Հա

Քաղաքական

26/02/2020 - 12:30

«Կոլցօ» օպերացիան․ ի՞նչ է պատմում Վազգէն Մանուկեանը

Ankakh.com-ը զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախկին նախագահ, Հայաստանի Գերագոյն խորհրդի պատգամաւոր, ՀՀ նախկին վարչապետ Վազգէն Մանուկեանի հետ՝ անդրադառնալով «Օղակ» («Կոլցօ») գործողութեանը, որը 1991 թւականին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում գտնւող մի շարք հայաբնակ գիւղերի բռնի հայաթափումն էր ԽՍՀՄ ԶՈՒ-ի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից՝ էթնիկ զտման նպատակով:

«alikonline.ir» - Ankakh.com-ը զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախկին նախագահ, Հայաստանի Գերագոյն խորհրդի պատգամաւոր, ՀՀ նախկին վարչապետ Վազգէն Մանուկեանի հետ՝ անդրադառնալով «Օղակ» («Կոլցօ») գործողութեանը, որը 1991 թւականին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում գտնւող մի շարք հայաբնակ գիւղերի բռնի հայաթափումն էր ԽՍՀՄ ԶՈՒ-ի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից՝ էթնիկ զտման նպատակով:

 

- «Պարոն Մանուկեան, օրերս համացանցում ակտիւացել են Գետաշէնի, «Օղակ» գործողութեան հետ կապւած դէպքերը։ Դուք այդ ժամանակ Հայաստանի Հանրապետութեան վարչապետն էիք, ի՞նչ կարող էք յիշել, ի՞նչ էր իրականում կատարւում եւ արդյո՞ք հնարաւոր էր խուսափել ցաւալի կորուստներից։

- 1991 թւականին Խորհրդային Միութիւնում ստեղծւել էր շատ լարւած իրավիճակ, եւ զգացւում էր, որ միութիւնը փլուզման շեմին է կանգնած։ Այդ պատճառով Խորհրդային միութիւնը նախաձեռնեց հանրաքւէ, որով պէտք է որոշւէր՝ Խորհրդային Միութեան ժողովուրդը կո՞ղմ է միութեան պահպանմանը, թէ ոչ։ Հայաստանը որոշեց չմասնակցել այդ հանրաքւէին, եւ ՀՀ Գերագոյն խորհուրդը որոշում ընդունեց առանձին հանրաքւէ անել եւ Հայաստանի քաղաքացիներին հարցնել՝ արդեօ՞ք համաձայն են անկախութեան, թէ ոչ։

Չնայած 1990 թւականի Գերագոյն խորհրդի ընտրութիւններից, ինքնուրոյն կառավարութիւն ստեղծելուց յետոյ մենք բաւականին անկախ էինք, բայց միեւնոյն է, դեռեւս մնում էինք Խորհրդային Միութեան կազմում։ Մեր կառավարութիւնը սերտ շփումներ ունէր Խորհրդային Միութեան ղեկավարութեան հետ։ Ոչ միայն ես, այլեւ մեր կառավարութեան անդամները գիտակցում էին, որ Խորհրդային Միութիւնը պէտք է ինչ-որ տեղ հարւածի, որ միւսներին վախեցնի։ Մենք կասկածներ ունէինք, որ այդ հարւածը կարող է ստանալ Հայաստանը։ 

Այդ ժամանակ դեռ նոր-նոր ձեւաւորւում էին զինւած ջոկատներ Արցախում, Հայաստանում ու Ադրբեջանում, եւ արդէն ընդհարումներ կային, բայց այդ ջոկատներն իրենցից դեռեւս շատ մեծ ուժ չէին ներկայացնում։

Փաստօրէն, 1991 թ. ապրիլի 30-ին սկսւեց «Օղակ» օպերացիան, որն իրականացնում էր Խորհրդային Միութեան կանոնաւոր բանակը։ Երբ այդ գործողութիւնը սկսւեց, այստեղից Արցախում կային փոքր ջոկատներ, այնտեղ էին Իգոր Մուրադեանը, Թաթուլ Կրպէեանը եւ միւս տղաները։ Մենք ուղղաթիռներով օգնութիւն էինք ուղարկում Գետաշէն։ Ես յիշում եմ, որ վերջին ուղղաթիռի պատասխանատուն, որ կարողացաւ հասնել Գետաշէն, Իւրի Մկրտումեանն էր, որը հետագայում՝ 1994-97 թւականներին, դարձաւ Հայաստանի դեսպանը Ռուսաստանում։ Յիշում եմ, Մկրտումեանը եկաւ իմ մօտ՝ որպէս վարչապետի, եւ վերջին ստացականը տւեց, որ ալիւրը տեղ է հասցրել։ 

