոր Հայաստան» մենախoսութիւնների շարքի այս համարի հերոսը արձակագիր Սպարտակ Ղարաբաղցեանն է, ով տալիս է հոգեւոր Հայաստանի իր սահմանումը եւ այն, թէ ինչ կը փոխէր ներկայիս Հայաստանի հոգեւոր-մշակութային կեանքում։

Բիոդաշտն է փոխւել

Հոգեւորն ու Հայաստանն այնքան միաձուլւած են իրար, որ կարիք չկայ յատուկ շապիկ կարել հագցնելու համար, որովհետեւ Հայաստանն արդէն հոգեւոր է, եւ ինչքան որ հոգեւորն է անսահման, այնքան էլ Հայաստանը, չես կարող ո՛չ սահմանի մէջ դնես, ո՛չ էլ սահմանում տաս։ Մենք այսօր ապրում ենք մեր մեծերի մտահոգութիւնների կիզակէտում, որովհետեւ ամէն ինչի մէջ կորցնելու վտանգը կայ, դրա մասին շատ բաց պէտք է խօսենք։ Երբ Տէրեանն ասում էր՝ մի՞թէ վերջին պոէտն եմ ես, հէնց դա նկատի ունէր՝ մի՞թէ այդ հոգեւորը ցամաքել է․․․։ Եթէ թւում է, որ այդ հոգեւոր խնդիրները յաղթահարել ենք, ինքներս մեզ կը խաբենք, այսօր ե՛ւ լեզւի խնդիր ունենք, ե՛ւ աւանդոյթների, ե՛ւ հոգեւոր վերականգնման։ Իսկ հոգեւորն ի՞նչն է՝ աւանդոյթը, բարոյականութիւնը, ծէսը, այն, ինչ որ հայ մարդու կողմից յունցւել է։ Հայաստանը միայն ֆիզիկական տարածք չէ, քար կայ՝ բարձրացնում ես ու տեսնում՝ երեսի վրայ ընկած խաչքար է, բահը խփում ես գետնին ու 3-րդ հազարամյակի սափոր ես հանում։ Այդ հոգեւորն է, որ թոյլ է տալիս դիմակայել այսօրւայ մարտահրաւէրներին։ Թէպէտ սա մարտահրաւէր էլ չէ, այլ թիկունքից խփել, որը շատ վտանգաւոր է։ Մենք այսօր այդ վիճակի մէջ ենք։ Պատահական չէ, երբ ուզում են մի ժողովրդի կամ տարածքի տիրանալ, սկսում են հոգեւորը փչացնել, դրանից յետոյ ե՛ւ նւաճելն է հեշտ, ե՛ւ վերցնելը։ Ինչ խօսք, այդ տեսակ մարտահրաւէրները մեզ համար նորութիւն չէին, բայց բաներ կային, որոնց չէինք սպասում։

Եթէ ասես՝ մշակութային ձեռնարկներ չեն արւում, այդպէս չէ, ինչ-որ միջոցառումներ արւում են, ու քեզ թւում է, թէ ամէն ինչ իր տեղում է, բայց մի շատ կարեւոր բան պակասում է, որը ոչ մէկս չենք զգում՝ բիոդաշտն է փոխւել, օրինակ՝ համերգ գնալը դառնում է ձեւական, ցուցահանդէս գնալը ներկայ-բացակայ անելու պէս մի բան է, բայց մենք այդ ժողովուրդը չենք եղել։ Բաներ կան, որոնց վերադառնալ է պէտք, չվերադառնաս՝ առաջ չես գնայ։ Երբ ասում ես՝ այսպէս որ գնայ, երկիր էլ կը կորցնենք, շատերը զարմանում են, իրենց թւում է, որ 21-րդ դարում նման բան հնարաւոր չէ, իսկ 20-րդ դարում հնարաւո՞ր էր ցեղասպանութիւն, տեսէք՝ Եւրոպայի հետ ինչ է կատարւում, նման բան հնարաւո՞ր էր 21-րդ դարում։ Այսօր չորս կողմից հոգեւոր ցեղասպանութիւն է։

Կարկատելով՝ յիշողութիւն չի վերականգնւում

Երբ չվախեցող մարդիկ շատանում են, դառնում է շատ վտանգաւոր։ Ես միշտ չվախեցող մարդուց եմ վախեցել, որովհետեւ նրանից ամէն ինչ սպասելի է։ Այսօր բոլոր բնագաւառներում չվախեցող մարդկանց մի շերտ կայ, որոնց պատճառով շատ բան նոյնիսկ մեր մտքով էլ չէր անցնում։ Օրինակ՝ որ կարելի էր ոտնձգութիւն անել եկեղեցու դէմ։ Ո՞ւմ մտքով կանցնէր, որ քրիստոնէութեան 1700 ամեակը նշած ժողովուրդը յանկարծ մի 5 տարի յետոյ սկսելու է վարկաբեկման գործընթաց։ Ո՞ւմ մտքով կանցնէր, որ այդ կենցաղային լեզուն դառնալու է մեր առօրեայի եւ հոգեւորի շարունակութիւնը։ Երբ հեռուստաալիքներով տարբեր հաղորդումներ եմ նայում, ինձ թւում է, թէ փողոցից վերցրել ձայնագրել են։ Ես չէի ուզենայ յատկապէս, որ այդ «անբռնազբօս» տոնով հայ աղջիկը, կինը խօսէր։ Սա, ցաւօք, մեր այսօրւայ հայելին է։ Քննադատելը նոյնպէս շատ ակտուալ է դարձել։ Ֆէյսբուքը նայում ես՝ աջ-ձախ ով ինչ ուզի, ասում է։ Դա նման է նրան, երբ տանում ես աղբը թափելու, մէկ էլ մի թանկ բան, ասենք՝ մատանիդ, այդ աղբի հետ գնում է, ու դու ստիպւած՝ այդ աղբանոցը քանդում ես՝ մատանիդ գտնելու համար։ Լեզուն այդպէս է կոտրւում, փշրւում։ Բառերի մի շարան կայ, որ օգտագործում են հայրենասիրութեան մասին ճառերում, ընդ որում, բոլորը՝ նոյն բանը, մի ստորակէտ այս կողմ, այն կողմ։ Հրեայի հետ կապւած մի պատմութիւն կայ․ մէկը շատ է խօսում հայրենասիրութիւնից, հարցնում է՝ կը տա՞ս կեանքդ հայրենիքին, ասում է՝ ո՞նց, բա որ ես կեանքս տամ, հայրենիքն ո՞վ պէտք է սիրի։ Հիմա նոյն վիճակը մեզ մօտ է․ բոլորը հայրենասիրութիւնից խօսում են, իսկ երբ գալիս է զոհասեղանին ինչ-որ բան դնելու հարցը, մի կողմ են քաշւում։ Յետոյ բոլորին թւում է, որ զոհասեղանին միայն կեանքն են դնում։ Երբ դրամահաւաքը նոր-նոր էր սկսւել, նիւթականից բացի, այդտեղ նաեւ բարոյական կողմ կար, այսինքն՝ դու մենակ նիւթականը չես դնում այդ զոհասեղանին։ Այդ ոգեւորութիւնը բարոյականութեան հետեւանքն էր, բայց յետոյ, երբ բարոյականը դուրս եկաւ, ու մնաց միայն նիւթական կողմը, դրամահաւաքը դարձաւ փայահաւաքութիւն։ Մենք այդ անյարկի շռայլութիւններից պէտք է յետ վարժւենք եւ բարոյական դաշտ մտնենք։ Այնքան բան կայ կառուցելու եկեղեցիներից բացի, օրինակ՝ Շուշիի Ռէալական դպրոցը, որն ամբողջ Անդրկովկասում եզակի կառոյց է եղել։ Դա Դորպատի համալսարանի փոքր մակետն է, որ Շուշիում կառուցւել է։ Այդ հոգեւոր դաշտը ոչ թէ կարկատել է պէտք, այլ՝ վերականգնել։ Մենք գնում ենք մի յուշարձան ենք կարկատում, ասում ենք՝ յիշողութիւնը վերականգնւեց, բայց կարկատելով՝ յիշողութիւն չի վերականգնւում։ Եթէ այսօր հոգեւորից շատ ենք խօսում, ուրեմն նշանակում է՝ դրա պակասն ունենք։ Բայց այդ պակասը զգալով է, որ խօսելուց բացի, պէտք է նաեւ քայլ արւի։

Ուզում ես անունը «Նոր Հայաստան» դիր՝ բան չի փոխւի

Երբ մէկուկէս տարի առաջ սկսւեց այս «բեմականացումը», ինչու բեմականացում՝ որովհետեւ լաւ ռեժիսորներ ու կատարողներ կային, այդ ժամանակ ինչքան էլ որ ասում էին՝ այդ փոփոխութիւններն ինքնաբուխ են, ես դրան չէի հաւատում։ Իհարկէ, բոլորս փոփոխութիւնների կարիք ունէինք եւ զգում էինք, որ մի բան պէտք է փոխւի, բայց մէկուկէս տարւայ մեր անցած ճանապարհը ցոյց տւեց, որ այդ փոփոխութիւնները նոր Հայաստանի մէջ չեն տեղաւորւում։ Յետոյ՝ «Նոր Հայաստան» ձեւակերպմանը ես ի սկզբանէ դէմ եմ եղել։ Ինչպէս որ դէմ եմ  «մշակութային զարթօնք» ասվւածին, որովհետեւ մշակութային զարթօնք ցեղախմբերը կարող են ապրել, ոչ մեր մշակոյթի եւ ժառանգութեան տէր ժողովուրդը։ Մենք մի օրում կորցնում ենք այնքան բան, ինչքան ժողովուրդներ հազարամեակների ընթացքում չեն ստեղծել։ Մեզ ոչ թէ մշակութային զարթօնք է պէտք, այլ ունեցած ժառանգութեանը տէր կանգնել։ Երբ ազգը, ժողովուրդը գիտակցում է իր կշիռը, անկախ իրենից՝ դառնում է իր ժառանգութեան տէրը, երբ չես գիտակցում, ուզում ես անունը «Նոր Հայաստան» դիր՝ բան չի փոխւի։ Մի ժամանակ էլ նոր հայի կերպար էր ստեղծւել, իրենց գործն արեցին բեմից ու գնացին։ Միշտ ասել եմ՝ ազնիւ մետաղը չես կարող ոչ մէկի հետ ձուլես, մէկ է՝ ճաք է տալու։ Կամ՝ եթէ քոնն առաջին խմբի արիւն է, քեզ միայն քո խմբի արիւնը կարող է փրկել, միւսները քեզ դէպի կործանում են տանելու։ Այսօր ամբողջ աշխարհը գէնետիկ յիշողութեան փնտրտուքների մէջ է, այդ փնտրտուքի մէջ մենք մեզ չպէտք է մոռանանք։ Երբ հոգեւոր դաշտում սկսում ես տանուլ տալ, մնացած յաղթանակները դառնում են զրօ։ Արցախեան ազատամարտի ժամանակ մենք շատ բան ապացուցեցինք, այդ թւում՝ ապագային ձեռնոց նետեցինք։

Ինչքա՞ն կարելի է ժողովրդին կերակրել թւերով

Երբ նոր էր այս թաւշեայ եւ սիրոյ յեղափոխութիւնը սկսւել, վարչապետը մի քանի անգամ ամբիոնից Հրանտ Մատթէոսեանին ցիտեց, յետոյ մտաւորականների հաւաք արեց։ Այսինքն՝ նա սկսեց մի տեղից, որին բոլորը լաւ արձագանքեցին, ի վերջոյ, ԱԺ ամբիոնից Հրանտի անունը տւեցին, բայց երբ տեսայ այդ մտաւորականների հաւաքը, հասկացայ, որ Նիկոլը հաւաքել է նրանց ներկայ-բացակայ անելու համար, բոլորը եկել էին իրենց դարդուցաւով։ Ու ինչպէս նախորդների ժամանակ հերթ էին կանգնում մեդալ ստանալու, հիմա էլ հերթական հերթագրումն էր սկսւել։ Յետոյ՝ Նիկոլը մտաւորականների հետ չխօսեց մտաւորականների լեզւով, ու մինչեւ այսօր այդ տօնը տնաքանդութեան նման շարունակւում է։ Կենտկոմի առաջին քարտուղարը Վիկտոր Համբարձումեանի հետ գլուխը կախ էր խօսում, որովհետեւ Վիկտոր Համբարձումեանի հետ էր խօսում։ Եթէ դու Հրանտ Մատթէոսեանից ես խօսում, չգիտե՞ս, որ նոյն Հրանտի ասած՝ մեր գիւղերը այդ մեղւափեթակների պէս ցամաքում են, հո մենակ ցիտելով չի՞։ Հրանտին ցիտում ես, բայց դեռ Հրանտ Մատթէոսեան կենտրոնը չի կառուցւել, այսինքն՝ ամէն ինչը դառնում է փուչիկ։ Վարչապետն այն օրը 100 փաստ էր նշում, դրա մէջ հոգեւորի մասին խօսք կա՞ր։ Թիւ, թիւ, թիւ․․․, թւախեղդ պէտք չի անել, ինչքա՞ն կարելի է ժողովրդին կերակրել թւերով, յատկապէս երբ քո ասած թւերը երեկոյեան անգամ շարքային տնտեսագէտն է հերքում, ուրեմն մենք այստեղ խնդիր ունենք պետականութեան հետ։ Ես ինչի՞ վրայ յոյս դնեմ, որ վաղը իմ թոռներն ապրելու են, ինչպէս նախկիններն էին ասում՝ ապահով Հայաստանում։ Շատ բան այսօր պէտք է արմատախիլ արւի ու նաեւ անաղմուկ արւի։

Մեր ժողովուրդը թունաւորւած է

Մենք հանդուրժողականութեան մասին ենք խօսում, բայց որ կողմը նայում ես, հանդուրժողականութեան պակաս կայ։ Այդ ամբարւած թոյնից պէտք է ազատւել, ոչ թէ մասնաբաժին հանես միւսներին։ Հիմա մեր ժողովուրդը թունաւորւած է՝ սկսած հեռուստահաղորդումներից, վերջացրած ֆէյսբուքեան գրառումներով ու պատի տակի խօսակցութիւններով։ Հանքարդիւնաբերութիւնն էլ՝ իր հերթին։ Այսօր շատերը չեն յիշում, բայց խորհրդային տարիներին այս տարածքները կէտառկէտ ուսումնասիրւեցին, գիտէին որտեղ ինչ կայ։ Երբ հանքի օգտագործման հարցն էր դրւած, առաջարկ եղաւ, որ Ջերմուկի տարածաշրջանի բնակչութիւնը պէտք է դուրս գայ այդտեղից, բայց Մոսկւայում հաշւարկ էին արել եւ եկել էին այն եզրայանգման, որ Ջերմուկը՝ որպէս համամիութենական քաղաք, աւելի մեծ օգուտ է տալիս, քան եթէ հանքը շահագործւի։ Իսկ այսօր մենք մեզ տանում ենք կառափնարան։ Նոյնը նաեւ Նիկոլի հայրենիքում՝ Իջեւանում, այնտեղ Քաչալ սար անւանումով սար կայ, որտեղ ուսումնասիրել էին ու ասել՝ ուրան կայ, բայց արգելեցին շահագործել, այսինքն՝ վերաբերմունք կար, որովհետեւ արդիւնքում գիւղեր էին դատարկւելու։ Եթէ այդ մարդիկ ոսկի են փնտրում, թող գնան Ջէկ Լոնդոն կարդան՝ երկիրը պահածոյի տուփ չէ․ այսօր արդէն այդ խնդիրն է դրւած։

ՍՈՆԱ ԱԴԱՄԵԱՆ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։