Հա

Քաղաքական

11/12/2019 - 10:30

«Այն հասարակութիւնը, որտեղ մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել». Ռոբերտ Քոչարեան

«Հրապարակ»-ը օրեր առաջ գրաւոր հարցեր է ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին եւ երէկ՝ դեկտեմբերի 10-ին ստացել դրանց պատասխանները։

«alikonline.ir» - «Հրապարակ»-ը օրեր առաջ գրաւոր հարցեր է ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին եւ երէկ՝ դեկտեմբերի 10-ին ստացել դրանց պատասխանները։

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրոյցն ամբողջութեամբ.

 

- Մարտի 1-ի գործի քննութիւնն ու դատավարութիւնն այլեւս դուրս են եկել իրաւական սահմաններից, անգամ՝ երկրի սահմաններից, հարցը հասել է ՍԴ, Վենետիկ ու ՄԻԵԴ։ Ըստ Ձեզ, ի՞նչ շարունակութիւն կարող է ունենալ այս գործի քննութիւնը։

- Այս քրէական գործն առաջին իսկ օրւանից իրաւական սահմաններից դուրս էր: Մեղադրանքն ինքնին աբսուրդային է եւ ոչ մի ընդհանուր բան չունի թէ՛ իրաւունքի եւ թէ՛ 2008 թ․ մարտի 1-ի իրադարձութիւնների հետ: Սրան աւելացրէք նաեւ դատավարական նորմերի համատարած խախտումները, դատարանների վրայ կոպիտ եւ անթաքոյց ճնշումը: Իմ կալանաւորման մասին խայտառակ հեռախօսազրոյցի արտահոսքը, վարչապետի կոչով դատարանների արգելափակումը, դատաւոր Դաւիթ Գրիգորեանի քրէական հետապնդումը, Սահմանադրական դատարանի որոշման արհամարհումը եւ այդ որոշմանը յաջորդած ՍԴ-ի եւ նրա նախագահի հանդէպ յարձակումը, ՍԴ նախագահի սանիկների անհեթեթ կալանաւորումները եւ նրա ընտանիքի անդամների շանտաժը, եւ սա իշխանութիւնների կողմից ամբողջ արդարադատութեան համակարգի ճնշմանն ուղղւած ակնյայտ յանցագործութիւնների ամենեւին ամբողջական ցանկը չէ: Վստահ եմ, որ բոլոր այս գործողութիւնների համար ոչ հեռու ապագայում պէտք է պատասխան տրւի:

Շինծու գործը չի կարող իրաւական հեռանկար ունենալ: Սակայն, հաշւի առնելով իրաւական ամենաթողութիւնը, ներկայ իշխանութիւնների օրօք այս քրէական գործով վերջնական հանգուցալուծմանը կարելի է սպասել ՄԻԵԴ-ի միջամտութեամբ:

 

- Հասարակութեան մի շերտ շարունակում է մեղադրել Ձեզ, դէմ է Ձեր կալանքը վերացնելուն։ Այդ տրամադրութիւններն ինչո՞վ էք բացատրում՝ միմիայն գործող իշխանութիւնների վարած քաղաքականութեա՞մբ, թէ՞ Ձեր նախկին գործունէութեան մէջ էլ էք փնտրում պատճառները։ Ձեր կարծիքով, այդ վերաբերմունքի ո՞ր մասն է օբիեկտիւ, որը՝ սուբիեկտիւ եւ ուղղորդւած։ Ի՞նչ է անում Ձեր թիմն այս էմոցիաներն ու իրաւական գործընթացն իրարից տարանջատելու համար։

- Համաձայն Gallup-ի վերջին հարցումների՝ 140 հետազօտւած երկրների մէջ Հայաստանի բնակչութիւնն ամենազայրացածն է: Առաջ ենք անցել նոյնիսկ պատերազմից աւերւած Իրաքից: Դա իշխանութիւնների ուղղակի «վաստակն» է, որ արմատաւորում են ատելութիւնն ու չարութիւնը՝ որպէս քաղաքական գործիք: Չարացած վիճակում գտնւող մարդիկ աւելի են ենթակայ մանիպուլեացիաների եւ պատրաստ են իրենց դժգոհութիւնը կեանքից ուղղել ցանկացած մէկի վրայ՝ մնում է միայն մի հակահերոս նշանակել: «Կը ծեփենք պատերին եւ կը փռենք ասֆալտին» բանաձեւը խօսում է դրա հեղինակների մտաւոր տկարութեան եւ ցնծացող «պօղոսների» թերարժէք հոգեվիճակի մասին: 

Դա ցանկացած «յեղափոխական» պրոպագանդայի պտուղներից մէկն է եւ լաւ ուսումնասիրւած է սոցիալական հոգեբանութեան կողմից: Մարդկանց իռացիոնալ վարքում բանական պատճառահետեւանքային կապեր փնտրելն անիմաստ է: 1998 թւականին բնակչութեան զգալի մասը պահանջում էր նստեցնել Տէր-Պետրոսեանին եւ ընդհանրապէս՝ ՀՀՇ ամբողջ վերնախաւին: Ես այն ժամանակ համարեցի, որ պէտք է ապագայ կառուցել, այլ ոչ թէ պայքարել անցեալի դէմ: Ցանկացած նախագահ ունի քաղաքական հակառակորդներ, որոնք կարող են իրենց կողմնակիցներին ապակառուցողական էմոցիաներ հաղորդել: Սակայն այդպիսի էմոցիաներն արդիւնքում շրջւում են հէնց այդ տրամադրութիւնները ստեղծողների դէմ: Այն հասարակութիւնը, որում մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել:

Իմ նախագահութեան առողջ քննադատութեանը ես պատրաստ եմ: Հեգնանքը նրանում է, որ մեղադրանքները, որպէս կանոն, ոչ մի ընդհանուր բան չունեն իրականութեան հետ: Այն, ինչի համար ինձ կարելի է եւ արժէ քննադատել, չի յիշատակւում ընդհանրապէս:

Մենք համբերատար բացատրում ենք մարդկանց տեղի ունեցողի էութիւնը: Մեր գնահատականներով՝ մարդկանց վերաբերմունքը բառացիօրէն օրըստօրէ փոխւում է: Եկել է տեղի ունեցողի սթափ վերաիմաստաւորման եւ վերագնահատման փուլը, իսկ իշխանութիւնների ապաշնորհութիւնն այդ գործընթացի լաւագոյն խթանիչն է: 

 

- 2018-ի դէպքերից յետոյ շատ դժւարութեամբ է հայաստանեան քաղաքական դաշտը վերակառուցւում։ Փաստ է, որ ընդդիմադիր դաշտը կազմաւորւած չէ։ Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, եւ ի՞նչ է պէտք անել, որ երկրում ուժեղ ընդդիմութիւն ձեւաւորւի։

- 2018-ի ապրիլին տեղի ունեցած եւ իշխանափոխութեան բերած մասսայական ցոյցերն իսկական «քաղաքական ցունամի» էին, որի ալիքը քշեց երկրի սովորական քաղաքական լանդշաֆտը: Նման բուռն գործընթացներն ուժեղ իներցիա ունեն, եւ հասարակութեանը ժամանակ էր պէտք ռացիոնալ վիճակին վերադառնալու համար: Էյֆորիան եւ դրա հետ մէկտեղ՝ քաղաքական գործիչների սպասողական վիճակն անցել են, եւ հիմա ապագայ քաղաքական դաշտի նոր գծապատկերի ակտիւ ձեւաւորում է ընթանում: 

Ներուժն այստեղ ահռելի է, քանի որ հասարակութեան ինտելեկտուալ ռեսուրսը կենտրոնացած է հիմնականում խորհրդարանից դուրս, որտեղ եւ ծաւալւում է հիմնական քաղաքական դիսկուրսը: «Վերնատան» քննարկումը ցոյց տւեց երկիրը ղեկավարելու իշխանութիւնների անկարողութեան վերաբերեալ լայն կոնսենսուսի եւ գործուն ընդդիմութեան կազմաւորման անհրաժեշտութեան առկայութիւնը: Մէկ տարի առաջ այդպիսի քննարկումն անհնար կը լինէր: Այնպէս որ, թմրութեան եւ տակտիկական սպասման փուլն անցել է, հասարակութիւնը մտնում է ակտիւ գործողութիւնների փուլ: Առաւել ակտիւները եւ աշխոյժներն առաջատար դերեր կը ստանձնեն նոր քաղաքական դասաւորւածութեան մէջ: 

Զգացում կայ, որ իրավիճակի նոյնական գնահատական ունի նաեւ խորհրդարանական ընդդիմութիւնը, ինչն արտացոլւեց նրա ակտիւացմամբ:

 

- Ձեր ազատ արձակման ի՞նչ ուղիներ էք տեսնում՝ բացառապէս քաղաքակա՞ն պայքարի միջոցով, թէ՞ կարծում էք, որ իրաւական ուղին դեռ սպառւած չէ։ Ինչո՞ւ միջազգային կառոյցները, ԵԽԽՎ-ն, ՄԻԵԴ-ը, ՌԴ իշխանութիւնները, արեւմտեան գերտէրութիւնները չեն փորձում միջամտել Ձեր ճակատագրի հարցում։

