Հա

Մարզական

10/04/2012 - 10:50

altԶրոյց՝ վաստակաւոր մարզիչ, Սարի քաղաքի լողի ընտրանին գլխաւորող Հրաչիկ Յակոբեանի հետ

Իրանահայ մարզական բեմերը հասկանալի տրամաբանութեամբ զիջում են այսօրւայ արհեստավարժ եւ շուկայական բարդ յարաբերութիւնների հետ փոխկապակցւած այլոց բեմերին: Այնպէս որ՝ իւրաքանչիւր մարզիկի ցանկութիւնը՝ կապւած մեծ բեմերի վրայ յայտնւելու հետ, եթէ ոչ միշտ, սակայն յաճախ իրականացւում է հայկական միջավայրից դուրս:
Նման յաջողութեան արդիւնքների մասին տեղեկացանք բոլորովին վերջերս, երբ խմբագրատուն այցելեց իրանահայ վաստակաւոր մարզիկ Հրաչիկ Յակոբեանը՝ ձեռքում ունենալով մարզական հաւաստագրերի ու գնահատագրերի մի ամբողջ փաթեթ:

Ծնւել է 1967 թւականին՝ Թեհրանում: Մարզանքը սկսել է թեթեւ ատլետով՝ «Էրեբունի» միութեան կազմում: Յաջողութիւններ է գրանցել Համահայկական խաղերում եւ միջնահանգային մրցաշարերում՝ նոյն թեթեւատլետի ոլորտներում:
Ամուսնանալուց յետոյ՝ հաստատւել է Սարի քաղաքում եւ զբաղւել լողով, ինչն առ այսօր նրա հիմնական մարզաձեւը լինելուց բացի՝ նաեւ արհեստավարժ մասնագիտութիւնն է:
Նշանակւել է որպէս Մազանդարան նահանգի լողորդների ընտրանի խմբի գլխաւոր մարզիչ:
Սկսենք այստեղից, որ ինչպէս կայացաւ մարզաձեւը փոխելու որոշումը:

altaltalt

Գիտէք, երբ մարզական անցեալ ունես, այն քեզ չի լքում ու մնում է կողքիդ... իսկ մարզաձեւը փոխելու մասին որոշումը կայացաւ, երբ վատառողջ էի ու բժիշկների խորհրդով սկսեցի զբաղւել լողով: Այդ ժամանակ 27 տարեկան էի: Առաջադիմութիւնս լաւ էր, մասնակցեցի մարզիչների վերապատրաստման դասընթացների եւ լողը շարունակեցի արդէն այդ ուղղութեամբ:

Ինչքա՞ն ժամանակ է, որ նշանակւել էք գլխաւոր մարզչի պաշտօնում:
Շուրջ վեց ամիս առաջ մեզ ֆեդերացիայի կողմից պաշտօնապէս յայտնեցին այդ մասին, եւ առ այսօր վարում եմ Մազանդարանի ընտրանու գլխաւոր մարզչի պաշտօնը, որտեղ միւս բոլոր մարզիչներն ուղղորդւում են այդ միջոցով:
Աւելացնեմ, որ ոչ պակաս կարեւոր է Սարի քաղաքի լողի Տեխնիկական հարցերով կոմիտէի պատասխանատու կազմում ընդգրկւած լինելուս հանգամանքը: Մի բան, որին հասնելու համար՝ Սարիում, եւ ոչ միայն, շատերն են պայքարում...

Ձեր աշակերտներից որեւէ մէկի յաջողւե՞լ է երկրի մասշտաբով պատւանդան բարձրանալ:
Այնտեղ մրցակցութիւնը շատ սեղմ է: Իսկ, այո, իմ աշակերտներից մէկին յաջողւել է երկրի ախոյեան դառնալ:

Որպէս մարզաձեւ՝ առաջին հայեացքից թւում է, թէ լողը այնքան էլ թանկ հաճոյք չէ:
Ընդհակառակը՝ լողը համարւում է թանկարժէք մարզաձեւերից մէկը, քանի որ այստեղ ե՛ւ կայ լողաւազանի վճարումների, ե՛ւ գոյքի, ե՛ւ մարզչի կամ դաստիարակի վճարումները: Մի խօսքով՝ արհեստավարժ կերպով հետեւելու համար՝ պէտք կը լինի ունենալ յարմար հովանաւորներ:
Նման դիրքերի արժանանալու գործում յաճախ մրցակցութիւնը շատ է կոշտանում: Այդպէս էր նաեւ իմ պարագայում, սակայն ինձ յաջողւեց յաղթահարել բոլոր խոչընդոտները եւ որ ամենակարեւորն է՝ նկատւել պատասխանատուների կողմից...

alt

Ինչպիսի՞ յատկութիւններ են պէտք, որպէսզի հնարաւոր լինի նման ցանկերում յայտնւել:
Գիտէք, կապ չունի, թէ ինչ դիպլոմներ էք ստացել կամ կապեր ունէք: Նախ պէտք է ունենալ լաւ վարկանիշ: Բնականաբար, վարկանիշի հետ միասին՝ ձեռք ես բերում համապատասխան դիպլոմներ ու հաւատագրեր:

Փորձե՞լ էք հայկական խմբերի կամ հայկական միջավայրի մրցաշարերի հետ համագործակցել...
Մի անգամ առաջարկել եմ համագործակցութեան պատրաստակամութիւնս՝ Համահայկական խաղերի լողի մրցոյթներում մրցավարական սխալները նւազեցնելու գծով, սակայն չի ընդառաջւել: Նոյնպէս էլ աղջիկս, որ արդէն մարզչի կոչում ունի, առաջարկել է իր աջակցութիւնը՝ «Արարատ»-ում մարզչի դերում հանդէս գալու..., մի խօսքով՝ նրանք երեւի յարմար չեն նկատել:

Խօսենք Սարի քաղաքի հայկական համայնքի մասին:
Սարիում հայկական 45 ընտանիքներ կան, նաեւ միութիւն կայ, սակայն հայկական դպրոց չունենք: Ես իմ երեխաների հետ տանն եմ հայերէն պարապել:
Ի դէպ, աւելացնեմ, որ իմ երեք երեխաներն էլ մարզիկ են, մեծ աղջիկս արդէն մարզիչ է, իսկ փոքր աղջիկս՝ Այրին Պօղոսեանը, յաջողել է նահանգային առաջնութիւնում բրոնզէ մեդալակիր դառնալ, նրան առաջարկեցին մասնակցել միջնահանգային մրցաշարի, սակայն ինքը ցանկացաւ մասնակցել միեւնոյն ժամանակ տեղի ունեցող Համահայկական խաղերին:

Ալֆրէդ Հաւանի հեղինակած «Անւանի հայ մարզիկներ» հատորում կայ Ձեր էջը:
Այդ մասին, որ նման մի հատոր կայ, ես նոր հէնց ձեզանից իմացայ:
Չգիտէի, որ նման բան կայ ու, բնականաբար, չեմ կարծում այնտեղ իմ մասին ինչ-որ տւեալներ լինեն:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։