Իրավիճակն այնպիսին էր, որ դիմադրել Խորհրդային Միութեան բանակին ուղղակի հնարաւոր չէր։ Ես այդ ժամանակ շատ սերտ յարաբերութիւններ ունէի Խորհրդային Միութեան պաշտպանութեան նախարար, մարշալ Եազովի հետ, յաճախ իրար հետ հեռախօսով խօսում էինք եւ հանդիպում, երբ ես Մոսկւայում էի լինում։ Բայց այդ օրերին զանգում էի նրան, չէր պատասխանում իմ զանգերին, ինչն աննախադէպ էր։ Ես հասկացայ, որ այդ գործողութիւնը կարգադրւած է ոչ թէ իր կողմից, այլ իրենից աւելի վեր գտնւողի, եւ քանի որ չէր կարող ոչ մի բանով մեզ օգնել, խուսափում էր խօսելուց։

Այդ ժամանակ Մոսկւայում մի խորհրդակցութիւն կար, ես գնացել էի Մոսկւա։ Ընդմիջման ժամանակ մօտեցայ Գորբաչովին եւ ասացի, որ իր հետ խօսելու բան ունեմ, որովհետեւ վտանգը ոչ միայն Գետաշէնն էր, այլ որ այդ գործողութիւնները կարող էին շարունակւել, իսկ Խորհրդային Միութեան բանակի դէմ նոյնիսկ աշխարհի ամենահզօր բանակները չէին կարող կռւել, ուր մնաց փոքր ջոկատներով մենք կարողանայինք պաշտպանւել։ Գորբաչովն ասաց, որ զանգեմ իր օգնականին, առաւօտեան հանդիպենք։ Երբ առաօտեան զանգեցի, օգնականն ասաց, որ Գորբաչովը զբաղւած է։ Հասկացայ, որ Գորբաջովը չի ուզում ինձ ընդունել։ Միանգամից զանգեցի Կրիւչկովին, որն այն ժամանակ Խորհրդային Միութեան ԿԳԲ-ի պետն էր, եւ որի հետ նոյնպէս նորմալ յարաբերութիւններ ունէի, գնացի Կրիւչկովի մօտ։ Ասեցի, որ Գորբաչովի հետ ուզում եմ հանդիպել, բայց ոնց որ թէ խուսափում է։ Նստեցինք (սովորութիւն ունէր՝ թէյ խմելով խօսում էինք), հարցրեց՝ ի՞նչն է մեզ հետաքրքրում, ինչու եմ ուզում հանդիպել։ Ընդհանրապէս, քաղաքականութեան մէջ մի այսպիսի ձեւ կայ. դիմացինդ ուղիղ չի ուզում ասել, թէ ինչ է քեզանից ակնկալում, ուզում է, որ դու քոնը առաջարկես կամ կռահես, թէ իրեն ինչն է հետաքրքիր։ Դրա համար, երբ Գորբաչովի հետ քննարկելիք հարցերի մասին Կրիւչկովի հետ խօսում էի, ոչ միայն Գետաշէնի հարցը նշեցի, այլեւ մի շարք այլ հարցեր, որոնք իրենց կը հետաքրքրէին։ Եւ երբ ասացի, որ Գորբաչովի հետ կարելի է քննարկել նաեւ մեր հանրաքւէի տեքստը, որը նրանց շատ մտահոգում էր, Կրիւչկովը միանգամից ուղիղ հեռախօսով կապւեց Գորբաչովի հետ եւ ասաց, որ Վազգէն Մանուկեանն ուզում է հանդիպել իրեն։ Գորբաչովն ինձ ընդունեց, մէկ-մէկուկէս ժամ խօսեցինք, ու հետաքրքիրն այն էր, որ հանրաքւէի տեքստի մասին բացարձակապէս խօսք չգնաց։ Դա ուղղակի բանալի էր, որ կարողանամ խօսել մեզ յուզող թեմաներից, եւ դա նաեւ ցոյց տւեց, թէ ինչն է ամենաշատը յուզում Խորհրդային Միութեան ղեկավարութեանը։

