Հա

Քաղաքական

17/02/2020 - 12:30

«Ինչպէս պահպանել մեր զինւորների կեանքը». Աւետիք Չալաբեան

«Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեան իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով բանակում զինծառայողների մահացութեան դէպքերին։

«alikonline.ir» - «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեան իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով բանակում զինծառայողների մահացութեան դէպքերին։

Ներկայացնում ենք գրառումն ամբողջութեամբ.

«Այս տարւայ յունւարի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինեանը, իրեն յատուկ սենսացիոն ոճի մէջ, յայտարարեց որ 2019 թւականին հայոց բանակում կորուստների «պատմական ամենացածր» մակարդակ է արձանագրւել։ Ու թէեւ սա նրա հերթական կեղծարարութիւնն էր (2013-14 թւականներին կորուստները բանակում աւելի քիչ են եղել), իրականութիւնը շատ աւելի դաժան գտնւեց, այս ինգնագոհ եւ փուչ խօսքերին յաջորդած տառացիօրէն մէկ ամսւայ ընթացքում տասից աւելի կորուստներ գուժելով, եւ բոլորիս կագնեցնելով ծանր մտատանջութեան առաջ՝ ինչ է տեղի ունենում մեր բանակում։

Որպէսզի հասկանանք, թէ ինչու մենք վերջին ամսւայ ընթացքում ականատես եղանք սպանութիւնների եւ ինքնասպանութիւնների այսպիսի ալիքի, պէտք է մի քանի քայլ յետ նայենք։ Բանակում սպանութիւնները եւ հարկադրւած ինքնասպանութիւնները շարունակական ծանր խնդիր են, եւ ոչ միայն մեր, այլեւ աշխարհի ցանկացած բանակի համար, մանաւանդ երբ այնտեղ կա պարտադիր ժամկէտային ծառայութիւն։ Խաղաղ կեանքից բանակ եկող երիտասարդները խիստ տարբեր են իրենց հոգեբանութեամբ եւ արժեհամակարգով՝ ոմանք ագրեսիւ են եւ դաժան, ոմանք՝ թոյլ եւ խոցելի, ոմանք բերում են իրենց հետ քրէական բարքեր, իսկ ոմանք՝ դրանց երբեք չեն առնչւել ու չգիտեն, ինչպէս դիմագրաւել, ոմանց մէջքին կանգնած են ազդեցիկ ծնողներ, իսկ ոմանք ընդհանրապէս առանց ծնող են մեծացել։

Այս տարբերութիւնները, դժբախտաբար, ստեղծում են լարման կէտեր, որոնք սկսում են զարգանալ իրենց տրամաբանութեան մէջ, եւ եթէ չեն կանխւում, ի վերջոյ բերում են սուր կոնֆլիկտների եւ բռնութեան։ Մասնաւորապէս, նոյն այդ «աննախադէպ» 2019 թւականին, բանակում սպանութիւնների եւ ինքնասպանութիւնների զոհ էին դարձել 14 զինծառայող, նախորդ տարում՝ եւս 12-ը, երկու դէպքում էլ այս թիւը գերազանցել էր զուտ մարտական կորուստները։ Ինչը պակաս ակնյայտ է՝ ոչ կանոնադրական յարաբերութիւնների պատճառով ամէն տարի հարիւրաւոր զինծառայողներ են վիրաւորւում, շատերը լուրջ հոգեբանական խեղումներ են ստանում, մեծ թւով սպաներ են ենթարկւում կարգապահական պատասխանատւութեան եւ յաճախ թողնում են ծառայութիւնը՝ այս ամէնը ներսից քանդում է բանակը, եւ հոգեմաշ անում հասարակութիւնը։

Բռնութեան վերջին ալիքը այս միտումների կուլմիանցիան է։ Մասամբ այն բացատրւում է զուգադիպութիւններով (դէպքերը տեղի են ունեցել տարբեր զօրամասերում), բայց մեծ չափով, այն երկու յստակ պատճառ ունի՝ դա հասարակութեան մէջ աճած ատելութեան եւ ամենաթողութեան մակարդակն է, եւ բանակի դէմ տարւող մեթոդիկ քարոզը, զուգորդւած բանակի խրոնիկ թերֆինանսաւորման հետ։ Առաջինի ակնյայտ դրսեւորումն այն է, որ անցած տարի երկրում ընդհանրապէս աճել է յանցաւորութեան մակարդակը, աճել են ծանր յանցագործութիւնները եւ սպանութիւնները, եւ դա նոր իշխանութեան հռետորաբանութեան եւ անհեռատես գործողութիւնների անմիջական հետեւանքն է։ Բաւական է յիշել, որ երկիրն արդէն վեց ամիս ոստիկանապետ եւ ԱԱԾ պետ չունի, իրաւապահ համակարգը կենտրոնացած է գործող իշխանութեան հակառակորդների դէմ պայքարի վրայ, իսկ 2018 թւականին նոր իշխանութեան հապճեպ համաներումով ազատւածների զգալի մասն էլ այս ընթացքում հասցրել է կրկին յանցագործութիւններ գործել։ Միամիտ է կարծել, որ այս ամէնը չի ներթափանցելու բանակ, մանաւանդ այսօրւայ պայմաններում, երբ բանակի եւ հասարակութեան միջեւ սահմանները աւելի քան թափանցիկ են դարձել։

Երկրորդ պատճառը բանակի դէմ տարւող մեթոդիկ քարոզչական պատերազմն է։ Դեռ մինչեւ իշխանափոխութիւնը, տարբեր «իրաւապաշտպաններ» տարիներով աշխատել են ապացուցելու, որ բանակի սպայական կազմը բաղկացած է կաշառակերներից եւ հրէշներից, որ նրանք ուտում են մեր զինւորի հացը, գողանում են տանկերի վառելիքը, ճնշում են մեր երեխաներին։ Իրականութիւնը այն է, որ վերջին տաս տարիներին, բանակը խրոնիկ թերֆինանսաւորւել է, սպաների վարձատրութիւնը չի համապատասխանում նրանց կատարած ծանր աշխատանքին, սպաների ճնշող մեծամասնութիւնը ծանր սոցիալական խնդիրների է բեռի տակ է յայտնւել, եւ սպայական մասնագիտութեան յարգը կտրուկ ընկել է՝ սակայն մեզ դա չի հետաքրքրում, մենք շարունակում էինք նրանցից պահանջել, դիմացը որեւէ բան չառաջարկելով։ Ասածի ողջ սրութիւնը ընկալելու համար բաւական է վերլուծել Վ. Սարգսեանի անւան Ռազմական համալսարանի տարեկան դիմումների թիւը, որն այնքան է նւազել վերջին տասնամեակում, որ բանակը ստիպւած է սպաների պակասը լրացնել արդէն զօրակոչի միջոցով, ինչը սակայն, խնդիրը էլ աւելի է բարդացնում։

Վերջին տարիների ընթացքում, դրան աւելացել է նաեւ հասարակութեան մէջ տարածւող այն մտայնութիւնը, որ բանակ գնացող երիտասարդ ժամկէտային զինւորը համարեա «սուրբ» է, սպաները պէտք է յարգեն նրա իրաւունքները, եւ ըստ հնարաւորի մեղմ վարւեն նրա հետ, անկախ նրա իրական վարքագծից։ Սպաների զգալի մասը, գտնւելով այդ ծանր հոգեբանական ճնշման եւ կքած սեփական սոցիալական բեռի տակ, նախընտրում են այլեւս ակտիւօրէն չմիջամտել զինւորների ներսում տեղի ունեցող կոնֆլիկտներին, արդիւնքում դրանք շարունակում են սրւել եւ բարդանալ, եւ բերել ողբերգական հետեւանքների։

Այս ամէնը ունի իր լուծումները, եւ բանակում բռնութեան մակարդակը հնարաւոր է նւազեցնել, բայց դա հեշտ չի, եւ առաւել եւս, մեծ-մեծ խօսելով եւ ինքնաթիռների ֆոնին սելֆի անելով չի լուծւում։ Իսրայէլի բանակը, օրինակ, վերջին 15 տարում բանակում ինքնասպանութիւնների մակարդակը կարողացել է նւազեցնել աւելի քան երկու անգամ (տարեկան միջինում 31-ից 15-ի), եւ իրականացւած գործողութիւնների ծրագիրը լաւ յայտնի է եւ կարող է տեղայնացւել նաեւ մեզ մօտ։ Սակայն այն էական միջոցներ է պահանջում, առաջին հերթին սպայական ծառայութեան գրաւչութիւնը բարձրացնելու եւ որակեալ սպայական կադրեր ներգրաւելու, նրանց մասնագիտական կարողութիւնները մշտապէս կատարելագործելու, բանակում հոգեբանական ծառայութեան ռեսուրսները էապէս ընդլայնելու, պրոբլեմային զինծառայողների հետ անհատապէս աշխատելու, արագ արձագանքման խմբեր ունենալու, դեռ դպրոցներում ապագայ զօրակոչիկներին ծառայութեան պատրաստելու, եւ բազմաթիւ այլ միջոցների համար, որոնք կիրառելով, Իսրայէլի բանակը կարողացաւ հասնել ցանկալի արդիւնքի։ Այս նպատակով, բանակի ֆինանսաւորումը պէտք է նպատակային աւելացնել, բարձրացնել սպայական մասնագիտութեան յարգը հասարակութեան մէջ, եւ ներգրաւել երկրի լաւագոյն մասնագիտական ռեսուրսները առկայ խնդիրների լուծման մէջ, առաւել եւս, որ այդ միջոցները հիմա բիւջէում կան։

Անցեալ տարի, կառավարութիւնը հրաժարւեց աւելացնել 2020 թ. պաշտպանական ծախսերը, պատճառաբանելով, թէ եղածը բաւարար է, եւ որ ինքը բազմաթիւ այլ գերակայութիւններ ունի։ Սակայն մեր երեխաների կեանքից աւելի թանկ բան չկայ, եւ եթէ մենք չենք ցանկանում, որ այս ամէնը շարունակւի՝ բարոյալքելով բանակը եւ հասարակութիւնը, սա պէտք է դառնայ նաեւ կառավարութեան առաջնային գերակայութիւնը, եւ մենք բոլորս այսօր պէտք է պահանջատէր դառնանք այս թնջուկի իրական լուծման համար»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։