Հա

Քաղաքական

25/02/2020 - 11:50

«Դիւանագիտական ապտակ՝ Վատիկանից». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. «Հայաստանն աստիճանաբար սկսում է զգալ յեղափոխութիւնից յետոյ դիւանագիտական կորպուսում կատարւած կադրային փոփոխութիւնների բացասական հետեւանքները: Շաբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի Վատիկան կատարած այցը, բարձր մակարդակի հանդիպումները մեր երկրի դիրքերի թուլացման հերթական ապացոյցն էին:

«alikonline.ir» - «Հրապարակ»-ը գրել է. «Հայաստանն աստիճանաբար սկսում է զգալ յեղափոխութիւնից յետոյ դիւանագիտական կորպուսում կատարւած կադրային փոփոխութիւնների բացասական հետեւանքները: Շաբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի Վատիկան կատարած այցը, բարձր մակարդակի հանդիպումները մեր երկրի դիրքերի թուլացման հերթական ապացոյցն էին: Ալիեւների այցն ուշագրաւ էր ոչ միայն Վատիկանի հետ Ադրբեջանի յարաբերութիւնների աննախադէպ սերտացմամբ, այլեւ Մեհրիբան Ալիեւայի՝ Հռոմի պապի կողմից Պիոս պապի ասպետական ուխտի Մեծ խաչի շքանշանով պարգեւատրւելու հանգամանքով: Իսկ այդ բարձր պարգեւը շնորհւում է ընտրեալներին՝ եկեղեցու եւ հասարակութեան կեանքի զարգացման գործում ունեցած մեծ աւանդի համար:

Եւ այս իրադարձութիւնը տեղի է ունենում այն պայմաններում, երբ հայ-վատիկանեան յարաբերութիւններն անցած երկու տարիներին զարգացման որեւէ միտում չեն գրանցել, աւելին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Իտալիա այցի ընթացքում Հռոմի պապը նրան անգամ ընդունելութեան չարժանացրեց: Փոխարէնը, իր այդ այցի ընթացքում Փաշինեանը հանդէս եկաւ «Վատիկանի պադւալների» մասին մի չմտածւած յայտարարութեամբ, որը Վատիկանին վիրաւորող ենթատեքստ ունէր եւ ուղղէած էր Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայէլ Մինասեանին, որին յաջողւել է իր պաշտօնավարման օրօք այնքան ջերմացնել հայ-վատիկանեան յարաբերութիւնները, որ ամէն տարի Հռոմի պապի գլխաւորութեամբ մի նշանակալի իրադարձութիւն էր տեղի ունենում երկու պետութիւնների միջեւ, եւ Պապն անգամ Հայաստան այցելեց ու Հայոց Ցեղասպանութեան ճանաչման կոչով հանդէս եկաւ:

Հայկական դիւանագիտութեան այս ձախողումը, անկասկած, ծանր հարւած է մեր երկրին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ի դէպ, ըստ ԱԳՆ կայքում եղած պաշտօնական տեղեկատւութեան՝ Միքայէլ Մինասեանն առաջին հայ դիւանագէտն է, որին 2016 թ. Հռոմի պապը շնորհել է Պիոս պապի ասպետական ուխտի Մեծ խաչի շքանշան՝ հայ-վատիկանեան յարաբերութիւնների զարգացման հարցում ունեցած աւանդի համար»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։