Գորբաչովի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ պատժելու նպատակով ինչ-որ յանձնարարական ես տւել զօրքերին, բայց, ասացի, դա Խորհրդային Միութեան հսկայական զօրքն է, ու եթէ այդ գործողութիւնները շարունակւեն եւս 2-3 օր, ուղղակի արիւնահեղութիւն տեղի կունենայ ամբողջ տարածքում։ Ինքն էլ իր պրետենզիաները ներկայացրեց, զգացւեց, որ իրեն շատ է մտահոգում դիսիդենտների ակտիւութիւնը Հայաստանում (Պարոյր Հայրիկըանը, միւսները), մտահոգւած էր նաեւ, որ Դաշնակցութիւնը Հայաստանում դերակատար է դառնում, զարմանալի ձեւով խօսակցութեան մէջ մի երկու անգամ նշեց, որ երբ Սպիտակի երկրաշարժի ժամանակ իր տիկնոջ հետ եկել է Գիւմրի, տիկնոջը վիրաւորել են։ Զգացւում էր, որ շատ վիրաւորւած է դրանից։ 

Չնայած այդ հանդիպման ժամանակ որեւէ պայմանաւորւածութիւն ձեռք չբերւեց, բայց այնուամենայնիւ, խօսակցութիւնը բերեց նրան, որ որոշ փափկութիւն տեղի ունենայ, եւ ամենակարեւորը՝ այդ գործողութիւնները չշարունակւեցին, որովհետեւ վտանգաւորը այդ գործողութիւնների շարունակութիւնն ու տարածումն էր միւս շրջաններում, յատկապէս Շահումեանում եւ այլն։ 

Բայց դա մեզ համար նաեւ առաջին դասերից մէկն էր, որ երբ առաջ ես գնում, երբեմն պէտք է ցցւես, երբեմն էլ յետ-յետ գնաս՝ պահպանելով նպատակներդ, որովհետեւ շատ ցցւելը կարող է քեզ վնասել։

Յիշում եմ, Շարժման ժամանակ Հայաստան էր եկել Էստոնիայի շարժման ղեկավարը՝ Սաաւիսարը (երբ Էստոնիան անկախացաւ, նա դարձաւ վարչապետ)։ «Ղարաբաղ կոմիտէի» անդամներով նրա հետ խօսում էինք, ինքը մեզ համոզում էր, որ Հայաստանը գնայ առաջ, մենք էլ իրեն համոզում էինք, որ Էստոնիան թող առաջինը գնայ, որովհետեւ հասկանում էինք, որ առաջ ընկնողն իր վրայ է վերցնում հարւածները։ 

«Կոլցօ» գործողութիւնը նաեւ ցոյց տւեց, որ մեզ հարկաւոր է կանոնաւոր, հզօր բանակ, որովհետեւ Ադրբեջանի դէմ դեռեւս կարող էինք փոքր ուժերով կռւել, բայց Խորհրդային Միութեան դէմ այդպէս կռւելն անյոյս էր։ 

Գետաշէնի դէպքերում ամենացայտուն կերպարն, իհարկէ, Թաթուլն էր, որը զոհւեց հերոսաբար։ Հիմա ես առանձին իր մասին չեմ ուզում խօսել, առիթ ունեցել եմ խօսելու, բայց նա ամենապատրաստւած, հայրենասեր, համարձակ տղամարդկանցից էր, եւ հէնց այդպիսի հերոսների շնորհիւ էր, որ մենք հետագայում կարողացանք պատերազմում յաղթել։

Բոլոր դէպքերում, իրավիճակը ճիշտ գնահատելու համար, լինի դա Գետաշէնը, թէ միւս դէպքերը, պէտք է ամբողջ իրավիճակը պատկերացնել ու հասկանալ, թէ ինչ միջավայրում էր գտնւում Խորհրդային Միութիւնը։ Այսինքն, Գետաշէնի դէպքերն ունէին իրենց տրամաբանական պատճառներն ու բացատրութիւնը, որը կապւած էր Խորհրդային Միութեան այդ ժամանակվա իրավիճակի հետ։ 

Երբ 88-ի Շարժումը սկսւեց, եւ Խորհրդային Միութեան տանկերը մտնում էին Երեւան, երիտասարդները գրքերը դրել, պառկել էին տանկերի առաջ, եւ Գորբաչովը չհամարձակւեց անել այն, ինչ Դեն Սեաոպինն արեց Չինաստանում։ Բայց դրանից յետոյ Գորբաչովը հասկացաւ, որ պէտք է պատժամիջոցներով վախեցնել եւ կասեցնել տարբեր հանրապետութիւններում ընթացքող պրոցեսները։ Եւ նման տարբեր «պատժիչ գործողութիւններ» տեղի ունեցան Խորհրդային Միութեան տարբեր քաղաքներում՝ Թբիլիսիում, Վիլնիւսում եւ այլն։ Գորբաչովը փորձում էր կանխել Խորհրդային Միութեան փլուզումը, բայց արդէն ուշ էր...»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։