Հա

Քաղաքական

08/01/2020 - 13:26

«ԱՄՆ-ի վնասակար ներկայութիւնը տարածաշրջանում պէտք է աւարտւի». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

1356 թւականի դէյի 19-ի Ղոմի ժողովրդի պատմական ընդվզման առիթով, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին հանդիպել է Ղոմի հազարաւոր քաղաքացիների հետ:

«alikonline.ir» - 1356 թւականի դէյի 19-ի Ղոմի ժողովրդի պատմական ընդվզման առիթով, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին հանդիպել է Ղոմի հազարաւոր քաղաքացիների հետ:

Իր ելոյթում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը Ղոմի 1356 թւականի դէյի 19-ի համաժողովրդական ընդվզման, դրա պատմական նշանակութեան եւ կարեւորութեան մասին անդրադարձից բացի, յատուկ կենտրոնացել է վերջին օրերի իրադարձութիւնների վրայ:

Անդրադառնալով գեներալ Ղասեմ Սոլէյմանիի կերպարին, նրա՝ որպէս լեգենդար զօրահրամանատարի եւ գաղափարական հաւատաւոր մարտիկի առանձնայատկութիւններին, այաթ. Խամենէին ասել է. «Նրա բոլոր գործողութիւնները հիմնւած էին տրամաբանութեան վրայ: Նրա քաջութիւնն ու հնարամտութիւնը չէր սահմանափակւում միայն ռազմական ասպարէզով, նա այդպիսին էր նաեւ քաղաքականութեան ոլորտում: Ես բազմիցս քաղաքականութեան ոլորտում ակտիւ մեր ընկերներին խորհուրդ եմ տւել հետեւել նրա պահւածքին եւ գործողութիւններին»:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն աւելացրել է, որ նահատակ Սոլէյմանին համարձակ եւ հնարամիտ էր նաեւ քաղաքականութեան ասպարէզում, եւ նրա խօսքը հատու էր եւ համոզիչ:

«Ներքաղաքական ասպարէզում, նա հեռու էր կուսակցական եւ հատւածային մօտեցումներից, բայց, միեւնոյն ժամանակ, նա կատարեալ յեղափոխական էր: Յեղափոխութիւնը եւ յեղափոխականութիւնը նրա վերջնական կարմիր գծերն էին: Ոմանք չփորձեն այս փաստը խամրած ներկայացնել: Նա միահիւսւած էր յեղափոխութեան հետ: Նա դէմ էր կուսակցական եւ հատւածային բաժանումներին, եւ խստօրէն հաւատարիմ էր յեղափոխութեանը եւ հանգուցեալ Էմամի լուսաւոր ուղղութեանը»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Այաթ. Խամենէին յատուկ ընդգծել է, որ գեներալ Սոլէյմանիի հնարամտութեան եւ ջանքերի շնորհիւ է հնարաւոր դարձել չէզոքացնել տարածաշրջանի վերաբերեալ ԱՄՆ-ի մի շարք չարամիտ եւ խիստ վտանգաւոր նախագծերը, մասնաւորապէս՝ Իրաքի, Լիբանանի եւ դիմադրութեան շարժման հետ կապւած:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադարձել է նաեւ մեր անելիքներին եւ պարտականութիւններին. «Վրէժի հարցը մէկ այլ թեմա է: Գիշերը շառաչուն ապտակ հասցրեցինք նրանց: Նման ռազմական գործողութիւններն ինքնին բաւարար չեն: Անհրաժեշտ է վերջ տալ ԱՄՆ-ի վնասակար ներկայութեանը տարածաշրջանում: Նրանք տարածաշրջանին բերել են պատերազմ, խառնակութիւն, աւերածութիւն եւ ենթակառուցւածքների ոչնչացում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ տարածաշրջանի համար անընդունելի է ամերիկացիների ներկայութիւնը:

«Իսլամական Հանարպետութեան եւ ժողովրդի պարտականութիւնն է ճանաչել թշնամուն: Չի կարելի սխալւել թշնամուն ճանաչելիս: Չպէտք է ասել, թէ գիտենք այդ մասին: Թշնամին միջազգային ամբողջատիրութիւնը եւ ԱՄՆ-ն է: Բայց մեծ ջանքեր են գործադրւում այդ փաստն աղաւաղելու, եւ քարոզչական բարդ հնարքներով մարդկանց միտքը փոխելու համար»,- յստակեցրել է յեղափոխութեան առաջնորդը:

Յաջորդ կարեւոր թեման ըստ այաթ. Խամենէիի՝ թշնամու ծրագրերին ծանօթ լինելն է, իմանալ, թէ ինչ է անում եւ ինչ նպատակ է հետապնդում թշնամին, որից յետոյ անհրաժեշտ է մշակել դրանք չէզոքացնելու միջոցները:

«Մենք ապաւինում ենք ժողովրդին: Իսլամական Հանրապետութիւնը ոչինչ է առանց ժողովրդի օգնութեան, աջակցութեան եւ դրական ձայների: Ժողովուրդը պէտք է ճանաչի թշնամուն, իմանայ նրա գործելաոճը, եւ դրանց դիմակայելու միջոցները»,- ասել է յեղափոխութեան առաջնորդը՝ յաւելելով. «Բարեբախտաբար, այսօր երկրում քիչ չեն քաջ եւ հնարամիտ անձնաւորութիւնները: Բոլոր ասպարէզներում կան նման անձինք, որոնց անհրաժեշտ է լսել, եւ կատարել նրանց խորհուրդները»:

Այաթ. Խամենէին կրկին կարեւորել է թշնամուն ճանաչելու, եւ նրան հաւաստանշելու անհրաժեշտութիւնը. «Տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս, ցանկացած կառավարութիւն, որը կը խօսի մեր դէմ, քանի դեռ թշնամական քայլեր չի ձեռնարկել Իրանի նկատմամբ, մենք նրան թշնամի չենք համարի»,- յստակեցրել է նա՝ յիշեցնելով, որ թշնամին ԱՄՆ-ն է, սիոնիստական վարչակազմը եւ ամբողջատիրական համակարգը:

«Բոլորս պէտք է գիտակցենք, թշնամիների իմ մատնանշած ճակատի թշնամանքը սեզոնային եւ անցողիկ չէ: Սա բնածին եւ մշտական թշնամանք է, եւ նրանք կը հարւածեն, երբ կարողանան: Նրանց դիմակայելու համար անհրաժեշտ է հզօրանանք ռազմական, անվտանգային, քաղաքական, տնտեսական, եւ ամենատարբեր առումներով, որպէսզի թշնամին չկարողանայ հարւածել մեզ»,- եզրափակել է այաթ. Խամենէին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։