Հա

Քաղաքական

08/04/2019 - 13:50

Էրդողանն ուժեղացնում է «ադրբեջանական գործօնը» Հայաստանի հետ սահմանին

Թուրքական իշխանութիւնները քրդական բնակչութեան մէջ նպատակաուղղւած աւելացնում են ադրբեջանցիների թիւը։

Թուրքիայի ղեկավարութիւնը փորձում է փոխել Հայաստանին սահմանակից Կարս եւ Իգդիր շրջանների էթնիկական կազմը:

«alikonline.ir» - Թուրքական իշխանութիւնները քրդական բնակչութեան մէջ նպատակաուղղւած աւելացնում են ադրբեջանցիների թիւը։

Թուրքիայի ղեկավարութիւնը փորձում է փոխել Հայաստանին սահմանակից Կարս եւ Իգդիր շրջանների էթնիկական կազմը: Այս մասին «Sputnik» Արմենիային հետ զրոյցում ասաց ԵՊՀ Միջազգային յարաբերութիւնների եւ դիւանագիտութեան ամբիոնի վարիչ, պատմական գիտութիւննների թեկնածու, դոցենտ Վահրամ Պետրոսեանը։

Յիշեցնենք, որ Թուրքիայում անցած կիրակի կայացան ՏԻՄ ընտրութիւններ։ Դրանց մասնակցեցին 13 քաղաքական կուսակցութիւններ։ Թէեւ առայժմ հրապարակւել են նախնական տւեալները, բայց արդէն ակնյայտ է, որ Անկարայում եւ Իզմիրում Էրդողանի իշխող Արդարութիւն եւ զարգացում կուսակցութիւնը ջախջախիչ պարտութիւն է կրել ընդդիմութիւնից։

«Էրդողանը պարտւել է խոշորագոյն քաղաքներում, բայց աւելի նշանակալի խորհրդարանական ընտրութիւններում նա յաղթել է»,- ասաց Պետրոսեանը։

Հայաստանին սահմանակից շրջաններում՝ Կարսում եւ Իգդիրում, յաղթել են քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան թեկնածուները՝ չնայած այն հանգամանքին, որ այստեղ Էրդողանի ԱԶԿ-ն դաշինքով է հանդէս եկել Ազգայնական շարժման հետ, ինչպէս նաեւ վայելել է ադրբեջանցիների աջակցութիւնը։

Ինչպէս նախկին ընտրութիւններում, Թուրքիայի իշխանութիւնները փորձել են օգտագործել ադրբեջանական գործօնը։ Քրդական մամուլում յաճախ հրապարակումներ են յայտնւում Հայաստանի հետ սահմանին ադրբեջանցիների պլանային վերաբնակեցման մասին։

«Թուրքական իշխանութիւնները հետաքրքրւած են նրանով, որ ադրբեջանցիները, որոնք ներգաղթում են երկիր, այդ թւում՝ աշխատանքի որոնումների արդիւնքում, բնակութիւն հաստատեն հէնց այդտեղ։ Նրանք բաւական ինտենսիւօրէն եւ պլանաւորւած նպաստում են Հայաստանի սահմանակից շրջաններում ադրբեջանցիների հաստատւելուն»,- նշեց Պետրոսեանը։

Ադրբեջանական գործօնը չի օգնել անցած ընտրութիւններում, բայց ամէն ինչ դրանով չի սահմանափակւում։ Իշխանութիւնները շարունակում են մեծացնել դրա դերը։ Միաժամանակ Կարսում եւ Իգդիրում էթնիկ ադրբեջանցիների թւի մասին լուրջ հետազօտութիւններ չկան։

«Սակայն թուրքական մամուլում խօսւում է այն մասին, որ նրանք կարող են զսպող գործօն դառնալ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան համար։ Նրանք պէտք է հանդէս գան որպէս Էրդողանի աջակցող ուժ»,- նշեց Պետրոսեանը։

Թուրքիայի ընտրութիւններում մեծ դեր է խաղում նաեւ Քրդստանի բանւորական կուսակցութիւնը, եթէ խօսքը քրդաբնակ շրջանների մասին է։ Իհարկէ, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութիւնը հերքում է նրանց հետ կապերը, բայց ՔԲԿ (Քրդական բանւորական կուսակցութիւն) առաջնորդները բազմիցս նշել են, որ եթէ իրենք չլինէին, ապա ԺԴԿ-ն այդքան ձայն չէր հաւաքի։

Միաժամանակ, քրդերը երբեմն անջատ են գործում։ Իրաքեան Քրդստանի անյաջողութիւնից, ինչպէս նաեւ Թուրքիայի ներսի քրդերին թուրքական իշխանութիւնների ակտիւ հարւածներից յետոյ այդ ազգութեան որոշ ներկայացուցիչներ անցել են Էրդողանի ԱԶԿ-ի կողմը։

Մի շարք դէպքերում քրդերն աջակցել են Ժողովրդահանրապետական կուսակցութեանը (քեմալիստներին)՝ որպէս չարեաց փոքրագոյն Էրդողանի դէմ պայքարում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։