Հա

Քաղաքական

12/11/2019 - 10:15

«Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը». Լաւրով

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանի հետ հանդիպումից յետոյ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը:

«alikonline.ir» - Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանի հետ հանդիպումից յետոյ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ յայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը. տեղեկացնում է Tert.am-ը: 

«Մենք ամէն կերպ նպաստում ենք նրան, որ Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւններում առկայ խնդիրները լուծւեն: Մենք ամենաակտիւ կերպով նպաստել ենք, այսպես կոչւած, ցիւրիխեան արձանագրութիւնների կնքմանը, չնայած որ զգուշանում էինք դրանց մեծ նշանակութիւն տալուց եւ այն հաշւարկներից, որ դրանք կարող են իրականանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորումից անկախ»,- նշել է Լաւրովը մամուլի ասուլիսի ժամանակ:

ՌԴ արտգործնախարարի խօսքով՝ չնայած հայ-թուրքական արձանագրութիւնների ցաւալի ճակատագրին, Մոսկւան պատրաստ է օգտագործել իր հնարաւորութիւնները հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորելու համար, սակայն դրա համար երկու կողմերն էլ պէտք է շահագրգռւած լինեն:

«Մենք ոչ մի հիմք չենք տեսնում ենթադրելու, որ ինչ-որ մէկը պատերազմ կը սկսի այս երկրների միջեւ, բայց ամէն դէպքում մենք անում ենք ամէն ինչ, որ այստեղ խաղաղութիւն եւ փոխշահաւէտ համագործակցութիւն հաստատւի»,- աւելացրել է ՌԴ արտգործնախարարը:

Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը սկսւել էր 2008 թւականին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսեանի նախաձեռնութեամբ: 2008 թւականի սեպտեմբերի 6-ին այն ժամանակւայ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը Սերժ Սարգսեանի հրաւէրով առաջին անգամ ժամանեց Երեւան՝ Հայաստանի եւ Թուրքիայի հաւաքականների ֆուտբոլային հանդիպումը համատեղ դիտելու: Տեղի ունեցաւ երկու երկրների նախագահների հանդիպումը Երեւանում, որը լայնօրէն լուսաբանւեց համաշխարհային մամուլում: Այս այցը ստացաւ «ֆուտբոլային դիւանագիտութիւն» անւանումը: Սերժ Սարգսեանն էլ իր հերթին Գիւլի հրաւէրով 2009 թւականի հոկտեմբերի 14-ին մեկնեց Թուրքիա՝ հաւաքականների պատասխան խաղը դիտելու:

Հէնց 2009 թւականի հոկտեմբերին Ցիւրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին արձանագրութիւններ՝ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու եւ երկկողմ յարաբերութիւնները զարգացնելու մասին, որոնք պէտք է վաւերացւէին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թւականի ապրիլի 22-ին Սերժ Սարգսեանը հրաման ստորագրեց կասեցնելու հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացումը՝ նշելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսւած գործընթացը:

2018 թւականի մարտի մէկին Սերժ Սարգսեանը չեղարկեց արձանագրութիւնները: Նա նշեց, որ Հայաստանն ամէն ինչ արեց, որ հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւման հարցը չթողնի գալիք սերունդներին, սակայն Անկարան ոչ մի քայլ չարեց արձանագրութիւնների վաւերացման եւ ուժի մէջ մտնելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։