Հա

Քաղաքական

21/12/2019 - 12:00

«Չպէտք է թոյլ տանք երրորդ երկիրը խանգարի Իրան-Ճապոնիա յարաբերութիւնները». Հանրապետութեան նախագահ

Ճապոնիա կատարած պաշտօնական այցի ընթացքում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հանդիպել է այդ երկրի կառավարական եւ ոչ կառավարական հատւածների մի խումբ բարձրաստիճան պաշտօնեաների հետ:

«alikonline.ir» - Ճապոնիա կատարած պաշտօնական այցի ընթացքում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հանդիպել է այդ երկրի կառավարական եւ ոչ կառավարական հատւածների մի խումբ բարձրաստիճան պաշտօնեաների հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում դոկտ. Ռոհանին նշելով, որ Իրանի դռները մշտապէս բաց են Ճապոնիայի կառավարութեան եւ ճապոնական ընկերութիւնների դիմաց, ասել է, որ երկու բարեկամ երկրները չպէտք է թոյլ տան, որ երրորդ երկիրը միջամտի նրանց յարաբերութիւններին:

«Մեծ նշանակութիւն ենք տալիս Իրան-Ճապոնիա յարաբերութիւններին, քանի որ առաջին հերթին Իրանը եւ Ճապոնիան կարեւոր եւ ազդեցիկ երկրներ են Ասիայում եւ աշխարհում: Երկրորդը, երկու երկրների յարաբերութիւնների համար շատ լաւ հնարաւորութիւններ կան, որոնք օգուտ կը բերեն երկու կողմերին: Երրորդը, իրանական եւ ճապոնական ժողովրդները վաղուց միմեանց հետ բարեկամական յարաբերութիւններ են կառուցել, եւ երկու երկրների միջեւ առեւտրային յարաբերութիւններն աւելի քան հազար տարւայ անցեալ ունեն»,- ասել է նախագահը՝ յաւելելով, որ վերջին տարիների ընթացքում վարչապետ Աբէի հետ կայացած 12 հանդիպումները, վկայում են այն մասին, որ երկու երկրների մօտ առկայ է քաղաքական կամք՝ յարաբերութիւնների զարգացման համար:

Ըստ նրա՝ երկկողմ յարաբերութիւնների միակ խոչընդոտն ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցներն են, որոնք հակասում են միջազգային իրաւունքին եւ ՄԱԿ-ի 2231 բանաձեւին:

Անդրադառնալով երկու երկրների առեւտրատնտեսական յարաբերութիւններին, Հանրապետութեան նախագահը նշել է, որ ճապոնական ընկերութիւններն Իրանում բարի համբաւ են վայելում, եւ իրանցիները վստահում են ճապոնական արդիւնաբերութեանը եւ ընկերութիւններին:

«Կարող ենք համագործակցել ենթակառուցւածքների, բնապահպանութեան, մարդկային ռեսուրսների, սննդի եւ դեղամիջոցների բնագաւառներում: Ճապոնական ընկերութիւնները կարող են ներդրումներ կատարել Իրանում, եւ մենք կարող ենք նրանց տրամադրել անհրաժեշտ երաշխիքները»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յիշեցնելով, որ ճապոնական ընկերութիւնները մի քանի խոշոր նախագծեր են իրականացրել Իրանում, եւ այժմ էլ կան մի քանի նախագծեր, որնք կարող են իրականացւել այդ ընկերութիւնների միջոցով:

Նախագահը յոյս է յայտնել որ Ճապոնիայի կառավարութիւնը եւ մասնաւոր հատւածը ջանք չեն խնայի Իրանի հետ յարաբերութիւնների ընդլայնման ուղղութեամբ:

Այդ շրջանակում նա յատկապէս կարեւորել է ճապոնական բանկերում Իրանի սառեցւած ակտիւների ապասառեցումը, որը ըստ նրա՝ մեծապէս կարող է նպաստել երկկողմ յարաբերութիւնների ակտիւացմանը:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։