Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շուրջ բանակցութիւններում կողմերն իրենք պէտք է որոշեն ու համաձայնեցնեն բանակցութիւնների մասնակիցների թիւը: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանի հետ հանդիպումից յետոյ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թէ ինչպէս է Ռուսաստանը վերաբերում ՀՀ նոր իշխանութիւնների առաջարկին առ այն, որ Արցախը պէտք է վերադառնայ բանակցային սեղանի շուր:
«alikonline.ir» - Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շուրջ բանակցութիւններում կողմերն իրենք պէտք է որոշեն ու համաձայնեցնեն բանակցութիւնների մասնակիցների թիւը: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանի հետ հանդիպումից յետոյ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թէ ինչպէս է Ռուսաստանը վերաբերում ՀՀ նոր իշխանութիւնների առաջարկին առ այն, որ Արցախը պէտք է վերադառնայ բանակցային սեղանի շուրջ. յայտնում է Tert.am-ը:
Լաւրովը նշել է, որ ՀՀ նախկին նախագահներից մէկը որոշում էր ընդունել, որ Արցախի շահերը պէտք է ներկայացնի պաշտօնական Երեւանը: Որպէս ՄԽ համանախագահ երկիր՝ Ռուսաստանը, ըստ նրա, պէտք է այնպէս անի, որ այդ գործընթացն ընդհանուր համաձայնութեան պայմաններում ընթանայ:
Ըստ նրա՝ բոլորին պարզ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի բնակչութեան համաձայնութեան՝ ոչ մի պայմանաւորւածութիւն չի կարող ընդունւել:
«Առանց Ղարաբաղի բնակչութեան համաձայնութեան՝ հայկական կողմը, իհարկէ, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի»,- նշել է Լաւրովը:
Միեւնոյն ժամանակ ՌԴ արտգործնախարարը մէջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ համաձայնելով այն մտքի հետ, որ ԼՂ խնդրի լուծումը պէտք է բաւարարի ե՛ւ Լեռնային Ղարաբաղին, ե՛ւ ՀՀ-ին, ե՛ւ Ադրբեջանին:
ՀՀ արտգործնախարարն, իր հերթին, յայտնել է, որ Լաւրովի հետ անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանն առնչւող խնդիրներին:
«Որպէս Արցախի անվտանգութեան երաշխաւոր` մենք յանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգաւորման այնպիսի միջավայր, որը կը յարգի Արցախի ժողովրդի իրաւունքները, յատկապէս` ինքնորոշման իրաւունքի իրականացում` առանց սահմանափակման եւ հարկադրանքի»,- ասել է Զոհրաբ Մնացականեանը` ընդգծելով, որ Լաւրովի հետ համակարծիք են` «խաղաղութիւնը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի»: