Հա

Քաղաքական

16/10/2019 - 12:50

«Քրդերի հետ տեղի ունեցողը սթափեցնող դաս պէտք է լինի մեզ համար, եթէ չենք ցանկանում երբեւէ յայտնւել այս վիճակում, պէտք է մեզ մի քանի հարց տանք». Աւետիք Չալաբեան

Հանրային գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի կողմից քրդերի դէմ իրականացւող գործողութեանը՝ նշելով, որ այն պէտք է դաս լինի մեզ համար։

«alikonline.ir» - Հանրային գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի կողմից քրդերի դէմ իրականացւող գործողութեանը՝ նշելով, որ այն պէտք է դաս լինի մեզ համար։

Գրառումն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Երէկ շատերդ տեսել էք թուրք զինւորների կողմից զոհւած քրդերին գլխատելու սարսափելի կադրերը։ Այս ամէնը տեղի է ունենում ողջ «քաղաքակիրթ» աշխարհի հայեացքի ներքոյ, որը փարիսեցիաբար յանձնել է իր նախկին դաշնակիցներին թուրքերի յօշոտմանը։ 

Քրդերի հետ տեղի ունեցողը սթափեցնող դաս պէտք է լինի մեզ համար։ Քրդերը կռւող ժողովուրդ են եւ թուլամորթ չեն, սակայն նրանք յայտնւել են այս արիւնոտ մսաղացում մի քանի պատճառով՝ միջազգայնօրէն ճանաչւած պետութիւն չունեն, ճիշտ չեն գնահատել իրենց ուժերը տարածաշրջանային բարդ առեւտրում, եւ յոյսները դրել են մի դաշնակցի վրայ, որը տարածաշրջանում բարդ եւ յարափոփոխ խաղ է վարում, եւ պատրաստ է արանքում տարբեր տակտիկական զոհաբերութիւնների՝ այդ խաղը առաջ տանելու համար։

Եթէ մենք չենք ցանկանում երբեւիցէ այս վիճակում յայտնւել (յիշեցնեմ, որ 2016 թ. ապրիլին մօտ էինք), պէտք է մեզ մի քանի կարեւոր հարց տանք.

ա) Ինչու են որոշ մարդիկ յամառօրէն պնդում, որ Արցախը պետութիւն չի (կրկնելով հակառակորդի մշտական պնդումները), նրա ղեկավարին նսեմացնելով մարզպետ անւանում, եւ ամէն կերպ փորձում խարխլել Արցախի միջազգային լեգիտիմութիւնը:

բ) Ինչու են նոյն այդ մարդիկ անընդհատ պնդում, որ Գիւմրիի ռուսական ռազմական բազան պէտք է Հայաստանից հանել, առանց նոյնիսկ բացատրելու, թէ տեղը առաջացած դատարկութիւնը ով պէտք է լցնի (յիշեցնեմ, որ 1918-1921 թւերին երկու անգամ լցրել է Թուրքիան, մասսայական կոտորածներով):

գ) Ինչու են որոշ այլ մարդիկ էլ հպարտօրէն պնդում, որ մեզ ռազմական բիւջէն պէտք չի աւելացնել, քանի որ մենք արդէն 4 կործանիչ ինքնաթիռ ենք գնում, մոռանալով, որ Ադրբեջանը արդէն ունի դրան մօտ կարգի 16 կործանիչ, իսկ Թուրքիան ընդհանրապէս այդ կարգի 240 ինքնաթիռ ունի։

դ) Ինչի են նոյն այդ մարդիկ պնդում, որ Արցախեան պատերազմում կռւած, եւ այդ պատերազմում յաղթանակը կռած հերոսները այսօր դաւադիրներ եւ դաւաճան են։

Եթէ այդ հարցերի պատասխանները չգտնէք, մտածէք այն մասին, որ գուցէ այդ ամէնը արւում է, որ վաղը քրդերի տեղը մենք լինենք։ Ի տարբերութիւն քրդերի, 1918 թւականին մենք հրաշքով կարողացանք մեր հայրենիքի մի փոքր կտոր մազապուրզ անել թուրքական եաթաղանից եւ վրան պետութիւն ստեղծել, 1994-ին էլ կարողացանք դա ամրապնդել մեր փառապանծ յաղթանակով։ Աշխարհում շատերին դա հանգիստ չի տալիս, եւ իրենք ամէն ինչ անելու են, որ մենք վերադառնանք քրդերի կարգավիճակին։

Մենք, սակայն, չպէտք է միամիտ լինենք, եւ թոյլ չտանք, որ նորօրեայ բոլշեւիկները մեզ հերթական անգամ յանձնեն նորօրեայ Քեմալի ողորմածութեանը։ Վկան՝ այսօրւայ քրդերի ճակատագիրը»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։