Հա

Քաղաքական

17/02/2020 - 11:00

««Միւնխէնեան դերբի» ձեւաչափը ծուղակ է հայկական կողմի համար». Վահէ Յովհաննիսեան

Միւնխէնում կայացած Փաշինեան-Ալիեւ թոք-շոուն եւ դրա մեդիա-քննարկումները ստիպում են անել մի քանի յստակեցում։ Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամաւոր վահէ Յովհաննիսեանը:

«alikonline.ir» - Միւնխէնում կայացած Փաշինեան-Ալիեւ թոք-շոուն եւ դրա մեդիա-քննարկումները ստիպում են անել մի քանի յստակեցում։ Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամաւոր վահէ Յովհաննիսեանը. յայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնաւորապէս, նշել է.

«Նախ՝ արձանագրենք իրողութիւնը

Հայաստանյան հասարակութիւնը, այդ թւում՝ Փաշինեանի ընտրազանգւածը, ցանկանում է հասկանալ, թէ ինչ է կատարւել, սակայն որեւէ օբիեկտիւ վերլուծութիւն չի ստանում։ Ընդհանուր անվտանգութեանը վերաբերող հարց է, որն անհանգստացնում է բոլորին՝ անկախ քաղաքական հայեացքներից։ Հասարակական քաղաքական գործիչները սուր յարձակման անցան, մի մասը՝ հիմնաւոր, մի մասը, անկախ արդիւնքից, միեւնոյն է դա անելու էին։

Ադրբեջանի մեդիա տարածքը եւ հանրային կարծիքի հարթակները հեղեղւած են Ալիեւի «փառահեղ յաղթանակի» գովքով։ Դրան միացել է ողջ հանրային դաշտը, պետական մեքենան, մտաւորականութիւնը, երիտասարդութիւնը։ Ադրբեջանը այս օրերին ապրում է դրանով։

Հայկական մեդիադաշտում յայտւեցին հատւածներ` Ռ. Քոչարեանի, Ս. Սարգսեանի եւ Լ. Տէր-Պետրոսեանի ելոյթներից եւ, կախւած լրատւամիջոցի նախընտրութիւնից, դրանցից իւրաքանչիւրը համարւեց մաստեր-կլաս։ Հայկական միտքը դարձեալ ապրում է անցեալում, եւ հատուկենտ էին դէպի ապագայ (գոնէ կարճաժամկէտ) ուղղւած վերլուծութիւնները։ Մեզ թւում է, թէ առաջիկայ բանակցութիւնները, սրացումները, լուծման տարբերակները լինելու են անցեալում։ Սա կենսունակ վիճակ չէ։ Սրա մասին արժէ շատ լուրջ մտածել։

Իրականում որտեղ է խնդիրը

Իրականում ճակատագրական որեւէ ձախողում չի եղել, եւ պէտք չէ դա սարքել առանցք։ Խնդիրը շատ աւելի խորն է ու այլ տեղում։ Իրականում Ալիեւը նոյնպէս ոչնչով չփայլեց եւ թողնում էր գաւառական մտածողութեամբ եւ, ամենակարեւորը, իր անելիքը չիմացող նախագահի տպաւորութիւն։ Նա նոր չէ այս թեմայի մէջ, բայց չկարողացաւ ամուր տրամաբանական առանցք սարքել եւ յաղթել փորձի վրայ։ Իրականում հէնց դրա ռիսկն էր շատ բարձր։

Միւնխէնից յետոյ Փաշինեանի թիմն անցել էր ընդհատակ. փառաւոր խորհրդարանական 88-ից բան չէր մնացել, «սահմանադրապաշտ 37-ից» մէկը մի կապակցւած միտք չասեց։ Նրանք չկարողացան պաշտպանել իրենց իսկ լիդերին։ Սա միայն Փաշինեանի ողբերգութիւնը չէ, սա նշանակում է, որ երկրում չկայ քաղաքական մեծամասնութիւն, քաղաքական համակարգ, քաղաքական միտք եւ, հետեւաբար, չկայ աւելի խոշոր ձախողումներից այս եւ այլ հարցերում խուսափելու երաշխիքներ։ Սրա մասի՛ն է պէտք շատ լուրջ անհանգստանալ։ Հէնց կենցաղային պետութեան այս վիճակն է մեր ամենամեծ ռիսկը։ Սա նշանակում է, որ այսօրւայ քաղաքական միտքը, ռեսուրսը չի կարող երկիրը առաջ տանել։

Հիմա՝ նախկին նախագահների մասին։ Հայր եւ որդի Ալիեւները տասը եւ աւելի տարիներ Քոչարեանի օրօք իրենց պահել են զուսպ, կաշկանդւած եւ միշտ՝ պարտւածի հոգեբանութեամբ։ Ե՞ւ...։ Հիմա Քոչարեանն անազատութեան մէջ է։

Ս. Սարգսեանը միւնխէնեան այս ձեւաչափը միշտ մերժել է։ Եւ հաւանաբար եղել է ճիշտ։ Դա իսկապէս ծուղակ է՝ Արցախում պետականութիւն կայացրած, անվտանգութեան գօտի ստեղծած հայակական կողմի համար։ Մենք այդտեղ լուծելու ոչ մի խնդիր չունենք։ Այդտեղ ոչ մի լուրջ բան քննարկել եւ համաձայնել հնարաւոր չէ, դա միայն ու միայն յաջորդ օրը սեփական երկրի լսարանի առաջ յաղթանական կեցւածքի համար է։ Դրսի լսարանի համար սա իսկապէս «Միւնխէնեան դերբի է», շոու, յետխորհրդային երկու երկրների ղեկավարների սպարինգ հարթակ։ Ալիեւին դա պէտք էր՝ գնաց։ Հայաստանին ընդհանրապէս պէտք չէր, բայց ոչ ոք չբացատրեց Փաշինեանին, որ պէտք չէ։

Մենք Ադրբեջանի հետ առճակատման մէջ ենք՝ լինել-չլինելու խնդիր ունենք։ Եւ յաղթելու է այն կողմը, ով արագ կը գնայ մոդեռնիզացիայի, կը դառնայ աւելի ժամանակակից պետութիւն, առողջ քաղաքական մտքով, առողջ հասարակութեամբ։ Բոլոր նրանք, ովքեր երկրի ներսում սա ընդունում են, բնական դաշնակիցներ են՝ անկախ այս պահի թւացեալ քաղաքական տարաձայնութիւններից։ Պէտք է առաջ գնալ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։