Հա

Քաղաքական

25/01/2020 - 14:30

«Եւրոպայի անվերապահ հնազանդութիւնն ԱՄՆ-ին աղէտ է». Զարիֆը՝ Der Spiegel-ի հետ զրոյցում

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը բացառիկ հարցազրոյց է տւել գերմանական ծանրակշիռ Der Spiegel պարբերականին, որում մասնաւորապէս նշել է, որ Եւրոպայի անվերապահ հնազանդութիւնն ԱՄՆ-ին աղէտ է:

«alikonline.ir»- ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը բացառիկ հարցազրոյց է տւել գերմանական ծանրակշիռ Der Spiegel պարբերականին, որում մասնաւորապէս նշել է, որ Եւրոպայի անվերապահ հնազանդութիւնն ԱՄՆ-ին աղէտ է:

«Եւրոպացիներն անզօր են դիմակայելու Թրամփին, մինչ դեռ Իրանի դէմ փորձում են հզօր ձեւանալ»,- նշել է նա:

Հարցազրոյցի ընթացքում անդրադարձ է կատարւել ուկրայինական ինքնաթիռի կործանմանը: Պատասխանելով այն հարցին, թէ ինչո՞ւ դէպքից երեք օր անց միայն, Իրանը պաշտօնապէս յայտարարեց, որ ինքնաթիռը խոցւել է երկրի ԶՈՒ-ի կողմից, Զարիֆն ասել է. «Դժւարին պահեր եւ բարդ իրավիճակ էր, յաւելեալ ժամանակ էր անհրաժեշտ»:

«Մօտաւորապէս 32 տարի առաջ ԱՄՆ-ը խոցեց իրանական քաղաքացիական ինքնաթիռը, եւ մինչ այսօր պաշտօնապէս ներողութիւն չի խնդրել դրա համար, իսկ դէպքի անմիջական պատասխանատու ամերիկացի սպան էլ պարգեւատրւել է շքանշանով: Մինչ դեռ, ուկրայինական ինքնաթիռը խոցած իրանցի զինւորականը բանտարկւած է»,- նշել է նա՝ յաւելելով, որ ժողովուրդն իրաւունք ունի դժգոհելու, թէ ինչո՞ւ է ուշ տեղեկացւել եղելութեան մասին. «Դրա պատասխանատուն, սակայն, կառավարութիւնը չէր»:

Անդրադառնալով Իրան-ԱՄՆ յարաբերութիւններին, լրագրողը նշել է, որ անցեալ 40 տարիների ընթացքում դրանք թշնամական են եղել, իսկ դրանցից առնւազն 20 տարւայ ընթացքում Զարիֆն առանցքային պաշտօններ է զբաղեցրել Իրանի դիւանագիտական կորպուսում. «Երբեւէ հանդիպե՞լ էք անպիսի վտանգաւոր իրավիճակների, որոնց հետ այժմ բախւում էք»,- հարցրել է նա:

«Նախ անհրաժեշտ է մի շտկում կատարել. ես 30 տարի է, ինչ կարեւոր պաշտօններ եմ զբաղեցնում, եւ միշտ էլ բարդ է եղել: Անցեալ 40 տարիների ընթացքում մենք բազմիցս կանգնած ենք եղել պատերազմի եզրին: Այս անգամ դա յատկապէս լուրջ էր, քանի որ ԱՄՆ կառավարութիւնն ահաբեկչական գործողութիւն էր իրականացրել իրանական կառավարութեան պաշտօնեայի դէմ, եւ ընդունել էր դրա պատասխանատւութիւնը, ինչը նախկինում երբեւէ չէր արել»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը՝ յաւելելով, որ գեներալ Սոլէյմանիի սպանութիւնը սխալ հաշւարկների արդիւնք էր, քանի որ ԱՄՆ-ին թւում էր, թէ գեներալի սպանութեան արդիւնքում կարող է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում. «ԱՄՆ-ը հաստատապէս չի շահելու այս գործողութիւնից»,- շեշտել է նա:

Պատասխանելով Իրանի պատասխան գործողութիւնների մասին հարցին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ Իրանն օգտագործել է ինքնապաշտպանւելու իր իրաւունքը, եւ նպատակ չի ունեցել մարդկային կորուստներ պատճառել:

Խօսելով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ Շւէյցարիյաի դեսպանատան միջնորդութեամբ պատգամների փոխանակմանը, Զարիֆը նշել է, որ դրա նախաձեռնողն ամերիկեան կողմն էր, այն էլ չափազանց անպարկեշտ ոճով:

«Պետքարտուղար Պոմպէոն շատ լաւ դիւանագէտ չէ: Նրա պատգամը սադրիչ էր, վիրաւորական եւ սպառնալից: Ռազմական պատասխան գործողութիւնից յետոյ, մենք համարժէք պատասխան ուղարկեցինք Շւէյցարիայի դեսպանատան միջոցով՝ առանց որեւէ սադրիչ հռետորաբանութեան կամ ուժի ցուցադրման ցանկութեան: Մենք նրանց ասացինք, որ մեր գործողութիւնը կատարւած է, եւ եթէ նրանք որեւէ նոր քայլ չձեռնարկեն, մենք եւս որեւէ քայլ չենք ձեռնարկի»,- ասել է Զարիֆը:

Անդրադառնալով եւրոպական երեք երկրների կողմից Միջուկային համաձայնագրի շուրջ վէճերի լուծման մեխանիզմի ակտիւացմանը, Զարիֆը նշել է, որ նման քայլի համար եւրոպացիները չունեն իրաւական որեւէ հիմնաւորում, եւ նրանց նախազգուշացրել է, որ պէտք է պատրաստ լինեն մեծ դիմակայութեան համար:

«Եւրոպայի անվերապահ հնազանդութիւնն ԱՄՆ-ին աղէտ է: Նրանք մեզ ասում են ցաւում ենք, ոչինչ անել չենք կարող: Եւրոպացիներն անզօր են դիմակայելու Թրամփին, մինչ դեռ Իրանի դէմ փորձում են հզօր ձեւանալ»,- շեշտել է նա՝ ընդգծելով, որ ոչ բարենպաստ բոլոր հնարաւոր զարգացումների անմիջական պատասխանատւութիւնը կրելու է Եւրոպան:

Զարիֆը, սակայն, յստակեցրել է, որ NPT-ից դուրս գալու Իրանի սպառնալիքը չի նշանակում, որ Իրանը շարժւելու է միջուկային զէնք արտադրելու ուղղութեամբ:

«Միջուկային զէնք չարտադրելու մեր որոշումը պայմանաւորւած է ոչ թէ NPT-ով, այլ մեր բարոյական սկզբունքներով եւ ռազմավարական նկատառումներով»,- եզրափակել է Զարիֆը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։