Print this page
17/09/2019 - 08:55

Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան պատրաստ են միաւորել ջանքերը Սիրիայում կայունութիւն ապահովելու նպատակով

Աստանայի գործընթացի շրջանակում, երէկ՝ սեպտեմբերի 16-ին Անկարայում կայացած Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ ձեւաչափով 5-րդ հանդիպման աւարտին, կողմերը հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ:

«alikonline.ir» - Աստանայի գործընթացի շրջանակում, երէկ՝ սեպտեմբերի 16-ին Անկարայում կայացած Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ ձեւաչափով 5-րդ հանդիպման աւարտին, կողմերը հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Կողմերը քննարկել են Սիրիայի հիւսիս-արեւելքում տիրող իրավիճակը, շեշտել, որ այդ շրջանում կայունութեան եւ անվտանգութեան հնարաւոր է հասնել միայն Սիրիայի ինքնիշխանութեանեւ տարածքային ամբողջականութեան նկատմամբ յարգանքի հիման վրայ: Երեք երկրների առաջնորդները պայմանաւորւել են այդ նպատակով միաւորել իրենց ջանքերը»,- նշւած է յայտարարութեան տեքստում:

Երեք երկրների ղեկավարները յատուկ ընդգծել են, որ անընդունելի են համարում Սիրիայում, ահաբեկչութեան դէմ պայքարի պատրւակով նոր իրողութիւններ ստեղծելու բոլոր փորձերը, ներառեալ՝ անօրինական ինքնակառավարման նախաձեռնութիւնները:

Երեք երկրներն իրենց վճռականութիւնն են յայտնել դիմակայելու Սիրիայի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը խաթարող ծրագրերին:

Բացի այդ, Ռոհանին, Պուտինը եւ Էրդողանը մանրամասնօրէն դիտարկել են Իդլիբի ապառազմականացած գօտում տիրող իրավիճակը եւ մտահոգութիւն են արտայայտել այդ գօտում հումանիտար իրավիճակի վատթարացման հնարաւորութեան վերաբերեալ: Նրանք պայմանաւորւել են ձեռնարկել միջոցներ՝ խախտումների թիւը նւազեցնելու համար: