Հա

Հասարակական

30/07/2019 - 08:30

«Աւրորա» մրցանակին է միանում յայտնի իրաւաբան Բենջամին Ֆերենցը

«Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը պատիւ ունի յայտարարելու, որ խաղաղութեան եւ մարդու իրաւունքների աշխարհահռչակ ակտիւիստ Բենջամին Ֆերենցը միացել է «Աւրորա» մրցանակի ընտրող յանձնաժողովին՝ որպէս պատւաւոր համանախագահ:

«alikonline.ir» - «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը պատիւ ունի յայտարարելու, որ խաղաղութեան եւ մարդու իրաւունքների աշխարհահռչակ ակտիւիստ Բենջամին Ֆերենցը միացել է «Աւրորա» մրցանակի ընտրող յանձնաժողովին՝ որպէս պատւաւոր համանախագահ: Ռումինական ծագումով ամերիկացի յայտնի իրաւաբանը երկար տարիներ պայքարել է միջազգային իրաւունքի գերակայութեան հաստատման համար, եւ հիմա նա կը դառնայ նաեւ «Աւրորա» մրցանակի դեսպանն աշխարհում:

«Չափազանց ուրախ ենք ողջունել Բենջամին Ֆերենցին՝ մարդ, որն աշխարհն աւելի լաւն է դարձրել իր պայքարով՝ արդարութիւն ապահովելով մարդկութեան դէմ իրագործւած յանցանքներից տուժածների համար: Իր գործունէութեան ընթացքում նա պաշտպանել է մարդկային արժանապատւութիւնն ու մարդկայնութիւնն՝ ընդդէմ հալածանքների եւ ցեղասպանութեան: Երջանիկ ենք, որ նա միանում է «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովին՝ որպէս պատւաւոր համանախագահ»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր եւ Նիւ Եօրքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրէգորեանը:

Բենջամին Ֆերենցը միջազգային փաստաբան է եւ մարդու իրաւունքների պաշտպան: Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների իրագործած յանցագործութիւնները հետաքննողներից մէկն էր, եւ ԱՄՆ զինւած ուժերը ներկայացնող գլխաւոր դատախազը Նիւրնբերգեան դատավարութեան ընթացքում:

1943 թ. Հարւարդի իրաւունքի դպրոցն աւարտելուց յետոյ Ֆերենցը միացաւ ԱՄՆ զինւած ուժերին եւ մեկնեց Եւրոպա, որտեղ մասնակցում էր գերմանական համակենտրոնացման ճամբարների ազատագրմանը: Սա հիմնովին փոխեց Բենջամին Ֆերենցին՝ կանխորոշելով նրա ապագայ կեանքն ու գործունէութիւնը:

Բենջամին Ֆերենցը նաեւ մշակել է եւ իրագործել նացիստական ռեժիմից տուժածների վերականգնողական ծրագիր, ու մեծ դերակատարում է ունեցել Իսրայէլի եւ Արեւմտեան Գերմանիայի միջեւ 1952 թ. ստորագրւած «Փոխհատուցման համաձայնագրի» բանակցութիւններում: Նա իր ամբողջ կեանքում պայքարել է մարդու իրաւունքների եւ համընդհանուր խաղաղութեան համար՝ միջազգային իրաւունքի գերակայութեան հաստատումը դարձնելով առաքելութիւն:

«Ես տպաւորւած եմ այն աշխատանքով, որն «Աւրորա»-ն իրականացնում է ամբողջ աշխարհում: Մենք ծառայում ենք համընդհանուր նպատակի՝ ստեղծել աւելի մարդկային հասարակութիւն, որտեղ գերակայում է օրէնքը: Ինձ համար հաճելի է ընդունել «Աւրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովին միանալու հրաւէրը՝ որպէս պատւաւոր համանախագահ: Իմ փորձից կարող եմ ասել, որ երկար ժամանակ, նւիրւածութիւն եւ ջանքեր են պահանջւում աշխարհն ու կեանքը կարեկցանքով եւ աջակցութեամբ բարելաւելու համար: Զգացւած եմ՝ դառնալով մի համայնքի անդամ, որի առաքելութիւնը հէնց այդպիսի աշխարհ ստեղծելն է»,- ասաց Բենջամին Ֆերենցը:

«Աւրորա» մրցանակի ընտրող յանձնաժողովում են երեք նոբէլեան դափնեկիրներ, պետութիւնների նախկին ղեկավարներ, բարձրաստիճան դիւանագէտներ, միջազգային հանրութեան այլ ազդեցիկ դէմքեր:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։