Հա

Քաղաքական

15/01/2020 - 12:50

Արտակ Բեգլարեանը յայտարարութիւն է տարածել Բաքւի հայերի կոտորածների 30-րդ տարելիցի կապակցութեամբ

Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպան Արտակ Բեգլարեանը յայտարարութիւն է տարածել՝ 1990 թ. յունւարին Ադրբեջանի կողմից Բաքւում կազմակերպւած հայերի կոտորածների 30-րդ տարելիցի կապակցութեամբ:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպան Արտակ Բեգլարեանը յայտարարութիւն է տարածել՝ 1990 թ. յունւարին Ադրբեջանի կողմից Բաքւում կազմակերպւած հայերի կոտորածների 30-րդ տարելիցի կապակցութեամբ: «Արմէնպտես»-ը ներկայացնում է Արտակ Բեգլարեանի յայտարարութիւնը.

«1990 թւականի յունւարին Ադրբեջանի Բաքու քաղաքը կրկին դարձել էր հայերի նկատմամբ շարունակաբար իրականացւող ջարդերի թատերաբեմ (1905թ. եւ 1918 թ. հայերի զանգւածային կոտորածներից յետոյ երրորդ անգամ), որտեղ, ի տարբերութիւն Ադրբեջանի միւս բնակավայրերի, դեռեւս շարունակում էին բնակւել զգալի թւով հայեր: Յունւարի 13-ին Բաքւում կազմակերպւած բազմահազարանոց հանրահաւաքից յետոյ, կանխաւ մշակւած ծրագրի համաձայն, հաւաքւած մօտ 50 հազարանոց ամբոխը բաժանւեց խմբերի եւ նախորոշւած հասցէներով ներխուժեց հայերի բնակարաններ՝ քաղաքը հայերից «մաքրելու» նպատակով:

Յունւարի 13-ից 20-ն ընկած ժամանակահատւածում միայն իր ազգային պատկանելիութեան համար Բաքւի հայութիւնը ենթարկւեց բռնարարքների՝ կոտորած, թալան ու բռնի տեղահանում՝ խախտելով հայերի կեանքի, խոշտանգումներից ու խտրականութիւնից զերծ լինելու, ազատութեան ու անվտանգութեան, սեփականութեան, արդար դատաքննութեան եւ մի շարք այլ իրաւունքներ: Սպանւածների ճշգրիտ քանակը մինչ այժմ յայտնի չէ, սակայն ըստ մեր վերջին հետազօտութիւնների՝ սպանւել է շուրջ 450 մարդ:

Յունւարի 18-ին Բաքւի հայկական ջարդերի եւ Շահումեանի շրջանի հայկական գիւղերի ու Գետաշէնի վրայ յարձակումների կապակցութեամբ Եւրոխորհրդարանն ընդունեց «Հայաստանում իրավիճակի մասին» բանաձեւը, որը կոչ էր անում ԽՍՀՄ իշխանութիւններին ապահովել Ադրբեջանում ապրող հայերի գործուն պաշտպանութիւնը՝ իրավիճակին միջամտելու համար զօրք մտցնելու միջոցով:

Միայն 1990 թ. յունւարի 20-ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք մտցւեցին Խորհրդային բանակի ստորաբաժանումները, որոնք, կոտրելով Ադրբեջանի ազգային ճակատի զինւած ջոկատների կատաղի դիմադրութիւնը, դադարեցրեցին հայերի եօթօրեայ կոտորածները:

1990 թ. սեպտեմբերի 27-ին «New York Review of Books»-ում բաց նամակ հրապարակւեց՝ ուղղւած միջազգային հանրութեանը, որը ստորագրւել էր Եւրոպայի, Կանադայի եւ ԱՄՆ-ի 133 նշանաւոր գիտնականների եւ իրաւապաշտպանների կողմից, ովքեր բողոքի ձայն էին բարձրացնում Բաքւում հայերի սպանութիւնների ու ջարդերի դէմ: Նամակում, մասնաւորապէս, նշւում էր, որ «հայկական փոքրամասնութեան դէմ իրականացւած ոճրագործութիւնները Խորհրդային Ադրբեջանում դարձել են հետեւողական պրակտիկա, եթէ ոչ՝ պաշտօնական քաղաքականութիւն»:

Ադրբեջանի կողմից Բաքւում կազմակերպւած մարդկութեան դէմ այդ յանցագործութիւնը արագացրեց եւ գրեթէ աւարտին հասցրեց Ադրբեջանում հայ բնակչութեան լրիւ էթնիկ զտումը: Այդ քաղաքականութեան շրջանակներում 1988-1990 թթ. Ժամանակահատւածում Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ եւ մի շարք այլ քաղաքներում ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, ԽՍՀՄ իշխանութիւնների իմացութեամբ ու թողտւութեամբ, սպանւեցին հազարաւոր եւ բռնագաղթեցին աւելի քան 400,000 հայեր:

Դրան յաջորդող տարիներին (ներառեալ՝ 1991-1994թթ. Ադրբեջանա-ղարաբաղեան պատերազմի ժամանակ) նոյնպէս Ադրբեջանի կողմից շարունակւել է հայերի էթնիկ զտման քաղաքականութիւնը, որը, ըստ մեր վերլուծութեան, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948 թ. «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ պատժելու մասին» կոնւենցիայով սահմանւած ցեղասպանութեան յանցագործութեան իրաւական ձեւակերպմանը: Աւելին, բացի հարիւրհազարաւոր ադրբեջանահայութեան հայրենազրկումից, մեր հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ նրանց սեփականութեան, ազատ տեղաշարժի եւ մի շարք այլ իրաւունքներ շարունակաբար մնում են խախտւած, եւ շատերն առ այսօր կրում են այդ քաղաքականութեան ֆիզիկական, հոգեբանական ու նիւթական հետեւանքները:

Կատարւած յանցագործութիւնները մինչ օրս պատշաճ իրաւական գնահատական չեն ստացել եւ մնացել են անպատիժ, ինչի հետեւանքներից է նաեւ ներկայումս Ադրբեջանի Հանրապետութեան կողմից հայատեացութեան պետական քաղաքականութեան իրականացումը: Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ադրբեջանահայութիւնն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան բնակչութիւնը, այլեւ բոլոր հայերը եւ Արցախ այցելող օտարերկրացիները: Յիշեցնենք, որ Ադրբեջանի հայատեացութեան քաղաքականութեան վերաբերեալ Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպանը 2018 թ. հրապարակել է յատուկ զեկոյց՝ ներկայացնելով դրա դրսեւորման կոնկրետ օրինակներ եւ վերաբերելի միջազգային իրաւունքի վերլուծութիւն:

Ադրբեջանական հասարակութեան մէջ սերմանւած հայատեացութեան դրսեւորման ակտիւ փուլ արձանագրւեց նաեւ 2016 թ. ապրիլին Արցախի վրայ Ադրբեջանի լայնածաւալ յարձակման ժամանակ, եւ Մարդու իրաւունքների պաշտպանն իր փաստահաւաք առաքելութեան շրջանակներում 2016 թ. յատուկ զեկոյցով ներկայացրել է քաղաքացիական ու զինւորական անձանց սպանութեան, գլխատման, խոշտանգման եւ իրաւունքների խախտման ու պատերազմական յանցագործութիւնների մի շարք այլ դէպքեր: Յատկանշական է, որ այդպիսի յանցագործութիւններ կատարած ադրբեջանցի զինւորականներն այնուհետեւ պարգեւատրւել ու խրախուսւել են Ադրբեջանի իշխանութիւնների կողմից:

Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրութեանը պատշաճ իրաւական գնահատական տալ 1990 թ. յունւարին Բաքւում կատարւած բռնութիւններին՝ համաձայն միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի, ինչպէս նաեւ գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս շարունակւող հայատեացութեան քաղաքականութեան դադարեցման ուղղութեամբ: Ռասիստական ատելութեան այդ ճանապարհը ոչ միայն հակասում է միջազգային իրաւունքի հանրայայտ սկզբունքներին, այլեւ աւելի ու աւելի է հեռացնում երկու ժողովուրդներին հակամարտութեան կարգաւորումից եւ տեւական խաղաղութիւնից»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։