Հա

Քաղաքական

16/11/2019 - 09:20

Վետօ կիրառած ԱՄՆ կոնգրեսականի կապը թուրքական լոբբինգի հետ

«Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնը» ֆէյսբուքեան էջում հրապարակել է տեղեկութիւններ, որով պարզ է դառնում ԱՄՆ կոնգրեսական Լինդսի Գրահամի կապը թուրքական լոբբինգի հետ: Նշենք, որ Գրահամն այն կոնգրեսականն է, որը երկու օր առաջ Էրդողանի հետ հանդիպումից յետոյ վետօ էր դրել Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի վրայ:

«alikonline.ir» - «Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնը» ֆէյսբուքեան էջում հրապարակել է տեղեկութիւններ, որով պարզ է դառնում ԱՄՆ կոնգրեսական Լինդսի Գրահամի կապը թուրքական լոբբինգի հետ: Նշենք, որ Գրահամն այն կոնգրեսականն է, որը երկու օր առաջ Էրդողանի հետ հանդիպումից յետոյ վետօ էր դրել Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի վրայ:

«Նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի միջեւ հանդիպանը յաջորդած մամլոյ ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը յատուկ անդրադարձ կատարեց Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունւած Ցեղասպանութեան ճանաչմանը նւիրւած 296-րդ բանաձեւին, որը, ըստ Էրդողանի, «խորապէս վիրաւորել էր թուրք ազգին»: Եւ նա հաւաստիացրեց, որ այս բանաձեւը կարող է լուրջ ստւեր գցել երկու երկրների միջեւ յարաբերութիւնների վրայ, ինչի մասին նա արդէն իսկ յայտնել էր Թրամփին։ Վարչակազմի պատասխանը ուշացնել չտւեց։ Թրամփի եւ Էրդողանի միջեւ հանդիպմանը մասնակցել էին մի քանի օրէնսդիրներ, այդ թւում սենատոր Լինդսի Գրահամը, ով եւ Սենատում Ցեղասպանութեան ճանաչմանն ուղղւած 150-րդ բանաձեւի նկատմամբ վետօ կիրառեց, որի հետեւանքով բանաձեւը չմտաւ Սենատի օրակարգ։

Ուսումնասիրելով Գրահամի ֆինանսաւորման աղբիւրներն ու կապը լոբբիստների հետ կարելի է առանձնացնել մի քանի կարեւոր գործարք։ Ներկայացնում ենք միայն այն ֆինանսաւորման փաստերը, որոնք ունեն յստակ ապացոյցներ, որը սակայն միայն այսբերգի մի մասն է։

- Դեռ 2016 թ․ Գրահամին ակտիւ ֆինանսաւորում է իրականացրել Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի հօրեղբօր որդին՝ Մութլու Հալիլը (Mutlu Halil): Մութլու Հալիլը թուրք լոբբիստ է, ով եղել է Turken Foundation-ի նախագահ, իսկ այժմ հանդիսանում է Turkish American Steering Committee-ի (TASC) համանախագահ։ 2014 թ․ նա հանդիպել էր այն ժամանակ դեռ Ինդիանայի նահանգապետ, իսկ ներկայումս ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ։ Հէնց այս նահագնում է, որ թուրք լոբբիստները ակտիւ աշխատում են եւ պատահական չէ, որ Ինդիանա նահանգից էին H. Res 296-ին դէմ քւէարկած կոնգրեսականներից 4-ը (այս փաստին անդրադարձել ենք նախորդ հրապարակումներում)։ Ինչ վերաբերում է Լինդսի Գրահամին, ապա վերջինիս գումարներ փոխանցել է ոչ միայն ինքը՝ Մութլու Հալիլը, այլ նաեւ իր կինը՝ Մութլու Լին (Mutlu Lynn): Ընդհանուր առմամբ այս երկուսի կողմից փոխանցւել է 10800 դոլար: Աւելին, հէնց Մութլու Հալիլի կողմից 2019 թ․ սեպտեմբերի 30-ին 1500 դոլարի ֆինանսաւորում է տրւել H. Res․ 296-ին ձեռնպահ քւէարկած երեք թեկնածուներից մէկին՝ Իլհան Օմարին։

- 2016 թ․-ին սենատոր Լինդսի Գարահամը նաեւ ֆինանսաւորում է ստացել թուրք գործարարի Մուրատ Գուզելի (Murat Guzel) կողմից, ով գումար է փոխանցել ոչ միայն անձամբ իր անունից, այլեւ իր ընտանիքի անդամների՝ 18․900 դոլար չափով։ Այս նոյն գործարարը իրեն պատկանող ընկերութեան կողմից առաւել վաղ ֆինանսաւորել էր այլ թեկնածուների։ Մուրատ Գուզելը 2014-2015 թթ․ եղել է MUSIAD-ի հիմնադիր նախագահը, որն աջակցել է Turkish American Steering Committee-ին (TASC) պայքարելու Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դէմ։ Այժմ Մուրատ Գուզելը TASC-ի Խորհրդի հիմնադիր անդամ է։ TASC-ը եւ MUSIAD-ը ԱՄՆ-ում հիմնադրւած թուրքական կառոյցներ են, որոնք զբաղւած են հակահայկական եւ հակաքրդական լոբբինգով։ 2016 թ․ Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանը խոստացել է անձամբ աջակցել այս կառոյցներին։ Հարկ է նշել, որ Սենատում Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի վրայ վետօ դրած սենատոր Լինդսի Գրահամին ակտիւ ֆինանսաւորող Մուրատ Գուզելը ԱՄՆ-ում իր գործունէութեան մասին զեկոյցում է ոչ միայն Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի փեսայ Բերաթ Ալբայրաքին, ով նախկինում եղել է Թուրքիայի Էներգետիկայի նախարարը, իսկ այժմ զբաղեցնում է Թուրքիայի ֆինանսների նախարարի պաշտօնը, այլեւ Էրդողանի որդի Բիլար Էրդողանին եւ Էրդողանի մամլոյ խօսնակ Իբրահիմ Կալինին։

- 2019 թ․ Լինդսի Գրահամը ստացել է 5000 դոլարի ֆինանսաւորում նաեւ Turkish Coalition Northeast Political Action Committee-ի կողմից։

- Լինդսի Գրահամի հետ ակտիւ կապի մէջ են նաեւ Greenberg Traurig LLC լոբբիստական ընկերութեան ներկայացուցիչները։ Վերջինիս արդէն մի քանի տարի է, ինչ վարձել է Թուրքիան, որն էլ իր հերթին 2019 թ․ վարձել է 3 այլ կազմակերպութիւններ Թուրքիայի կառավարութեան անունից՝ ընդհանուր առմամբ վճարելով $1.538.000։ Greenberg Traurig-ը ակտիւօրէն կապ է պահպանում մի շարք կոնգրեսականների, մասնաւորապէս Լինդսի Գրահամի հետ։ Միայն 2019 թ․ Greenberg Traurig LLC ընկերութեան ներկայացուցիչները մի քանի անգամ էլեկտրոնային նամակներ են ուղղել Գրահամին եւ երկու հանդիպում ունեցել վերջինիս հետ, որի թեման, ըստ պաշտօնական տւեալների, եղել է ԱՄՆ-Թուրքիա յարաբերութիւնները»,- նշւած է Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնի հրապարակման մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։