2018 թւականին տարբեր զինւած հակամարտութիւնների հետեւանքով զոհւած երեխաների թիւն աննախադէպ կերպով աճել է:
«alikonline.ir» - 2018 թւականին տարբեր զինւած հակամարտութիւնների հետեւանքով զոհւած երեխաների թիւն աննախադէպ կերպով աճել է: Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասւած է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի զեկոյցում:
Զեկոյցի համաձայն՝ երեխաների սպանութեան եւ հաշմանդամութեան հաստատւած դէպքերն ամբողջ աշխարհում ուսումնասիրութեան նման մեխանիզմի ստեղծումից ի վեր ռեկորդային մակարդակի են հասել:
Աֆղանստանում երեխաների շրջանում տուժածների թիւն ամենաբարձրն է եղել՝ 3062: Սիրիայի զինւած հակամարտութեան ժամանակ զոհւել եւ վիրաւորւել է 1854, Եմէնում՝ 1689 երեխայ:
Սոմալին շարունակում է մնալ երեխաներին զինւած հակամարտութիւնների մէջ ներգրաւելու առումով առաջին երկիրը:
2018 թ.-ին գրանցւել է երեխաների նկատմամբ սեռական բռնութիւնների 933 հաստատւած դէպք, որոնցից 331-ը՝ Սոմալիում, 277-ը՝ Կոնգոյում:
Անցած տարւայ կտրւածքով աշխարհում առեւանգւել է 2490 երեխայ: Դէպքերի մեծ մասը տեղի է ունեցել աֆրիկեան երկրներում՝ Սոմալիում, Նիգերիայում, Հարաւային Սուդանում, Սիրիայում, Սուդանում: