Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենեակը կը համաձայնւի ազգային խորհրդարանի աշխատանքի վերականգնմանը, եթէ Գերագոյն դատարանն աջակցի Շոտլանդիայի դատարանի որոշմանը, որը երէկ որոշել է, որ օրէնսդիր մարմնի գործունէութեան դադարեցումը անօրինական էր:
«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենեակը կը համաձայնւի ազգային խորհրդարանի աշխատանքի վերականգնմանը, եթէ Գերագոյն դատարանն աջակցի Շոտլանդիայի դատարանի որոշմանը, որը երէկ որոշել է, որ օրէնսդիր մարմնի գործունէութեան դադարեցումը անօրինական էր: Ըստ News.am-ի՝ յայտնում է The Times-ը:
«Մենք լիովին յարգում ենք դատական համակարգի անկախութիւնը»,- ասել է վարչապետի գրասենեակի պաշտօնական ներկայացուցիչը: Պարբերականը սա գնահատել է որպէս Ջոնսոնի պատրաստակամութիւն ենթարկւելու Գերագոյն դատարանի որոշմանը: Այն գործը քննելու է սեպտեմբերի 17-ին, եւ մինչեւ դա խորհրդարանը փակ կը մնայ:
Financial Times պարբերականն այս կապակցութեամբ չորեքշաբթի յայտնել էր, որ Գերագոյն դատարանի որոշման վրայ մեծ ուշադրութիւն է բեւեռւել, քանի որ դատաւորներն, ըստ էութեան, պէտք է որոշեն՝ օգոստոսի 28-ին Ջոնսոնը Էլիզաբէթ 2-րէ թագուհուն արդեօք ապատեղեկատւութի՞ւն է տւել, երբ նրանից ձեռք է բերել 5 շաբաթով խորհրդարանի աշխատանքի դադարեցման պաշտօնական հաւանութիւնը: Վարչապետն այս քայլը հիմնաւորել է տակաւին յուլիսի վերջին ձեւաւորւած նոր կառավարութեան գործունէութեան ծրագրի մշակման անհրաժեշտութեամբ: Ջոնսոնը հերքել է պնդումները, թէ այս քայլն ուղղւած է պատգամաւորներին խանգարելուն արգելափակել Եւրոմիութիւնից երկրի դուրս գալը առանց Brexit-ի պայմանների համաձայնագրի:
Շոտլանդիայի վերաքննիչ դատարանը, սակայն, չորեքշաբթի հակառակն է որոշել՝ այդ քայլում տեսնելով Ջոնսոնի մտադրութիւնը Brexit-ի ընթացքը որոշել առանց ժողովրդի ընտրեալների մասնակցութեան: Դատաւորները խորհրդարանի աշխատանքի դադարեցումն անւանել են «անօրինական, հետեւաբար անվաւեր եւ իրաւաբանական ուժ չունեցող»: