Հա

Քաղաքական

05/12/2019 - 09:50

«Ի՞նչ է կատարւում ԼՂ հարցով բանակցային գործընթացում». «168 ժամ»

«198 ժամ»-ը գրում է. «Վերջին օրերին ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի շուրջ ինտենսիւ իրադարձութիւններ են տեղի ունենում:

«alikonline.ir» - «198 ժամ»-ը գրում է. «Վերջին օրերին ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի շուրջ ինտենսիւ իրադարձութիւններ են տեղի ունենում: Բրատիսլավւայում երէկ կայացած երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ Բաքւում Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի հետ ասուլիսում խօսեց փոխզիջումների հնարաւորութեան մասին՝ յոյս յայտնելով, որ երէկւայ հանդիպման արդիւնքներով հնգակողմ յայտարարութիւն կը ստորագրւի՝ երկու երկրների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետութիւնների արտգործնախարարների մասնակցութեամբ: Բայց մինչ այդ յայտարարութիւնները, նախօրէին եւ երէկ հայկական կողմում տեղի ունեցան երկու խորհրդանշական իրադարձութիւններ:

Դեկտեմբերի 3-ին հրապարակւեց վարչապետ Նիկոլ Փաշինեանի որոշումը, որի համաձայն՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների, ինչպէս նաեւ՝ Արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչներից բաղկացած պատւիրակութիւնը երէկ մեկնեց Բաքու՝ մասնակցելու տարածաշրջանային թեմայով ինչ-որ միջոցառման: Իսկ երէկ էլ վարչապետի տիկին Աննա Յակոբեանն Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային հրաւիրեց Ստեփանակերտ՝ իրականացնելու Ստեփանակերտում մուղամ լսելու նրա երազանքը: Ըստ Ա. Յակոբեանի՝ Ալիեւան այդ յայտարարութիւնն արել էր Twitter-ում կամ Telegram-ում, սակայն աւելի ուշ ադրբեջանական կայքերը գրեցին, որ Ալիեւան միայն Instagram-ում սեփական էջ ունի,  տարածւած լուրը ֆէյք՝ կեղծ է եղել։

Որքանո՞վ են այս իրադարձութիւնները կապվւած եւ որքանո՞վ են նոյն գործընթացի տրամաբանութեան մէջ, միանշանակ դժւար է ասել: Սակայն, ինչպէս ասում են, քաղաքականութեան մէջ պատահականութիւններ չեն լինում: Անկյայտ է, որ առաւելապէս հայկական կողմն ինտենսիւացրել է «հասարակութեանը խաղաղութեան պատրաստելու» գործընթացը, կան տեղեկութիւններ, որ անցած ամիս հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցերից յետոյ, առաջիկայում էլ երկու երկրների պատգամաւորների փոխայցելութիւն էր կազմակերպւելու: Ուշագրաւ է նաեւ, որ բոլոր այս գործընթացները տեղի են ունենում բանակցութիւններում Ռուսաստանի ակնյայտ ակտիւացման ֆոնին: Այս իրադարձութիւնների, դրանց փոխկապակցւածութեան մասին աւելի պարզորոշ ենթադրութիւններ հնարաւոր կը լինի կատարել երկու երկրների արտգործնախարարների՝ երէկ ուշ երեկոյեան աւարտւած բանակցութիւնների արդիւնքներից թէկուզ ինչ-ինչ մանրամասների հրապարակումից յետոյ:

Երէկ հայաստանեան եւ ադրբեջանական մամուլում տարածւել էր պաշտօնական Բաքւի կողմից շրջանառութեան մէջ դրւած՝ ԼՂ հակամարտութեան կարգաւորման Ադրբեջանի համար ընդունելի տարբերակի մասին փաստաթուղթը: Ադրբեջանը Բրատիսլաւայում մեկնարկող ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին պէտք է ներկայացնէր իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգաւորման վերաբերեալ, փաստաթուղթը շրջանառութեան մէջ է դրւել Աւստրիայում, Սլովակիայում ու Սլովենիայում ադրբեջանական դեսպանատան Twitter-ում եւ ադրբեջանական պրոիշխանական ԶԼՄ-ներում:

