Հա

Հասարակական

12/11/2019 - 15:50

«Իրանի պառլամենտում կրօնական փոքրամասնութիւնները» գրքի քննարկումը

Երէկ, նոյեմբերի 11-ի երեկոյեան, Թեհրանում «Սարայէ ղալամ» կոչւող կենտրոնում քննարկւեց «Իրանի պառլամենտում կրօնական փոքրամասնութիւններ» խորագրով գիրքը, որի հեղինակն է Իսլ. խորհրդարանի գրադարանի խորհրդարանական ուսումնասիրութիւնների խմբի քարտուղար Մանուչեհր Նազարին:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Երէկ, նոյեմբերի 11-ի երեկոյեան, Թեհրանում «Սարայէ ղալամ» կոչւող կենտրոնում քննարկւեց «Իրանի պառլամենտում կրօնական փոքրամասնութիւններ» խորագրով գիրքը, որի հեղինակն է Իսլ. խորհրդարանի գրադարանի խորհրդարանական ուսումնասիրութիւնների խմբի քարտուղար Մանուչեհր Նազարին:

Գրքի քննարկմանը մասնակցեցին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, դոկտ. Հաբիբօլլահ Էսմայիլին, դոկտ. Ղորբանալի Քենարուդին եւ գրքի հեղինակ Մանուչեհր Նազարին, ով ներկայացրեց գիրքը:

Գիրքը բաղկացած է երեք գլուխներից: Առաջին գլխում տեղեկութիւններ են փոխանցւել միջազգային փաստաթղթերում կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների, ընտրութիւնների օրէնքի եւ Սահմանադրական օրէնքի մասին, սկսած Իրանում Սահմանադրական շարժման օրերից մինչ հիմա: Գրքի երկրորդ բաժնում ներկայացւել է Իրանում կրօնական փոքրամասնութիւններ՝ հայերի, ասորիների, զրադաշտների եւ հրեաների պատգամաւորների կենսագրական տւեալները մինչ Իրանում Իսլ. յեղափոխութիւնը:

Երրորդ գլխի տակ ներկայացւել են Իրանի Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների կենսագրական տւեալները: Գիրքը հրատարակւել է Իսլ. խորհրդարանի գրադարանի, թանգարանի եւ փաստաթղթերի կենտրոնի հրատարակչական բաժնի կողմից: Գրքի կազմի նախագծողն է Քարոլին Արմէնը:

Միջոցառման սկզբում կազմակերպիչ կենտրոնի անունից արտայայտւեց դոկտ. Քենարուդին հակիրճ բացատրութիւններ փոխանցելով գրքի մասին եւ ծանօթացնելով գիրքը ու քննարկողներին: Գրքի հեղինակը նշեց, որ գրքում ըստ փաստերի միայն տւեալներ են ներկայացւած Իրանի զանազան շրջանների խորհրդարաններում փոքրամասնութիւնների պատգամաւորների եւ նրանց աշխատանքների վերաբերեալ ու կարեւորութեամբ անդրադարձաւ այն հանգամանքին, որ իր ուսումնասիրութիւնը կապւած իրանահայ պատգամաւորներին համալրելու համար մեծապէս օգտւել է «Պայման» եռամսեայ հանդէսում տպագրւած յօդւածներից:

Միջոցառմանը դոկտ. Խանլարեանը գնահատեց գիրքը որպէս իր տեսակի մէջ առաջին մոնոգրաֆիա, որը ընդհանրապէս անդրադառնում է բոլոր կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներին: Պատգամաւորը անդրադարձաւ Իրանի Սահմանադրական շարժման տարիներին իրանահայութեան, ի մասնաւորի Եփրեմի անմնացորդ դերակատարութեանը եւ կարեւորութեամբ անդրադարձաւ այն հանգամանքներին, որոնց արդիւնքում Իրանի զանազան շրջանների խորհրդարաններում կրօնական փոքրամասնութիւնները ունեցան իրենց պատգամաւորները: Նա ընդգծեց, որ նման գրքում անհրաժեշտ էր ներկայացւէր Իրանում իւրաքանչիւր կրօնական փոքրամասնութեան կեցութեան մասին տւեալներ եւ նրանց դերակատարութիւնը Իրանի քաղաքական եւ յատկապէս արտաքին քաղաքականութեան կեանքում:

Գրքի մասին իրենց տեսակէտները եւ քննարկումները ներկայացրին դոկտ. Հաբիբօլլահ Էսմայիլին եւ Իսլ. խորհրդարանում հրեաների պատգամաւոր դոկտ. Մորեսեդեղը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։