Հա

Քաղաքական

20/10/2019 - 14:10

Հակառակորդը յարձակման հող է նախապատրաստում, մենք նւազեցնում ենք ՊՆ-ի ծախսերը

Եթէ մենք նայենք այն գործողութիւններին, որ իրականացնում է մեր հակառակորդը՝ հռետորաբանութեան սաստկացում, դիւերսիոն գործողութիւններ, ռազմական բիւջէի կտրուկ ընդլայնում (յայտարարւել է՝ 21 տոկոսով), կը տեսնենք, որ դրանք ունեն երկու նպատակ՝ ստեղծել մեզ համար ծանր հոգեբանական ֆոն եւ Հայաստանի համար ստեղծել միջազգային մեկուսացում, որը հակառակորդի ձեռքերը կազատի ուժային գործողութիւնների գնալու համար. Յամենայն դէպս, այդպիսին է եղել 2016 թ. սցենարը, որ իր մօտ մասամբ յաջողւել է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը:

«alikonline.ir» - Եթէ մենք նայենք այն գործողութիւններին, որ իրականացնում է մեր հակառակորդը՝ հռետորաբանութեան սաստկացում, դիւերսիոն գործողութիւններ, ռազմական բիւջէի կտրուկ ընդլայնում (յայտարարւել է՝ 21 տոկոսով), կը տեսնենք, որ դրանք ունեն երկու նպատակ՝ ստեղծել մեզ համար ծանր հոգեբանական ֆոն եւ Հայաստանի համար ստեղծել միջազգային մեկուսացում, որը հակառակորդի ձեռքերը կազատի ուժային գործողութիւնների գնալու համար. Յամենայն դէպս, այդպիսին է եղել 2016 թ. սցենարը, որ իր մօտ մասամբ յաջողւել է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը:

«Իհարկէ, 2016 թւին Թուրքիայի ձեռքերն աւելի ազատ էին, այն ժամանակ դեռ յեղաշրջումը տեղի չէր ունեցել, Սիրիայում նրանք այդ աստիճան ներքաշւած չէին մարտական գործողութիւնների մէջ, ունէին աւելի լուրջ աջակցութիւն: Այդ իմաստով, հիմա Թուրքիայի կողմից մեզ վրայ ճնշումն աւելի քիչ է: Բայց մենք չգիտենք՝ ինչպէս կը զարգանան դէպքերը: Օրինակ՝ եթէ Թուրքիան կարողանայ իր սահմաններից հարաւ ամրապնդել իր դիրքերը՝  նախկինում քրդերի կողմից վերահսկւող տարածքներում, դա իրեն շատ լուրջ խաղաքարտ կը տայ մասնաւորապէս մեր դաշնակից Ռուսաստանի հետ առեւտրի մէջ, եւ  մենք չգիտենք, թէ դա ինչի կը բերի»,- ասաց նա:

Չալաբեանի խօսքով՝ հակառակորդի նման դիրքորոշմանն ի տես, հարկ է առաւել ուշադրութիւն դարձնել բանակի եւ սպառազինութեան խնդիրներին, 2020 թ. բիւջէում ՊՆ-ի ծախսերի փաստացի նւազում է նախատեսւում. «Զուտ պաշտպանութեան նախարարութեան բիւջէն աճում է ընդամենը 0.2 տոկոսով, քիչ աւելի աճում է ռազմարդիւնաբերութեան բիւջէն, որի արդիւնքում գրանցւում է 0.8 տոկոս աճ: Այսինքն, ՊՆ-ի բիւջէն ընդհանրապէս չի աճում, իսկ հաշւի առնելով 2-2.5 տոկոս գնաճը, կարելի է ասել, որ այդքանով նւազում է, եւ դա այն ֆոնին, որ հակառակորդի բիւջէն աճում է 21 տոկոս: Այսինքն՝ հակառակորդի բիւջէն 1.87 մլրդ. դոլար է, մերը՝ 630 մլն. դոլար, այսինքն՝ աւելի քան 3 անգամ պակաս: Յաջորդ տարի հակառակորդի բիւջէն նախատեսւում է հասցնել 2.27 մլրդ. դոլարի, մերը՝ ըստ էութեան, բացարձակ չի աճում»:

Աւետիք Չալաբեանի դիտարկմամբ՝ սպառազինութեան ոլորտում Հայաստանը պիտի շատ որոշակի ծախսեր անի՝ իրավիճակը հաւասարակշռելու համար: «Մեր հակառակորդն ունի համազարկային կրակի հեռահար համակարգերի 70-ից աւելի միաւոր՝ Ռուսաստանից գնւած «Սմերչ»-եր են, Բելառուսից գնւած «Պոլոնեզ»-ներ, Թուրքիայից գնւած «Կասիրգա»-ներ, Իսրայէլից գինւած «Լինքս» համակարգեր: Դրանք նախատեսւած են ոչ այնքան մարտ վարելու, որքան՝ բնակավայրեր, զօրամասեր, արդիւնաբերական կենտրոններ ոչնչացնելու համար: Քանի՞ նմանատիպ համակարգ ունի Հայաստանը. մօտ 12՝ 4 «Թայֆուն», որ գնւած է Չինաստանից եւ համարւում է յետամնաց, 8 «Սմերչ»՝ գնւած Ռուսաստանից 2017 թ. ռուսական վարկով»,- ասաց նա՝ բացատրելով, որ այս տարբերութիւնը հնարաւորութիւն է տալիս հակառակորդին ռազմական գործողութիւնների դէպքում մեր բնակավայրերի համար շատ լուրջ վտանգ ստեղծել, որին մենք չենք կարողանայ հակազդել ոչ մի արդիւնաւէտ ձեւով, քանի որ այդ քանակի հրթիռների դէմ չի կարող պայքարել ոչ մի Հակաօդային պաշտպանութեան համակարգ:

