Հա

Քաղաքական

12/01/2020 - 14:50

«Իր նահատակութեամբ՝ գեներալ Սոլէյմանին ամրապնդեց եւ խորացրեց ազգային համախմբւածութիւնը». Կարէն Խանլարեան

Այսօր՝ յունւարի 12-ին, Իսլ. խորհրդարանի հերթական նիստի ընթացքում ելոյթով է հանդէս եկել Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

«alikonline.ir» - Այսօր՝ յունւարի 12-ին, Իսլ. խորհրդարանի հերթական նիստի ընթացքում ելոյթով է հանդէս եկել Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

Իր ելոյթի սկզբում, պատգամաւորը ցաւակցել է բոլորին՝ գեներալ Սոլէյմանիի նահատակութեան, եւ ուկրայինական ինքնաթիռի աղէտի առիթով:

Անդրադառնալով լեգենդար զօրահրամանատարի նահատակութեանը, դոկտ. Կարէն Խանլարեանն ասել է. «Գեներալ Ղասեմ Սոլէյմանիի ահաբեկմամբ, Միացեալ Նահանգները փորձում է իրականացնել իր եւ սիոնիստական վարչակազմի ռազմավարական նկրտումները, որը ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում խաղաղութեան գործընթացի տապալումը, եւ ահաբեկչութեան ախտի եւ ծայրայեղականութեան դէմ պայքարող իրական ուժի՝ դիմադրութեան առանցքի թուլացումը»:

Պատգամաւորը յատուկ ընդգծել է, որ գեներալ Սոլէյմանին իր բացառիկ գործունէութեան շնորհիւ տարածաշրջանի բոլոր ժողովրդներին՝ շիաներին եւ սունիներին, հայերին եւ ասորիներին, ալաւիներին եւ եզդիներին պարգեւեց խաղաղութիւն, եւ նրանց համախմբեց դիմադրութեան առանցքի շուրջ:

Կարէն Խանլարեանը յիշել է մի դրւագ, երբ Երեւանում հանդիպել է Հալէպի ինքնապաշտպանական մարտերին մասնակցած մի խումբ սիրիահայերի, որոնք խնդրել են իրենց ողջոյնի խօսքերը փոխանցել գեներալ Սոլէյմանիին՝ շեշտելով, որ գեներալը բազմիցս փրկել է սիրիահայութեանը ԴԱԷՇ-ի եւ «Ջեբհաթ ալ Նուսրա»-ի արհաւիրքից:

«Առաջին իսկ առիթով, երբ ես գեներալին փոխանցեցի սիրիահայ երիտասարդների ողջոյնը, նրա գոհունակութեան հայրական ժպիտը վկայում էր մարդկային արժանապատւութեան պաշտպանութեան Աստւածային պատւիրանի մասին»,- նշել է Խանլարեանը:

«Իր նահատակութեամբ՝ գեներալ Սոլէյմանին ամրապնդեց եւ խորացրեց ազգային համախմբւածութիւնը»,- ընդգծել է պատգամաւորը՝ նշելով, որ դա մեծ մարդկանց մօտ ի պահ դրւած Աստւածային պարգեւ է:

Նա շեշտել է, որ եթէ այս ոճրագործութիւնից յետոյ, ԱՄՆ-ը չստանայ համաչափ եւ համարժէք պատասխան, անկասկած, միջազգային յարաբերութիւններում տարածում կը գտնի զոռբայութեան եւ պետական ահաբեկչութեան նոր տեսակ, որը կը խաթարի ազգերի ինքնորոշման իրաւունքը եւ խաղաղ գոյակցութեան սկզբունքը:

Այդ տեսանկիւնից պատգամաւորը կարեւորել է Պահակազօրի կողմից Իրաքում ամերիկեան ռազմաբազայի թիրախաւորումը, եւ երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեանը կոչ է արել առաջնորդւելով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի իմաստուն ցուցմունքներով, քայլեր ձեռնարկի գեներալ Սոլէյմանիի սպանութեան կապակցութեամբ ԱՄՆ-ին պատժելու համար:

Առիթն օգտագործելով, դոկտ. Կարէն Խանլարեանն անդարադարձել է Իրանի Սահմանադրական յեղափոխութեան առաջամարտիկներից մէկի՝ Սաթար խանի մահւան 105-ամեակին, եւ այդ առիթով ցաւակցել է ադրբեջանցի հայրենակիցներին:

Նա նշել է, որ Սաթար խանի, Եփրեմ խանի, եւ բազմաթիւ նման ազատամարտիկների ջանքերի եւ զոհողութիւնների շնորհիւ է իրանական հայրենիքում բեղմնաւորւել ազատութեան եւ ժողովրդավարութեան առաջին սաղմը:

Անդրադառնալով իրանահայ համայնքին, պատգամաւորը նշել է, որ երկրի Սահմանադրութեան շրջանակում, իրանահայութիւնն օգտւում է օրէնքով սահմանւած կրօնական, մշակութային, հասարակական եւ քաղաքական ազատութիւններից:

Նա նկատել է, որ բոլոր կրօնական փոքրամասնութիւնների պէս, իրանահայութիւնը եւս ունի որոշակի տնտեսական, մշակութային եւ իրաւական խնդիրներ, որոնք, կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները փորձում են լուծել երկրի օրէնքների շրջանակում:

Նա Արեւմոտքին յորդորել է չփորձել սրտցաւ ձեւանալ եւ չարաշահել այդ խնդիրները:

«Այս Հայրենիքի սահմանները պաշտպանելու, մեր երկրի ինքնիշխանութիւնը եւ յեղափոխական արժէքները պահպանելու համար, մենք նւիրաբերել, եւ նւիրաբերելու ենք մեր արիւնը, քանի որ խորապէս հաւատում ենք, որ երկրրի տարածքային ամբողջականութեան պահպանման, ազգային համախմբւածութեան, զարգացման եւ ազգային հզօրութեան ամրապնդման համար Իրանի Իսլամական Հանրապետութեան համակարգին չկայ որեւէ այլընտրանք»,- եզափակել է դոկտ. Կարէն Խանլարեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։