Հա

Քաղաքական

08/01/2020 - 14:50

«Ամերիկացիները չեն կարող խուսափել գեներալ Սոլէյմանիի սպանութեան հետեւանքներից». Հանրապետութեան նախագահ

ԱՄՆ-ը չի կարող խուսափել իր ահաբեկչական գործողութեան հետեւանքներից, եւ միանշանակ պատասխան է տալու դրա համար: Այս մասին, այսօր՝ յունւարի 8-ին, կառավարութեան նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - ԱՄՆ-ը չի կարող խուսափել իր ահաբեկչական գործողութեան հետեւանքներից, եւ միանշանակ պատասխան է տալու դրա համար: Այս մասին, այսօր՝ յունւարի 8-ին, կառավարութեան նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Նշելով, որ անցեալ շաբաթւայ ընթացքում Իրանում, տարածաշրջանում, եւ միջազգային ասպարէզում կարեւոր իրադարձութիւնների ականատեսն ենք եղել, նախագահը յիշեցրել է, որ ԱՄՆ-ը խախտելով միջազգային իրաւունքը պատերազմական յանցագործութեան եւ ահաբեկչութեան հեղինակ է դարձել՝ սպանելով Իրանի բարձրաստիճան եւ մեծ զօրահրամանատարներից մէկին, որն Իրաքի կառավարութեան եւ ժողովրդի հիւրն էր:

Ըստ նրա՝ այդ յանցագործութիւնը յստակ նպատակներ էր հետապնդում. «Նրանք ձգտում էին պառակտում ստեղծել Իրանում, տարածաշրջանային մակարդակով ստեղծել վախի մթնոլորտ, խզում առաջացնել Իրաքի կառավարութեան, ժողովրդի եւ Իրանի միջեւ, ազդել տարածաշրջանային զարգացումների, ինչպէս նաեւ՝ տարածաշրջանն ահաբեկիչներից եւ միջամտութիւններից ամբողջովին ազատագրելու գործողութիւնների վրայ, որոնք, բարեբախտաբար, ձախողւեցին»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով, որ այդ սադրանքը կարող էր հետապնդել նաեւ ներքաղաքական նպատակներ, որոնք, ըստ նրա՝ նոյնպէս կը չէզոքացւեն ամերիկեան ժողովրդի եւ միջազգային հանրութեան  զգօնութեան արդիւնքում:

Նա գեներալ Սոլէյմանիի թաղման եւ յուղարկաւորութեան արարողութիւնը հրաշքի պէս երեւոյթ է անւանել՝ նշելով, որ պատմութեան մէջ նման մասշտաբի յուղարկաւորութեան արարողութիւն չի յիշատակւում, որը Բաղդադից, Քերբելայից, Նաջաֆից ձգւում էր մինչ Խուզեստան, Մաշհադ, Թեհրան, Ղոմ եւ Քերման:

«Գեներալ Սոլէյմանին ոչ միայն ռազմական հրամանատար էր, այլեւ քաղաքական գործիչ էր, ստրատեգ, եւ կարող անձնաւորութիւն՝ տարբեր կուսակցութիւնների, խմբաւորումների, տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային բարձրաստիճան պաշտօնեանների հետ քաղաքական բանակցութիւններում: Նա չափազանց խելացի անձնաւորութիւն էր, եւ, սովորաբար, նրա ծրագրերն ու կանխատեսումները ճշգրիտ էին»,- ասել է Հանրապետութեան նախագահը:

Դոկտ. Ռոհանին նշել է, որ սպանելով գեներալ Սոլէյմանիին, ամերիկացիները պատմական սխալ թոյլ տւեցին, քանի որ նա տարածաշրջանի ամենաչափաւոր զօրահրամանատարներից մէկն էր: Ըստ նրա՝ ցանկութեան դէպքում, գեներալ Սոլէյմանին ցանկացած պահի հնարաւորութիւն ունէր վերացնելու տարածաշրջանում ներկայ ԱՄՆ զօրահրամանատարներին, սակայն, երբեք նման քայլի չդիմեց:

«Գեներալ Սոլէյմանիի նպատակն Իրանի անվտանգութեան եւ տարածաշրջանի կայունութեան ապահովումն էր: Նա ձգտում էր Ղոդսի եւ տարածաշրջանի ժողովրդների ազատագրմանը: Նա երազում էր տարածաշրջանային անվտանգութիւնը տարածաշրջանի երկրների միջոցով ապահովելու մասին»,- ասել է Նախագահը:

Դոկտ. Ռոհանին յստակեցրել է, որ ԱՄՆ-ը չի կարող խուսափել իր յանցաւոր արարքի հետեւանքներից:

«Գեներալ Սոլէյմանիի նահատակութիւնը մեզ պատմական հնարաւորութիւն ընձեռեց: Ի յարգանք նրա՝ բոլորը համախմբւեցին եւ միաւորւեցին, եւ աղօթքը, որը յեղափոխութեան առաջնորդը կատարեց նրա, եւ նրա զինակիցների դագաղների առջեւ, նոյնպէս պատմական եւ մնայուն դարձաւ՝ ի ցոյց դնելով առաջնորդի եւ ողջ ժողովրդի զայրոյթը ամերիկացիների իրականացրած յանցագործութեան նկատմամբ»,- եզրափակել է նախագահը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։