- Եւրոպական կազմակերպութիւններն աւանդականօրէն դանդաղկոտ են եւ արագանում են միայն խոշտանգումների եւ առողջական վիճակով պայմանաւորւած կեանքին սպառնացող վտանգների պարագայում: Դրա հետ մէկտեղ, նրանց ժամանակ է անհրաժեշտ՝ հասկանալու, որ Հայաստանում տեղի ունեցածն անարիւն իշխանափոխութիւն էր եւ ժողովրդավարական էութիւն չունի: Կարծում եմ, որ շուտով մենք կը լսենք նաեւ եւրոպացիներին, քանի որ իշխանութիւնների գործողութիւններն անցնում են բոլոր թոյլատրելի սահմանները: 

Ռուսաստանը բազմիցս եւ բաւականին պարզ ցոյց է տւել իր վերաբերմունքը տեղի ունեցողին: 

 

- Կարելի՞ է արդարութիւն ակնկալել Հայաստանի դատարաններից։

- Դատական իշխանութիւնը գտնւում է գործադիր իշխանութեան բիրտ ճնշման տակ: Դատաւորներն առաջին հերթին գնահատում են իրենց խոցելիութեան աստիճանը եւ միայն դրանից ելնելով են վճիռներ կայացնում: Դա արդարադատութիւն չէ, այլ դատաւորների կողմից անձնական ռիսկերի գնահատում:

Կոռուպցիայով կեղտոտւած դատաւորները եւ դատախազներն աւելի հնազանդ են ռեժիմին: Իհարկէ, կան նաեւ դատաւորներ, ովքեր պահպանել են արժանապատւութիւնը եւ մասնագիտական պատիւը, ովքեր պատրաստ են պայքարել իրենց անկախութեան համար: Իմ հարցով դրական որոշումներն ընդունւել են հէնց այդպիսի դատաւորների կողմից՝ ի հակառակ դատախազական ճնշումների: 

 

- Հայաստանում իրաւական առումով կասկածելի պրոցեսներ են ընթանում։ Միայն Սահմանադրական դատարանի եւ նրա նախագահի դէմ ձեռնարկւած արշաւը նախկինում բաւարար կը լինէր, որ իրաւապաշտպանները խիստ յայտարարութիւններ անէին, միջազգային յստակ արձագանք լինէր։ Ինչո՞վ էք բացատրում քաղաքացիական հասարակութեան այս ինֆանտիլութիւնը։ Ինչպէ՞ս փոխել իրավիճակն այս հարցում։

- Պարզւեց՝ Հայաստանի իրաւապաշտպան համակարգի նախկին կառուցւածքը ֆէյք էր, եւ այն ամբողջովին փլուզւեց: Ըստ էութեան, այն ստեղծւում եւ ֆինանսաւորւում էր որոշակի ուղղւածութեան ընդդիմադիր ուժերի սպասարկման համար: Իրենց կոչմանը հաւատարիմ քիչ իրաւապաշտպաններ մնացին: Այսօր իրաւապաշտպան գործունէութեանն անկեղծ նւիրւած մարդկանցից նոր հանրոյթ է ձեւաւորւում, որոնք ունակ են վեր կանգնել իրենց քաղաքական հակումներից: Իմիջիայլոց, նրանց ինտելեկտուալ եւ բարոյական մակարդակն անհամեմատելի բարձր է պրիմիտիւ եւ ծուլացած գրանտակերների մակարդակից: 

 

- Առաջիկայում Արցախում ընտրութիւններ են, բանակցային պրոցեսը մտել է փակուղի։ Ի՞նչ պէտք է անի Արցախի ղեկավարութիւնը, եւ ո՞ւմ էք տեսնում Արցախի նախագահի պաշտօնին՝ որպէս այս փուլում արժանի իրաւայաջորդի։ 

- Փաշինեանի այն լոզունգը, թէ լուծումը պէտք է բաւարարի հակամարտութեան բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խօսք է, միջնորդի պարզմիտ բանաձեւ։ Դա ուղիղ ապացոյցն է այն բանի, որ Հայաստանը չունի գործողութիւնների պլան: Բրատիսլաւայում կայացած բանակցութիւնների վերջին շրջափուլը եւ դրա շուրջ զարգացող իրադարձութիւնները ցոյց տւեցին մեր իշխանութիւնների բանակցային ռազմավարութեան բացարձակ սնանկութիւնը (եթէ, իհարկէ, այդպիսի ռազմավարութիւն ընդհանրապէս գոյութիւն ունի)։ Արցախը պէտք է նախաձեռնութիւնն իր ձեռքը վերցնի եւ յստակ սահմանի իր դիրքորոշումը կարգաւորման հիմնական բաղադրիչների վերաբերեալ: Միայն այդպէս է հնարաւոր խուսափել անուղղելի հետեւանքներից: Ընդ որում, Արցախը պարտաւոր է յենւել իր Անկախութեան հռչակագրի եւ Սահմանադրութեան վրայ՝ չվախենալով ՀՀ իշխանութեան հետ տարաձայնութիւններից: 

Իշխանութեան հռչակւած իրաւայաջորդի բացակայութիւնը բերեց քաղաքական դաշտի ծայրայեղ հատւածականացման: Ղարաբաղեան էլիտայի տարբեր հատւածները ներկայացնող նախագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել: Սա ոչ թէ ժողովրդավարութեան նշան է, այլ՝ մասնատւածութեան դրսեւորում, ինչը մարտահրաւէր է Ղարաբաղի անվտանգութեանը: Ժողովրդավարութեան սահմանագիծն Արցախում պէտք է պայմանաւորւած լինի անվտանգութեամբ, ոչ թէ հակառակը: Ընտրութիւններին արտաքին ուժերի կողմից ֆինանսաւորւող ոչ կառավարական կազմակերպութիւնների միակցումը հարցեր է առաջացնում: Այդպիսի կազմակերպութիւններ եւ պացիֆիստական կրօնական աղանդներ Արցախում չպէտք է լինեն ընդհանրապէս: Տեղի ունեցողն աւելի վտանգաւոր է, քան շփման գծում գրանցւող ռազմական միջադէպերը, քանի որ դրանով ոչնչացւում են հէնց այն արժէքները, որոնց շնորհիւ մենք յաղթել ենք: Կը ցանկանայի սխալւել, բայց իմ աչքերում սա Ղարաբաղի վզին փաթաթւած սցենար է երեւում, եւ թւում է, որ այն իրականացւում է Հայաստանի իշխանութիւնների մասնակցութեամբ: 

Անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդօրէն տուրք է տալիս որեւէ մէկի, ներառեալ Հայաստանի վարչապետի, քմահաճոյքներին: Այդ որակները յատուկ են տկար եւ թոյլ անձերին, իսկ այդպիսի «առաջնորդութիւնը» կարող է աղէտալի հետեւանքներ ունենալ Արցախի համար: Այնտեղ պէտք են պատերազմով կոփւած խիզախ առաջնորդներ: Յուսամ՝ ղարաբաղցիների ընտրութիւնը հէնց այդպիսին կը լինի:

 

- Ի՞նչ էք կանխատեսում 2020 թւականին, ի՞նչ սցենար էք տեսնում Հայաստանի համար։

- Իշխանութիւնը, որի լեգիտիմութիւնը հանգուցւած է մէկ անձի վրայ, չի կարող կայուն լինել, անկախ պատգամաւորական մանդատների քանակից: Երկիրը ղեկավարելու անունակութիւնը, աշխատանքում համակարգւածութեան բացակայութիւնը խթանել են իշխանութիւնների ակտիւ ապալեգիտիմացումը: Վարչապետը մոլեռանդ կողմնակիցներ գործնականում այլեւս չունի: Տնտեսական եւ սոցիալական քաղաքականութեան հստակ ուղղւածութեան բացակայութիւնը չի ապահովում այդ քաղաքականութեան շահառու սոցիալական խմբերի աջակցութիւնը: Ակնառու է երկու տրամագծօրէն հակառակ ուղղւածութեան արագացող գործընթացների բախումը: Մի կողմից՝ արբեցնող էյֆորիայից յետոյ վերականգնւում է հասարակութեան ադեկւատութիւնը: Միւս կողմից՝ իրեն Յիսուս Քրիստոս երեւակայող անձնիշխան վարչապետը կորցնում է ադեկւատութիւնը: Դա բազմապատկում է նրա ժողովրդականութեան անկման արագութիւնը եւ թոյլ է տալիս վստահ լինել, որ այս ամէնը կաւարտւի արտահերթ ընտրութիւններով: Ի դէպ, շատ բարձր է հաւանականութիւնը, որ դա տեղի կունենայ արդէն միւս տարի։ Դա կախւած է ընդդիմութեան՝ ջանքերը միաւորելու ունակութիւնից եւ վճռականութիւնից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։