Հա

Քաղաքական

16/10/2019 - 13:20

«Սիրիայի քրդերի դէմ թուրքական ագրեսիան, բռնութեան տարածում է՝ ահաբեկչութեան դէմ պայքարի պատրւակով». Կարէն Խանլարեան

Սա յարձակում է հարեւան երկրի տարածքային ամբողջականութեան դէմ: ԻՌՆԱ-ՊԼՈՒՍ-ի հետ զրոյցում, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանն այսպէս է բնութագրել Սիրիայի հիւսիս-արեւելեան շրջաններ Թուրքիայի ԶՈՒ-ի ներխուժումը:

«alikonline.ir» - Սա յարձակում է հարեւան երկրի տարածքային ամբողջականութեան դէմ: ԻՌՆԱ-ՊԼՈՒՍ-ի հետ զրոյցում, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանն այսպէս է բնութագրել Սիրիայի հիւսիս-արեւելեան շրջաններ Թուրքիայի ԶՈՒ-ի ներխուժումը:

«Իհարկէ, Թուրքիան այս առումով մեծ փորձ ունի, նախկինում մի քանի անգամ գրաւել է Հիւսիսային Իրաքն ու Սիրիան, այնուհետեւ դուրս բերել իր զօրքերը: Երկար տարիներ է ինչ, բռնազաւթել է Կիպրոսի հիւսիսային շրջանները եւ չի ազատում օկուպացւած տարածքները: Սա միջազգային իրաւունքի կոպիտ խախտում է»,- ասել է պատգամաւորը:

Նշելով, որ Թուրքիայի կառավարութեան պահւածքը ոչ այլ ինչ է, քան այլ երկրների ներքին գործերին միջամտելը, Կարէն Խանլարեանն ասել է. «Սա կապւած է Թուրքիայի գործող վարչակազմի պանօսմանական աշխարհայեացքի հետ: Այս տեսանկիւնից Թուրքիան իրեն պատասխանատու է համարում բոլոր այն երկրների ներքին գործերի համար, որոնք ժամանակին գտնւել են Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ: Աջակցում է այս երկրներում ահաբեկչական կառոյցներին՝ դրանց ներքին գործերին միջամտելու համար: Մօտեցում, որը տարիներ շաունակ հետապնդւում է Սիրիայում եւ Իրաքում՝ քաղաքական վերահսկողութիւն ձեռք բերելու նպատակով»:

Յիշեցնելով, որ անվտանգութեան գօտի ձեւաւորելու եւ ահաբեկչութեան դէմ պայքարի պատրւակով, Թուրքիան ռմբակոծում է հսկայական շրջան՝ դրա բնակիչների տեղահանման պատճառը դառնալով, պատգամաւորը շեշտել է. «Սա մարդու իրաւունքների խնդիր է: Իհարկէ այս երկրի պատմութեան մէջ մի քանի ցեղասպանութիւն եւ մարդկութեան դէմ յանցագործութիւն է գրանցւած, որը ցաւ է պատճառում մարդուն: Հետեւաբար, միջազգային հանրութիւնը պէտք է անյապաղ միջոցներ ձեռնարկի, այլապէս ագրեսոր այլ երկրները եւս անհրաժեշտ հիմքեր կը գտնեն նման գործողութիւնների համար»:

Ակնարկելով Սիրիայի իրադարձութիւնների վերաբերեալ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան պաշտօնեաների ճիշտ դիրքորոշմանը, դոկտ. Խանլարեանն ասել է. «Անհրաժեշտ է ջանքեր գործադրել, միջազգային համախմբում ձեւաւորելու համար, որպէսզի կանխւի այս իրավիճակի շարունակութիւնը, քանի որ Սիրիան մեր բարեկամ ու եղբայր երկիրն է, եւ պէտք է աւելի զգօն լինել նրա նկատմամբ»:

Արձագանքելով այն տեսակէտին, որը Սիրիայի քրդաբնակ շրջաններ Թուրքիայի ներխուժումը պայմանաւորում է տնտեսական շահերով, պատգամաւորն ասել է. «Այո, իհարկէ, դա նաեւ որոշակի տնտեսական հիմնաւորում ունի, սակայն, իմ կարծիքով, Թուրքիայի կառավարութեան հիմնական շարժառիթներն աշխարհաքաղաքական խնդիրներն են, Թուրքիան ցանկանում է վերաձեւել տարածաշրջանի քաղաքական քարտէզն իր շահերից ելնելով, ինչն էլ չափազանց վտանգաւոր է տարածաշրջանի համար: Քանի որ Սիրիան դեռեւս ներքաշւած է ներքին հարցերում, թւում է, թէ Թուրքիան փորձում է այդ փաստն օգտագործել ի շահ իրեն»:

Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը նշելով, որ բարեբախտաբար տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թւում՝ արաբական երկրները դատապարտել են Թուրքիայի գործողութիւնները, շեշտել է. «Իհարկէ, կարծում եմ, որ չպէտք է բաւարարւել միայն դրանով, բոլոր երկրները պէտք է միջազգայնօրէն ձեռնարկեն իրաւական գործողութիւններ, որպէսզի Թուրքիան ստիպւած լինի դուրս գալ գրաւեալ տարածքներից եւ վերադառնայ իր սահմաններ»:

Իրանի համար առկայ իրավիճակի հնարաւոր հետեւանքների մասին, Կարէն Խանլարեանն ասել է. «Թուրքիան, Իրանը եւ Ռուսաստանը մի քանի տարի է, ինչ միասին աշխատում են Սիրիայում խաղաղութեան գործընթացն առաջ տանելու ուղղութեամբ, եւ այժմ այս երկրներից մէկը խախտել է իր ստանձնած պարտաւորութիւնները: Հիմա, երբ վտանգւած է մեր բարեկամ երկրի ազգային շահերը, ուստի մենք պէտք է հակազդենք նման ագրեսիային եւ ուխտադրժութեանը, քանի որ այս իրավիճակի շարունակումը վտանգում է տարածաշրջանում խաղաղութեան գործընթացը: Վերջին տարիներին ջանքերի մեծ մասը կենտրոնացած է եղել տարածաշրջանում խաղաղութեան հաստատման վրայ, եւ մենք պայքարել ու վերացրել ենք ահաբեկչութիւնը տարածաշրջանում: Այժմ, թւում է, թէ ահաբեկչական կառոյցների վերացումով, տարածաշրջանի վրայ ճնշում բանեցնելու նպատակով, Էրդողանն անձամբ է գործի անցել, եւ այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ է դիմակայել, քանի որ այդ երկիրը յանձնառու է Սիրիայի վերականգնման եւ խաղաղութեան հաստատման համար: Այն ինչը, որ տեղի է ունենում բռնութեան եւ դաժանութեան խթանումն ու տարածումն է, որն իրականացւում է ահաբեկչութեան դէմ պայքարի անւան ներքոյ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։