Փաստաթղթում ասւում է, որ առաջին քայլը պէտք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զաւթած տարածքներից հայկական զինւած ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը, որին պէտք է հետեւի «ադրբեջանական բռնի տեղահանւած ազգաբնակչութեան վերադարձն անվտանգութեան բոլոր միջոցառումների կիրառմամբ», ինչպէս նաեւ տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը: Փաստաթղթում նաեւ ամրագրւած է, որ յաջորդ փուլում Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի Սահմանադրութեան ու օրէնսդրութեան համապատասխանութեամբ, այդպիսի կարգավիճակը պէտք է ապահովի տարածաշրջանի հայ եւ ադրբեջանցի համայնքների խաղաղ համակեցութիւնը, պէտք է երաշխաւորի մարդու իրաւունքների ու ազատութիւնների լրիւ իրացումը հաւասար ու ոչ խտրական հիմքերի վրայ:

«Կարգավիճակի յստակեցումը պէտք է տեղի ունենայ խաղաղ պայմաններում, օրինական գործընթացի շրջանակներում, Ադրբեջանի ղարաբաղյեան ռեգիոնի ազգաբնակչութեան մասնակցութեամբ, այն է՝ հայ եւ ադրբեջանցի համայնքների՝ բացառապէս օրինական ու ժողովրդավարական գործընթացի շրջանակներում Ադրբեջանի կառավարութեան հետ փոխգործակցութեան արդիւնքում»,- նշւած է փաստաթղթում: Որպես եզրափակում՝ փաստւում է, որ Ադրբեջանը չի տեսնում կոնֆլիկտի քաղաքական լուծումը վերը գծագրւածի սահմաններից դուրս:

Երէկ ԱԺ-ում Կառավարությեան հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը խուսափել է արձագանքել պատգամաւոր Արման Բաբաջանեանի՝ այս հռչակագրի մասին հարցին: Ի պատասխան դիտարկմանը, թէ կը ցանկանար, որ պաշտօնական Երեւանն իր շրջանակը ֆիքսէր այս փաստաթղթի շրջանառութեան մէջ դրւելուց յետոյ, Փաշինեանն ասել է, թէ Ղարաբաղի հարցն այն հարցն է, որտեղ երբեմն ցանկացած նախադասութիւն «մեծադղորդ հնչելու յատկութիւն ունի», եւ այդպէս էլ չի անդրադարձել  կոնկրետ այս հռչակագրում ներկայացւած ադրբեջանական մօտեցումների անընդունելիութեանն ու չի դատապարտել դրանք:

Եւ այս զարգացումների ֆոնին՝ հէնց նոյն ժամին, երբ Ն. Փաշինեանն ԱԺ-ում պատասխանում էր պատգամաւորների հարցերին, խիստ «պատահական» զուգադիպութեամբ ՅՔԾ-ն հաղորդագրութիւն է տարածել, ըստ որի՝ մեղադրանք է առաջադրւել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսեանին: Ըստ ՅՔԾ-ի՝ Ս. Սարգսեանը, 2008 թ. ապրիլի 9-ից մինչեւ 2018 թ. ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտօնը, իր պաշտօնէական դիրքն օգտագործելով, 2013 թ. յունւարի 25-ից մինչեւ նոյն թւականի փետրւարի 7-ն ընկած ժամանակահատւածում կազմակերպել է պաշտօնատար մի խումբ անձանց կողմից պետութիւնից վատնելու եղանակով առանձնապէս խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 դրամի հափշտակութեան կատարումը:

Համացանցում, որը համարւում է իշխող քաղաքական ուժի թիւ 1 մոնիտորինգային գօտին, ՅՔԾ այս հաղորդագրութիւնը որեւէ ցնցում չառաջացրեց, ինչպէս սովորաբար լինում էր նման բարձրաստիճան որեւէ նախկին պաշտօնեայի նկատմամբ մեղադրանքներ առաջադրելիս: Տեւական ժամանակ է՝գնահատականներ են հնչում, որ Ս. Սարգսեանի դէմ գործ յարուցելը լինելու է իշխանութիւնների վերջին ու կարեւորագոյն խաղաքարտը, ու խիստ ուշագրաւ է, որ դա տեղի ունեցաւ հէնց Արցախի հարցի վերաբերեալ Ադրբեջանի կողմից շրջանառութեան մէջ դրւած փաստաթղթից յետոյ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։