«Այստեղ կամ դուք պէտք է ունենաք նոյնքան հեռահար համակարգ, եւ հակառակորդին դրանով հաւասարակշռեք, որ իրենք իմանան, որ եթէ իրենք ռմբակոծեն ձեր բնակավայրերը, դուք էլ կարող էք ռմբակոծել իրենց բնակավայրերը, կամ պիտի ունենաք ունիվերսալ բազմակործանիչ ինքնաթիռ համակարգեր, որոնք կարող են հեռահար համակարգերին հեռահար հարւածներ հասցնել: Հիմա արդէն հակառակորդն ունի 16 այդպիսի ինքնաթիռ եւ բանակցում է Պակիստանի հետ նմանատիպ ինքնաթիռներ ձեռք բերելու համար: Ուստի մեր չորս ինքնաթիռը մեզ համար բացարձակ անբաւարար է: Մեզ անհրաժեշտ է նւազագոյնը երկու էսկադրիլիա՝ 12-ական ինքնաթիռից բաղկացած: Մէկ ինքնաթիռն իր սպառազինութեամբ արժէ 50 մլն. դոլար, որ շատ բարենպաստ գին է, քանի որ միջազգային շուկայում դրանք 100-150 մլն. դոլար են. մենք Ռուսաստանից հնարաւորութիւն ունենք իրենց ներքին գներով առնել: Հիմա 4-ն առնում ենք, եւս 20-ը պէտք է»,- նշեց Չալաբեանը: Ըստ այդմ՝ Հայաստանին անհրաժեշտ է ռազմական բիւջէում եւս 1 մլրդ դոլար, որ ամէն տարի երկուական ինքնաթիռ գնելով քիչ-քիչ հաւասարակշռենք հակառակորդին, իսկ այդ խնդիրը 2020 թ. բիւջէում բնաւ արտացոլւած չէ:

Եթէ մեր բիւջէն աւելանում է 14 տոկոսով, Չալաբեանի դիտարկմամբ, ՊՆ-ի բիւջէն պիտի աճի գոնէ 14 տոկոսով: «Եթէ բիւջեն աճում է 14 տոկոսով, ապա հարց է, թէ ինչու է ինչ-որ բան աճում 200 տոկոսով. ինչու այդ բանը չի աճում 14 տոկոսով: Մարզպետարանի ծախսերն աւելացնում են, Ազգային ժողովի ծախսերն են անհամաչափ աւելացնում, վարչապետի աշխատակազմի, նախագահի աշխատակազմի… իհարկէ, կարեւորում են, որովհետեւ դրանք այն միջոցներն են, որից աշխատավարձ են ստանում, գործուղումների են գնում: Բայց եկէք հասկանանք, թէ երկրի համար ո՛րն է կարեւոր՝ երկրի պաշտոնեաների աշխատավարձե՞րն աւելացնելը, թէ՞ պաշտպանական ծախսերը՝ հաշւի առնելով, թէ ինչ խնդիրների առաջ ենք»,- նշեց նա:

Անդրադառնալով բանակում միջանձնային լարւած յարաբերութիւնների արդիւնքում գրանցւող ողբերգական պատահարներին՝ Չալաբեանը փաստեց, որ այդ խնդիրը շատ բարդ է, քանի որ զօրակոչւող երիտասարդները մի որոշ մասը բանակ է բերում փողոցային բարքերը, բռնութիւնը, որով իրենք մեծացել են: Այդ բարքերից ազատւելու համար նրա դիտարկմամբ պէտք են մի շարք միջոցառումներ. «Օրինակ, սպայական կազմը պէտք է մասնագիտօրէն աւելի լաւ պատրաստւած լինի, սպաները պիտի աւելի լաւ հոգաբանական պատրաստութիւն ունենան, որպէսզի կարողանան նման բարդ դէպքերի յետ աշխատել: Երկրորդը՝ պիտի կարողանանք նման երիտասարդներին ի սկզբանէ ֆիլտրել, որը հնարաւորութիւն կը տայ նրանց ագրեսիայի մակարդակը նւազեցնել: Երրորդը՝ բանակում պիտի լինի խրախուսումների եւ պատիժների աւելի արդիւնաւէտ համակարգ, որն այսօր այդքան էլ արդիւնաւէտ չի: Լաւ զինծառայողներին պէտք է աւելի լաւ խրախուսել, իսկ նրանց, որ կարգապահութիւնը խախտում են, բռնութեան ակտեր են իրականացնում իրենց ծառայակիցների նկատմամբ, պէտք է աւելի կոշտ պատժել: Բանակում խնդիր է նաեւ ազատ ժամանակի խնդիրը. եթէ կարողանանք այդ ազատ ժամանակը ճիշտ լցնել սպորտով եւ կրթութեամբ, նրանք աւելի քիչ ժամանակ եւ ցանկութիւն կունենան իրար հետ վիճելու: Բայց դրա համար միջոցներ են պէտք՝ մարզագոյք, մարզիչներ, մանկավարժներ: Ի դէպ, պաշտպանական բիւջէն պէտք է աւելացւի ոչ միայն սպառազինութեան համար, այլ՝ որպէսզի երիտասարդը, որ գնում է բանակ, մենք իր վրայ աւելի շատ միջոցներ ծախսենք, ինքը բանակից վերադառնա ֆիզիկապէս աւելի ուժեղ, աւելի կրթւած, հետագայ կեանքին աւելի պատրաստ»,- ասաց Չալաբեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։