Հա

Քաղաքական

15/02/2020 - 11:40

Նիկոլ Փաշինեանի ծուռ հայելիների թագաւորութիւնը. կեղծել կանցլերին

Ցաւով պէտք է արձանագրել, որ այն կասկածելի քաղաքականութիւնը, որը վարում է ներկայիս իշխանութիւնը երկրի ներսում, իր տրամաբանական շարունակութիւնն է ստանում նաեւ արտաքին աշխարհի հետ յարաբերութիւններում՝ հարցականի տակ դնելով Հայաստանի՝ որպէս քիչ թէ շատ սուվերէն պետութեան վարկանիշն ու հեղինակութիւնը:

ՎՌԱՄ ՍՈՒՔԻԱՍԵԱՆ

 

Ցաւով պէտք է արձանագրել, որ այն կասկածելի քաղաքականութիւնը, որը վարում է ներկայիս իշխանութիւնը երկրի ներսում, իր տրամաբանական շարունակութիւնն է ստանում նաեւ արտաքին աշխարհի հետ յարաբերութիւններում՝ հարցականի տակ դնելով Հայաստանի՝ որպէս քիչ թէ շատ սուվերէն պետութեան վարկանիշն ու հեղինակութիւնը:

Հայաստանը կարող է լրջագոյն միջազգային սկանդալի կենտրոնում յայտնւել. պաշտօնական Երեւանը խեղաթիւրել է Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի՝ ԶԼՄ ներկայացուցիչների ներկայութեամբ հնչեցրած ելոյթի տեքստը՝ խօսքից կտրել-հանելով այն հատւածը, որն առնչւել է Հայաստանում ընթացող դատաիրաւական պրոցեսներում Վենետիկի յանձնաժողովի պարտադիր դերին: Համապատասխան հատւածը տեղ չի գտել Հայաստանի վարչապետի պաշտօնական կայքում զետեղւած հաղորդագրութեան մէջ այն դէպքում, երբ Մերկէլ-Փաշինեան հանդիպման տեսագրութեան գերմանական տարբերակում յստակ ֆիքսւել են կանցլերի՝ Վենետիկի յանձնաժողովի մասին հնչեցրած խօսքերը:

Սա, իհարկէ, խայտառակութիւն է: Մի պետութեան ղեկավար, ով իր արտերկրեայ այցերի շրջանակներում, ինչպէս նոյն Գերմանիա կատարած այցելութեան ընթացքում, չի դադարում անյոյս փորձերն՝ իբր կապիտալիզացնելու «թաւշեայ յեղափոխութիւնն» ու դրա շրջանակներում նոր շունչ հաղորդելու Հայաստան-արտաքին աշխարհ յարաբերութիւններին, փաստացի կեղծում է համաշխարհային արենայում անվիճարկելի առաջատարներից մէկը հանդիսացող երկրի ղեկավարի խօսքը՝ այն համապատասխանեցնելով սեփական քիմքին եւ ակնյայտօրէն նպատակ հետապնդելով քողարկել այն իրականութիւնը, որին բախւել է ինքը Եւրոպա կատարած այցելութեան ընթացքում:

Ո՞րն է այդ իրականութիւնը: Իրականութիւնը մէկն է. Եւրոպան արդէն որերորդ անգամ տարբեր միջոցներով ու արտայայտչաձեւերով փորձում է Նիկոլ Փաշինեանին հասկացնել, որ պետութեան հետ խաղալը կարող է անդառնալի հետեւանքների յանգեցնել՝ ապալեգիտիմացնելով ոչ միայն այդքան թմբկահարւող յեղափոխութիւնը՝ իւր առաջնորդով, այլեւ հէնց Հայաստանի Հանրապետութիւնը: Փոխարէնը Ալիեւի հետ իր երկխօսութեան չեղած դրական հետեւանքների մասին դրսում հաշւետւութիւն ներկայացնելու, ՍԴ շուրջ ստեղծւած վիճակն իշխանութիւններին ձեռնտու մեկնաբանութեամբ մատուցելու՝ Փաշինեանը, նախեւառաջ, պէտք է կարողանար ընկալել այն մեսիջը, որը նրան էր փորձել յղել համաշխարհային առաջատար երկիրը, որի հետ ՀՀ կառավարութիւնն իբր նպատակ ունի յարաբերութիւններ զարգացնելու, խորացնելու երկկողմ տնտեսական փոխգործակցութիւնը եւ այլն:

Հայաստանեան ղեկավարութեան անլուրջ վարքագիծն, աշո՛ւշտ, վկայում է ոչ միայն Բեռլինի, այլեւ ողջ Եւրոպայի նկատմամբ ունեցած վերաբերմունքի իրական բնոյթի մասին: Ստելն ու խեղաթիւրելը, իրականութիւնը ծուռ հայելիների միջոցով ընկալելն ու մատուցելը գուցէ արդիւնաւէտ մանիպուլիատիւ գործիք է ներհայաստանեան խնդիրները ներսում պարտակելու համար, սակայն նման գործիքակազմի կիրառումը դրսում կարող է վտանգաւոր հետեւանքների յանգեցնել: Ինչո՞ւ է Փաշինեանը փորձում Եւրոպայի համբերութիւնը, ինչո՞ւ է ոտնակոխ անում քաղաքակիրթ աշխարհի նորմերն ու արժէքները, որոնցով յաճախ է հպարտանում՝ Հայաստանն էլ հռչակելով՝ «ժողովրդավարութեան համաշխարհային բաստիոն»: Թէ՞ իշխանութիւններն այնքան միամիտ են, որ կարծում են՝ տէրութիւնների ղեկավարների խօսքը մոնտաժելով կը կարողանան Եւրոպային ստիպել հաշտւել Հայաստանում տիրող անարխիայի ու ամենաթողութեան հետ, որի զոհը ոչ միայն ինքը՝ Հայաստանն է, այլեւ արդէն Եւրոպան: Հասանելի ինֆորմացիայի ու բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում նման պրիմիտիւ ստերն ու դրանց տարածման նոյնքան պրիմիտիւ եղանակները չեն կարող ցանկալի արդիւնք ապահովել նոյնիսկ եթէ ստողը նոյն այդ տեղեկատւական տեխնոլոգիաների շնորհիւ իշխանութիւնը վերցրած Նիկոլ Փաշինեանն է:

ՍԴ-ի հարցը Նիկոլ Փաշինեանի կոկորդին մնացած ոսկորի է վերածւել, որը նա ոչ մի կերպ չի կարողանում կուլ տալ, եւ չի կարողանում առաջին հերթին Եւրոպայի անաչառ դիրքորոշման պատճառով: Ի տարբերութիւն ներսի՝ դրսում իրերի իսկութեան մասին դատել սովոր են ոչ թէ պոպուլիստական յայտարարութիւններին անսալով, այլ՝ ռէալ իրավիճակը գնահատելով, իսկ նորհայաստանեան իրականութիւնը չափազանց մտահոգիչ է՝ դուրս բարոյաիրաւական նորմերի շրջանակից: Նիկոլ Փաշինեանին Գերմանիայում այդպէս էլ չի յաջողւել քարտ-բլանշ ձեռք բերել, ուստի՝ որոշւել է հերթական անգամ ստի ու կեղծիքի զոռով հայաստանեան հանրութեանը մատուցել այն, ինչի երազով Փաշինեանը մեկնել էր Բեռլին: Նա շատ կը ցանկանար, որ Մերկէլն իսկապէս չյիշատակէր Բուքիքիոյի նախագահած կառոյցի անունը, եւ քանի որ դա տեղի չի ունեցել, ըստ էութեան, ցանկութիւն է առաջացել՝ ինքնախաբեութեան միջոցով համապատասխան պատրանք ստեղծելու՝ մի պահ կտրւելու այն իրականութիւնից, որից փախչել ոչ մի դէպքում չի ստացւելու:

 

Tert.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։